HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Կորեական պետությունները ռազմական համաձայնագիր են ստորագրել՝ պատերազմի վտանգը կանխելու համար

Հյուսիսային և Հարավային Կորեաները ռազմական համաձայնագիր են ստորագրել, որով հեռացնում են պատերազմի վտանգը թերակղզուց: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

«Պատերազմներից զերծ ժամանակաշրջանը սկսվել է»,- համաձայնագրի ստորագրումից հետո՝ համատեղ մամուլի ասուլիսին ասել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեին՝ տեղեկացնելով, որ համաձայնագրով Հյուսիսային Կորեան պարտավորվել է «միջազգային փորձագետների ներկայությամբ» փակել Թոնչանգրի (Tongchang-ri) հրթիռային փորձարկման և գործարկման կայանը:

Հրապարակումների համաձայն՝ համաձայնագիրը ենթադրում է նաև երկու երկրների սահմանի երկայնքով չեզոք գոտու հաստատում, հնարավոր կոնֆլիկտները լուծելու նպատակով միացյալ ռազմական հանձնաժողովի ստեղծում և ապառազմականացված տարածքից 11-ական պահակակետերի դուրսբերում մինչև տարեվերջ: Հյուսիսային Կորեան համաձայնել է նաև վերացնել Յոնբյոն (Yongbyon) միջուկային կայանը՝ պայմանով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կդիմի որոշ փոխադարձ գործողությունների: Այս մասով, սակայն, դեռևս հստակ պայմանավորվածություն չկա: 

Սա հակամարտող հարևան երկրների ղեկավարների 3-րդ հանդիպումն է այս տարվա ընթացքում, որն ուղղված է թերակղզում պատերազմի սպառնալիքը վերացնելուն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 4-րդ հանդիպման համար Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը կայցելի հարևան երկրի մայրաքաղաք Սեուլ, ինչը երկրի նախկին ղեկավարներից ոչ մեկը չի արել:

Կորեական պատերազմի (1950-1953թթ.) ավարտից հետո շարունակվող հակամարտությանը վերջ տալու բանակցություններին ներգրավված է նաև Միացյալ Նահանգները, սակայն նախագահներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հունիսյան հանդիպումից հետո նկատելի առաջընթաց չի արձանագրվել «ապամիջուկայնացման» հասնելու գործում:

Կորեական երկու պետությունները ստանձնել են այլ պարտավորություններ ևս, մասնավորապես՝ 2032թ. ամառային օլիմպիական խաղերի հյուրընկալման համատեղ հայտ ներկայացնելու, երկաթգծեր ու ճանապարհներ միացնելու, առողջապահության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Նախատեսվում է նաև պատրաստել մշտական վայր՝ պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների հաճախակի տեսակցությունների համար. նախկինում նման հանդիպումները կարող էին տևել մի քանի ժամ, հաճախ՝ միայն մեկ անգամ:

Չնայած հանդիպման ու համաձայնագրի վերաբերյալ երկու երկրների բնակիչների, ինչպես նաև ամերիկացի փորձագետների գնահատականներում կա նաև քննադատություն և կասկածամտություն, նախագահների ելույթները լավատեսական են եղել: «Աշխարհը կտեսնի, թե ինչպես է այս բաժանված ազգը նոր ապագա կառուցում իր համար»,- Կիմ Չեն Ընի խոսքերն է մեջբերում CNN-ը: Մուն Ջեին էլ մինչ այդ Twitter-ում գրել էր, որ իր նպատակը ոչ թե փորձնական փոփոխության հասնելն է, ինչը կարող է լինել անկայուն՝ կախված միջազգային իրադրությունից, այլ «անշրջելի, մշտական և անսասան խաղաղության» հասնելը՝ անկախ նրանից, թե ինչ կկատարվի աշխարհում: Արձագանքել է նաև ԱՄՆ նախագահ Թրամփը՝ համագործակցությունը բնութագրելով «շատ հուզիչ»:

լուսանկարը՝ Pyongyang Press Corps / CNN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter