ՌԴ ՊՆ. Իսրայելի ռազմաօդային ուժերը կրակի տակ են դրել ռուսական Ил-20-ը, որը խոցել են սիրիական ՀՕՊ ուժերը
Սիրիայի միջերկրածովյան ափին սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ռուսական Ил-20 հետախուզական ինքնաթիռը, սակայն այն «կրակի տակ են դրել» իսրայելցի օդաչուները, ովքեր հարվածներ են հասցրել Լաթաքիա նահանգում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ իսրայելական կողմի գործողությունները որակելով «թշնամական»:
Օդանավի կործանման հետևանքով զոհվել է 15 ռուս զինծառայող: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները կառավարվող ռումբերով հարվածներ են հասցրել Լաթաքիայում տեղակայված օբյեկտներին:
«Ծածկվելով ռուսական ինքնաթիռով, իսրայելցի օդաչուները սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից կրակի տակ են դրել Ил-20-ը, որը խոցվել է С-200 հրթիռային համալիրից»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ Իգոր Կոնաշենկովը:
Ըստ Կոնաշենկովի՝ Սիրիայում ռուսական զորքերի հրամանատարությանը չի ծանուցվել Իսրայելի կողմից ավիահարվածներ հասցնելու մասին: Կոնաշենկովը ընդգծում է, որ F-16-ի օդաչուները «չէին կարող չտեսնել ռուսական ինքնաթիռը, քանի որ այն վայրէջքի էր պատրաստվում 5 կմ բարձրությունից», բայց այնուամենայնիվ «միտումնավոր գնացել են այդ սադրանքին»:
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ իրենք պատասխան գործողություններ ձեռնարկելու իրավունք ունեն: Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Շերինը կոչ է արել «կոշտ և արագ» պատասխանել Իսրայելի գործողություններին: Իսրայելը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել նախօրեին ավիահարվածներ հասցնելու փաստը:
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ նախարար Սերգեյ Շոյգուն Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ հեռախոսազրույցում շեշտել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի «անպատասխանատու գործողությունների» հետևանքով զոհվել է 15 ռուս զինվորական:
Լուսանկարը՝ Dmitry Terekhov / Flickr
Մեկնաբանել