HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սպանության գործով ամբաստանյալ «Չարբախցի Գեղամի» մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել

«Լիա» գեղեցկության սրահում 2016 թվականի նոյեմբերի 14-ին տեղի ունեցած սպանության գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանն առողջական լուրջ խնդիր ունի: Այս մասին «Հետքին» ասաց Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Փաստաբանի խոսքով` Իսրայելյանը օգոստոսի 30-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է հիվանդանոց, որպեսզի շնչառական խնդիրների բուժման նպատակով վիրահատվի, սակայն վիրահատությունից առաջ անցկացվող հետազոտությունների արդյունքում նրա մոտ լուրջ առողջական խնդիր է ի հայտ եկել: Նման պայմաններում, պաշտպանի խոսքով, վիրահատությունը ցուցված չէ, և բժիշկները խորհուրդ են տվել բուժում սկսել նոր ի հայտ եկած հիվանդության դեմ: 

Դրանից հետո, ըստ Պողոսյանի, Պետրոս Իսրայելյանը չկազդուրված առողջական վիճակով նախորդ շաբաթ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Պաշտպանի խոսքով՝ իրենք դիմում են ուղարկել քրեակատարողական ծառայություն` խնդրելով քրեակատարողական հիմնարկում, Դատապարտյալների հիվանդանոցում կամ քաղաքացիական հիվանդանոցում ապահովել Պետրոս Իսրայելյանին նշանակված բուժումը, և դիմումի պատասխան առ այսօր չեն ստացել:

Այսօր Պետրոս Իսրայելյանն, ինչպես նաև սպանության գործով կալանքի տակ գտնվող մյուս ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը դատարան չէին բերվել: Դատարան չէին ներկայացել նաև գործով պաշտպանները:

Պետրոս Իսրայելյանը հրաժարվել է ուղեկցող գումարտակի հետ դատարան ներկայանալ, քանի որ տեղեկացել է, որ իր պաշտպան Միհրան Պողոսյանը ևս չի ներկայանալու, այսպիսով, դատարան չի բերվել նաև Ալիկ Բանդուրյանը, քանի որ նման պայմաններում նիստը, միևնույն է, կայանալ չէր կարող:

Նշենք, որ այս գործով արդեն երկու ամիս է` դատական նիստեր տեղի չեն ունենում: Վերջին՝ հուլիսի 17-ի նիստին դատարանը հայտարարել է դատաքննության ավարտի մասին և անցել դատական վիճաբանությունների փուլին: Այսինքն՝ հաջորդ դատական նիստին մեղադրական ճառով պետք է հանդես գա դատախազ Գևորգ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. վերջինս հիվանդանոցում մահացել է: Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:

Արմեն Լյովայի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Ըստ մեղադրանքի` Պետրոս Իսրայելյանը, նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ, խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած` Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով վերջինիս ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:

Լուսանկարում` ձախից` Ալիկ Բանդուրյանը,  աջից` Պետրոս Իսրայելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter