HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Սահակյան․ «Առողջապահության նախարարության կողմից ոչ մի գործողություն չի իրականցվել՝ աղտոտման և քաղցկեղի կապի բացահայտման համար»

Այս տարվա սեպտեմբերի 1-ից Ալավերդիում մեկնարկել է «Էկոլոգաերկրաքիմիական հետազոտությունները որպես որոշումների ընդունման հիմք` Ալավերդի քաղաքի օրինակով» ծրագիրը: Այն իրականացնում է ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը: Վերջինս ծրագիրը շահել է Գիտական կոմիտեի հայտարարած թեմատիկ մրցույթում:  

Հետազոտությունները տևելու են մինչև 2020թ.-ի օգոստոսի 31-ը: Ծրագրի պատասխանատու-կատարող էկոլոգանոոսֆերային կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լիլիթ Սահակյանի ասելով` չնայած դեռ խորհրդային տարիներից Ալավերդին առանձնանում է իր շրջակա միջավայրի խնդիրներով, սակայն այստեղ էկոլոգաերկրաքիմիական կոմպլեքս հետազոտություններ երբևէ չեն իրականացվել: «Այժմ հետազոտելու ենք հողերը, փոշին, ջուրը, գետերի հատակային նստվածքները՝ հասկանալու համար ծանր մետաղներով աղտոտման մակարդակները»,- ասաց Լիլիթը:  

Նրա խոսքով` այս հետազոտությունները չեն սահմանափակվելու միայն աղտոտման մակարդակների գնահատմամբ, այլ միջազգային ընդունված մեթոդներով գնահատվելու են բնակչության առողջական ռիսկերը, թե ինչքանով այդ աղտոտումը կարող է բերել քաղցկեղածին կամ ոչ քաղցկեղածին հիվանդությունների: Ծրագիրը դրա պատասխանը տալու է, սակայն նախագիծը լինելու է ոչ թե փաստացի հիվանդությունների, այլ հավանականության մասին: Այսինքն՝ ինչքանով է հավանական, որ մարդը իր ամբողջ կյանքի ընթացքում ապրելով աղտոտման տվյալ ճնշման տակ՝ կունենա քաղցկեղածին կամ ոչ քաղցկեղածին  հիվանդություններ:

Լիլիթ Սահակյանը

Ծրագրով նույն հետազոտությունները կիրականացվեն նաև երեխաների համար: Լիլիթ Սահակյանի ասելով՝ մարդու առողջության վրա աղտոտման ուղղակի ազդեցությունը շատ դժվար է բացահայտել, որովհետև հիվանդության ծագման և զարգացման համար բացի շրջակա միջավայրի գործոններից կան նաև այլ պատճառներ ու գործոններ, այդ թվում նաև իմունային համակարգի վիճակը: «Առողջապահության նախարարության մասնագետներն ասում են, որ աղտոտման և քաղցկեղի ուղիղ կապը բացահայտված չէ, ու մեր հետազոտություներն էլ դա չեն բացահայտելու: Դրա համար ասացի, որ մենք կարող ենք խոսել միայն հավանական առողջական ռիսկերի մասին: Այսինքն, մենք կարող ենք ասել՝ Ալավերդիում քաղցկեղային հիվանդության հավանականություն կա, թե ոչ, այսքանը: Բայց թե կոնկրետ գրանցված դեպքերը անպայմանորեն կապված են հանքարդյունաբերական ազդեցության կամ աղտոտման հետ, էդ մի քիչ դժվար է ասել: Դա այն ոլորտն է, որը բժշկակենսաքիմիական հետազոտությունների կարիք ունի: Բայց մեր կողմից ռիսկը բացահայտելուց հետո պետք  է առողջապահության նախարարությունը զգոն լինի»,- բացատրեց Լիլիթը:  

Նրա խոսքով՝ անցած տարիների ընթացքում առողջապահության նախարարության կողմից ոչ մի գործողություն չի իրականցվել՝ աղտոտման և քաղցկեղի կապի բացահայտման համար: Այսինքն, նախարարությունը դեռևս հերքման ճանապարհն է բռնել՝ առանց հետազոտության որևէ արդյունքի մասին հայտարարելու:

Ծրագիրը իրականացնելու համար թիմը ստացել է Ալավերդի համայնքի ղեկավարի համաձայնությունը: Այստեղ առանձին հետազոտություններ առնչվում են համայնքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններին: Լ. Սահակյանը նշեց, որ մանկապարտեզներում արդեն կատարել են հողերի նմուշառումներ. «Ինչու ենք հատկապես մանկապարտեզները ուսումնասիրում, որովհետև երեխաները հասարակության խոցելի խմբերն են և իրենց վրա առավել ինտենսիվ են կրում միջավայրի բացասական ազդեցությունները»,- բացատրեց նա և նշեց, որ ծրագրի իրականացմամբ ակնկալում են ունենալ կոմպլեքս գնահատական Ալավերդու էկոլոգաերկրաքիմիական իրավիճակի վերաբերյալ և ունենալ քարտեզներ, որտեղ առանձնացված կլինեն քաղաքի առավել աղտոտված տարածքները:

Բացի դա, կբացահայտվեն ազդեցության գոտիների վիճակը, բնակելի և ոչ բնակելի տարածքների տարբերությունները, այլ ֆունկցիոնալ տարբեր գոտիների, հատկապես մանկապարտեզների վիճակը: Հետազոտվելու է պղնձաձուլական գործարանից արտանետվող փոշու ազդեցությունը մթնոլորտի աղտոտման վրա: «Լաբորատոր հետազոտման համար վերցնելու ենք ոչ թե օդում առկա փոշին, այլ փողոցային փոշին, որովհետև հիմա համաշխարհային գիտության մեջ դա բավականին ընդունելի տարբերակ է»,- բացատրեց զրուցակիցս:  

Ծրագրի թիմը արդեն կատարել է հողի ու փոշու մոտ 400 նմուշառում: Դրանք պետք է անցնեն երկարատև նախապատրաստական փուլ: Լաբորատոր փուլը անցնելուց հետո կունենան վիզուալ արդյունքներ: Ծրագրի պատասխանատու կատարողը վստահեցնում է, որ լավագույն դեպքում մյուս տարի այս ժամանակ կունենան հետազոտության այն նախնական արդյունքները, որոնք հնարավոր կլինի հանրայնացնել: Այս հետազոտությունը պետք է գործիք դառնա նաև տեղական ինքնակառավարման մարմինների համար` գրագետ, հիմնավոր որոշումներ կայացնելու նպատակով: Գետերի ջրերը և հատակային նստվածքները կհետազոտվեն մյուս տարի:

«Ինչ կտա այդ մոնիթորինգը Ալավերդուն». պատասխանելով մեր այս հարցին՝ Լիլիթ Սահակյանը բացատրեց, որ բացի այն, որ ծրագրով Ալավերդիում իրականացվելու է համալիր էկոլոգաերկրաքիմիական հետազոտություններ, բացահայտվելու են նաև Ալավերդու առաջնային աղտոտիչները, կշրջագծվեն քաղաքի առավել աղտոտված տարածքները, կգնահատվեն մանկապարտեզների տարածքների աղտոտման մակարդակները, կստեղծվեն թեմատիկ քարտեզներ և էլեկտրոնային ատլաս, բնակչության շրջանում կառանձնացվեն ռիսկի խմբերը, կգնահատվեն աղտոտման էկոլոգիական և առողջապահական ռիսկերը:

«Նմանատիպ հետազոտությունները շատ կարևոր են ցանկացած քաղաքի համար, քանի որ համալիր տեղեկատվության բացակայությունը գիտական, ոչ գիտական և հասարակական շահարկումների առիթներ է ստեղծում, ավելին՝ հեռացնում է խնդիրների լուծման տեսլականը և եղած տեղեկատվությունը ի վերջո չի դառնում կիրառելի գիտամեթոդապես հիմնավորված գործիք՝ որոշումների կայացման, գրագետ մոնիթորինգի և քաղաքում առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար»,- բացատրում է Լիլիթը:  

Վերջինիս ասելով՝ ծրագրի արդյունքներով կբացահայտվի, թե ամենօրյա հետազոտություններում ինչ մոնիթորինգ պետք է արվի և բնակիչները տեղեկացվեն արտանետումների դեպքում իրենց պաշտպանվելու մասին. «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ վաղ կանխորոշման համակարգերը հնարավորություն են տալիս, օրինակ, արտանետումների «կարմիր գիծը» անցնելու դեպքում ահազանգել ձեռնարկատիրոջը՝ արտանետումների ծավալների նվազեցման մասին: Նաև բնակիչներին ինֆորմացիա է հաղորդվում, թե ինչպես պահեն իրենց, անվտանգության ինչ միջոցներ ձեռնարկեն այդ պարագայում: Ես չգիտեմ շարքային ալավերդցին գիտի, թե ոնց պահի իրեն, երբ արտանետումները արդեն անզեն աչքով են երևում: Մեր հետազոտության արդյունքները հետագայում կարող են օգտագործվել այսպիսի համակարգեր ստեղծելիս: Հետազոտությունները կարող են կիրառվել նաև հետագա բժշկակենսաբանական հետազոտությունների իրականացման համար որպես հիմք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter