HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՄԻԵԴ-ը «մարտի 1»-ի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին: ՄԻԵԴ-ը խախտումներ է արձանագրել Կոնվենցիայի մի շարք՝ 3-րդ, 5-րդ 6-րդ, 11-րդ հոդվածներով և Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել Սաղաթելյանին վճարել 15 600 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում և 5000 եվրո՝ դատական ծախսերի գումար: ՄԻԵԴ-ում Մուշեղ Սաղաթելյանի շահերը պաշտպանել է  փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Նշենք, որ 2008թ. մարտի 1-ին, ժամը 6.30-ի սահմաններում, ոստիկանության երեք աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել Գրիգոր Լուսավորիչի փողոցից` Ազատության հրապարակում չթույլատրված ցույցեր կազմակերպելու, ոստիկանության աշխատակիցներին դիմակայելու և նրանց օրինական պահնջները չկատարելու համար: Արձանագրությունը ստորագրվել է ոստիկանության երեք աշխատակիցների և Կենտրոնի ոստիկանության աշխատակիցների կողմից, ովքեր պատրաստել են այն: Վերջում նշվել է, որ Մուշեղ Սաղաթելյանը հրաժարվել է ստորագրել:

Մինչդեռ Մ. Սաղաթելյանը պնդում է, որ վերոհիշյալ արձանագրությունը երբեք չի ներկայացվել իրեն: Իրականում նրան ձերբակալել էին շուրջ 10-15 հոգի, ովքեր չեն ներկայացել որպես ոստիկաններ, եղել են դիմակավորված: Այդ մարդիկ Ազատության հրապարակից հետապնդել են իրեն: Սաղաթելյանը կարողացել է նստել տաքսի ավտոմեքենա, սակայն Արշակունյաց և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում մեքենան կանգնեցրել են ոստիկանները: Վերջիններս ստիպել են Մուշեղ Սաղաթելյանին դուրս գալ մեքենայից և սկսել են ծեծել: Սաղաթելյանը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանություն: Սաղաթելյանը պնդել է, որ ոստիկանական բաժնում կրկին հարվածել են գլխին, ինչը հանգեցրել է ցնցումների և գիտակցության կորստի: Երկու անգամ շտապօգնության է հրավիրվել: Սաղաթելյանը համոզված է, որ իր նկատմամբ վատ վերաբերմունքը եղել է ոստիկանապետի ցուցումով:

2008 թ. մարտի 4-ին Մ. Սաղաթելյանի փաստաբանը բողոք է ներկայացրել Հատուկ քննչական ծառայության պետին` պնդելով, որ Սաղաթելյանը անարդարացիորեն տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանություն, ենթարկվել է վատ վերաբերմունքի: Բացի այդ, մարտի 1-ի ամբողջ օրը անօրինական նրան պահել են ոստիկանությունում: Ինչպես նաև նրան ձերբակալված պահել են օրենքով սահմանված 72 ժամից ավելի՝ խախտելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (գ) հոդվածը (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք): Խախտվել է նաև Սաղաթելյանի Կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում), 10-րդ (Արտահայտվելու ազատություն) և 11-րդ (Հավաքների և միավորման ազատություն) հոդվածներով ամրագրված իրավունքները:

Նույն օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության առնելով քննիչի դիմումը Մուշեղ Սաղաթելյանին կալանավորելու որշում է կայացրել:

Մուշեղ Սաղաթելյանը ներկայացրել է, որ դաժանորեն ծեծի է ենթարկվել և աժանացել նվաստացնող վերաբերմունքի: Ստացել է բազմաթիվ վնասվածքներ: Ոստիկանները չեն մոտեցել իրեն, չեն խոսել զենքի մասին կամ ասել, որ ցույցն ապօրինի է և պետք է ցրեն: Պնդել է նաև, որ ինքը որևէ կուսակցության անդամ չէ և ցույցեր չի կազմակերպվել: Իր դեմ ներկայացված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն:

2008թ. հոկտեմբերի 23-ին Երեւանի քրեական դատարանը Մուշեղ Սաղաթելյանին մեղավոր է ճանաչել 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Նրա նկատմամբ կիրառվել է տուգանք և 5 տարի ժամկետով ազատազրկում: Դատարանը գտել է, որ Սաղաթելյանի պնդումներն անվստահելի են քրեական պատասխանատվությունից խուսափելու փորձ: Վերաքննիչ քրեական դատարանը Մուշեղ Սաղաթելյանի բողոքը մերժել է, իսկ Վճռաբեկը վարույթ չի ընդունել:

Հիշեցնենք, որ 2008թ., փետրվարի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ Մուշեղ Սաղաթելյանը եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը: Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Տեր-Պետրոսյանը կոչ էր արել իր համախոհներին հավաքվել Ազատության հրապարակում` բողոքի ակցիաներ իրականացնելու համար: Փետրվարի 20-ից սկսած​​ անցկացվել են ամենօրյա բողոքի հանրահավաքներ: Տեր-Պետրոսյանի մի քանի հարյուր ցուցարարներ այդ տարածքում մնում էին շուրջօրյա՝ տեղավորվելով վրաններում: Մուշեղ Սաղաթելյանը հանրահավաքների ակտիվ մասնակից էր և նույնիսկ ելույթ է ունեցել ամբիոնից:

Փետրվարի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրություններում՝ ձայների մոտ 52%-ով, իսկ Տեր-Պետրոսյանը ստացել էր շուրջ 21% ձայն: Փետրվարի 29-ին հանրահավաքները դեռևս ընթանում էին և այդ գիշեր Մուշեղ Սաղաթելյանը մնացել է Ազատության հրապարակում:

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, 225.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մուշեղ Սաղաթելյանի փաստաբաններից Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից հայաստանյան և միջազգային հանրությանը հրամցված վարկածը։ Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են»։

Մասնավորապես՝ ՄԻԵԴ-ն այս վճռով ճանաչել է, որ Մուշեղ Սաղաթելյանի կալանքը և նրան 5 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատական վարույթների արդյունքը՝ դատարանների որոշումները, Կոնվենցիոն իրավունքի իմաստով ապօրինի են եղել և հանգեցրել են դիմողի իրավունքների կոպիտ խախտումների։

Ըստ Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ-ը ճանաչել է Մուշեղ Սաղաթելյանի իրավունքների հետևյալ խախտումները: Մասնավորապես՝ 2008թ-ի մարտի 1-ին՝ իր ձերբակալման պահին և հետագայում՝ նույն օրը նաև ոստիկանության բաժնում, Սաղաթելյանը ենթարկվել է խոշտանգումների։ Այս հանգամանքն անտեսել են գործը քննած բոլոր դատարանները և իրավապահները: Խոշտանգումների վերաբերյալ արդյունավետ քննություն չի կատարվել։ Այս մասով առհասարակ քննություն չի կատարվել։ Ըստ փաստաբանի՝ քննությունը բացառվել է՝ խոշտանգողների հրոսակախմբերին պատասխանատվությունից ազատելու հստակ դիտավորությամբ:

Դատարանը նշել է, որ կառավարության կողմից նշած քննության ողջ նպատակն իրականում ոչ թե խոշտանգողնեին պատասխանատվության ենթարկելը, այլ դիմողի դեմ ապացույցներ հավաքելն է եղել։ Բացի այդ, Սաղաթելյանի անազատությունը՝ սկսած իր ձերբակալման պահից, եղել է ապօրինի և կամայական: Չի ունեցել որևէ օրինական հիմք: Հայաստանյան դատարանների որոշումները չեն պարունակել դիմողի կալանքի համար բավարար և վերաբերելի հիմնավորումներ։

Ըստ Վահե Գրիգորյանի՝ պետությունը ձախողել է արդար դատաքննության իրավունքի ապահովման իր պարտականությունը, քանի որ Մուշեղ Սաղաթելյանի գործով ապահովված չի եղել կողմերի հավասարության հիմնարար սկզբունքը, իսկ իր դեմ մեղադրական դատավճիռը հիմնված է եղել բացառապես ոստիկանների կողմից տրված ցուցմունքների վրա:

Փաստաբանը հրապարակել է ՄԻԵԴ-ի դատողությունից մի հատված «210․ Ամփոփելով՝ Դատարանը հաշվի է առնում, որ ազգային դատարանները քննելով մեղադրանքի առանցքային փաստերը, որոնք ավելին՝ հիմնված էին իրարամերժ ապացույցների վրա, ձեռնպահ են մնացել խելամիտ հնարավորություններից օգտվելուց՝ ստուգելու համար ոստիկանների մեղադրական հայտարարությունները, որոնք մեղադրանքի կողմի (դատախազության) միակ վկաներն են եղել և ակտիվ դերակատարություն են ունեցել խնդրո առարկա իրադարձություններում։ Իրադարձությունների մասին ոստիկանական վարկածի անվերապահ սատարումը, դիմողի որևէ միջնորդությանը պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանական կողմի վկաներին հարցաքննելուց հրաժարվելը՝ առանց պատշաճորեն դիտարկելու նրանց հայտարարությունների իրավացիությունը, կարելի է ասել, հանգեցրել են պաշտպանական կողմի իրավունքների սահմանափակումների, որոնք անհամատեղելի են արդար դատաքննության երաշխիքների հետ ․․․»:

Վահե Գրիգորյանը նշում է, որ ՄԻԵԴ-ը համարել է նաև, որ պետությունն իրավապահների և դատարանների միջոցով խախտել է Մուշեղ Սաղաթելյանի խաղաղ հավաքների ազատությունը, քանի որ ոստիկանության կողմից Ազատության հրապարակում խաղաղ հավաքին միջամտելու միակ նպատակը եղել է այն ցրելը։

«Հայաստանի պատմության ամենաողբերգական դեպքերից մեկի քննության գործը նոր է սկսվել։ Մենք պետք է պատրաստ լինենք ճաշակել այդ գործի ճշմարտության դառնությունը, այլ ոչ թե «էջը շրջելու» ջայլամաբարո կեցվածքով շարժվենք առաջ։ Այս պատմության մեջ ինփ համար ամենազարհուրելին ոչ այնքան այն է, թե ինչ է տեղի ունեցել հենց կոնկրետ ռազմական գործողությունների թատերաբեմում, որքան այն, թե ինչ հանգստությամբ եւ սառնասրտությամբ են հետագայում իրենց ապահով առանձնասենյակներում նստած բարձր վարձատրվող եւ սոցիալական բոլոր բարիքներից օգտվող դատավորները իրենց կամքով եւ ընտրությամբ իրենց իսկ փալաս են դարձրել այլոց արյունոտ ձեռքերը մաքրելու համար»,- նշում է փաստաբան Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter