HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

109 միլիոն դրամ կհատկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումին

Դեկտեմբերի 9-ից 11-ը Հայաստանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումի նախապատրաստման և անցկացման համար կառավարությունն այսօրվա նիստին արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 109 միլիոն դրամ։ ԱԳՆ-ին գումարը կփոխանցվի կառավարության պահուստային ֆոնդից։

ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ այս տարվա ֆորումը, ի տարբերություն 2015 և 2016 թվականների ֆորումների, անցկացվելու է ավելի սեղմ և զուսպ ձևաչափով՝ կենտրոնացած կրթության միջոցով ցեղասպանությունների դեմ պայքարի առանցքային խնդիրներին։

Գործադիր ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ։ Դրա շրջանակներում Հայաստանի նախաձեռնությամբ միջազգային կազմակերպություններում պարբերաբար ընդունվում են ցեղասպանության հանցագործության դեմ պայքարին նվիրված բանաձևեր, ինչպես նաև Երևանում անցկացվում են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումները։

2015 և 2016 թվականներին անցկացված նույն ֆորումին մասնակցել են խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, անվանի ցեղասպանագետներ, գիտնականներ և պատմաբաններ:

«Նշված ֆորումները հնարավորություն ընձեռեցին միջազգային քաղաքական ու ակադեմիական հանրության ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության 100-ամյակի, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության կանխարգելման հարցում Հայաստանի հետևողական ջանքերի վրա»,- ասվում է որոշման նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter