HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ֆերիկի արոտավայրերը վաճառվել են նախկին պատգամավորին ու նրա եղբորը

Ֆերիկն ամբողջությամբ եզդիաբնակ գյուղ է: Գտնվում է Արմավիրի մարզում: Համայնքում փաստացի բնակվում է 280 մարդ: Գյուղաբնակների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, թեև բանջարաբոստանային մշակաբույսեր ևս աճեցնում են:

Համայնքապետ Ռուստամ Հասանյանն ասում է, որ նախորդ համայնքապետի պաշտոնավարման տարիներին՝ 2004 և 2006 թվականներին, մոտ 200 հեկտար արոտավայր է աճուրդով վաճառվել պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդիներին` այդ տարիներին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին և Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանին:

Ռուստամ Հասանյանը

«Համայնքի վարչական տարածքը 405 հեկտար է, որից 200 հեկտարն արոտավայր է: Այդ 200 հեկտար արոտավայրը օտարվել է անհատներին: Ճիշտ է` մեր գյուղացիներն այդ արոտավայրերում իրենց անասուններին պահում են, դրա դիմաց գումար չեն վճարում, բայց դրանք սեփական տարածքներ են, չի բացառվում, որ մի օր արգելեն կամ հողն օտարեն այլ անձանց և արոտավայրի փոխարեն այգիներ հիմնվեն: Դրանից հետո մենք չենք կարողանա անասուն պահել»,- ասում է Ռուստամ Հասանյանը:

Ֆերիկի համայնքապետն ասում է, որ ցանկանում են այդ հողերը վերադարձնել համայնքին, թե ինչ ճանապարհով՝ դեռ չգիտի: Համայնքապետը տեղյակ չէ, թե ինչ գներով են հողերը վաճառվել: Ասում է՝ դեռ դրա մեջ «չի խորացել»:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաև Գրիգորյաններից, բայց չստացանք հեռախոսազանգերին չպատասխանելու պատճառով:

Ֆերիկում չլուծված հարցերը շատ են: Գյուղի մշակույթի տունն ամբողջությամբ վթարային է և չի օգտագործվում: Շենքը կառուցվել է 1969թ.: Մինչև անխակությունը մշակույթի տունը գործել է: Եղել են երգի, պարի խմբեր: Նույնիսկ հյուրընկալվել են թատերական խմբեր, ցուցադրվել են ֆիլմեր: Տարիներ առաջ մշակույթի տան շենքում էր տեղակայված նաև համայնքապետարանը: Սակայն մարդկանց անվտանգությունից ելնելով՝ այլևս հնարավոր չէ այդ շենքում աշխատելը: Այժմ համայնքապետարանը գործում է սեփական տներից մեկում, քանի որ համայնքապետարանի առանձին շենք չունեն:

Ֆերիկն ընդհանրապես մանկապարտեզ չի ունեցել, նաև նախակրթարան չկա: Մինչև դպրոց գնալը երեխաները զբաղմունքի միջոց չունեն:

«Գյուղն ամբողջությամբ եզդիաբնակ է: Երեխաները տանն իրենց մայրենի լեզվով են խոսում: Դպրոց հաճախելու ժամանակ խնդիրներ են առաջանում, դժվարությամբ են ինտեգրվում, քանի որ դպրոցը հայկական է: Նախակրթարան մեզ շատ պետք է»,- ասում է համայնքապետը:

Ռուստամ Հասանյանը նշեց, որ Արմավիրի մարզպետի հետ այդ թեմայով խոսել է: Մարզպետը խոստացել է կարգավորել հարցը, իսկ թե երբ՝ հայտնի չէ: Հարցին միջանկյալ լուծում կարող էր տրվել, եթե գործեր մշակույթի տունը: Համայնքապետն ասում է, որ կկարողանային մի քանի խմբակ պահել՝ դրանով ապահովելով երեխաների զբաղվածությունը:

Ֆերիկում երկար տարիներ է, ինչ կապիտալ ներդրումներ չեն իրականացվել: Ֆինանսական միջոցների սղության պատճառով համայնքում չի իրականացվում կենտրոնացված աղբահանություն: Մեկ-մեկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մերձակա հատվածից հավաքվում են կենցաղային թափոնները: Իսկ տնտեսություններում առաջացած աղբը բնակիչներն այրում են կամ այլ կերպ ոչնչացնում:

Վատ վիճակում են գտնվում նաև համայնքի էլեկտրասյուները: Համայնքապետ Ռուստամ Հասանյանն ասում է, որ այդ ուղղությամբ ներդրումներ ևս չեն արվել: Սյուները հին են, վնասված: Թեթև քամիների ժամանակ հաճախ են լինում էլեկտրականության անջատումներ: Փտած, թեքված սյուները նաև սպառնալիք են բնակչության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter