HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Այվազյանի հիմնադրած ընկերությունը կարող է զրկվել Ազատեկի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվությունից

«Վայքգօլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Ազատեկի ոսկու հանքավայրի գործունեությունը դադարեցնելու համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիմել է էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Այս մասին քիչ առաջ հայտնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը Ամուլսարի հանքավայրի աշխատանքային խմբի ամփոփ հանդիպմանը:

Ազատեկի հանքավայրում ստուգումներ սկսվել են Արթուր Գրիգորյանի` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար նշանակվելուց առաջ, ընդ որում` ընկերության դիմումով, քանի որ տարբեր ընկերություններ կան, և իրավահաջորդության խնդիր է առաջացել հանքավայրում: Սակայն ընթացքում 90 օր կասեցվել են ստուգումները, այնուհետև` կրկին վերսկսվել:

Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են այնպիսի մեծածավալ խախտումներ, որոնք հանգեցնում են գործունեության դադարեցմանը:

Այդ պատճառով ընդերքօգտագործման թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիմել է էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը:

Իսկ Ազատեկի հանքավայրը շահագործող «Վայքգօլդ» ՍՊԸ-ին հանձնարարություն է տրվել դադարեցնել ընդերքօգտագործումը:

Ազատեկի ոսկու հանքավայրը գտնվում է Վայոց ձորի մարզում` Ազատեկ համայնքի մոտակայքում: «Վայքգօլդ» ՍՊԸ-ն 2012 թվականին հիմնադրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՆ նախկին նախարար Վարդան Այվազյանը: Սակայն 2013-ին նա դուրս է եկել մասնակիցների ցանկից, փոխարենը ներգրավվել է որդին` Սուրեն Այվազյանը:

Այս պահին Սուրեն Այվազյանը տիրապետում է ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսին: Նույնչափ բաժնեմաս ունի նաև Չարենցավանում գրանցված Նորայր Արարատի Զոհրաբյանը: Իսկ ընկերության բաժնեմասի առյուծի բաժինը` 60 տոկոսը, պատկանում է Սեյշելներում գրանցված «ՔՈՐ ԳՈԼԴ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ին:

«Վայքգօլդ» ՍՊԸ-ն արդյունահանման իրավունք ստացել է 2012 թվականին, և գործողության ժամկետը մինչև 2037 թվականն է:

Մեկնաբանություններ (1)

Ումն է
Երկիրը տասնյակ տարիներով ավերվում ու թալանվում է, բայց ներկա պահին մի կիլո ոսկի չկա պահուստում: Իսկ սույն անձի ախորժակի ու բազմակողմանի գռփիչ գործնեության մասին լայնորեն ներկայացված է «Հետքում»: Հուսանք որ հերթը հասել է: Նախ պետք է ասի թե ումն է այդ «ՔՈՐ ԳՈԼԴ ԱՐՄԵՆԻԱ» - ն, ինքը հո գիտի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter