HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դոն Պիպոն 50 մլն դրամ գրավով ազատ է արձակվել

Քրեական աշխարհում «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանն այսօր 50 մլն դրամ գումարի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին «Հետք»-ին ասաց Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը: Ասատրյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը  ներկայացվել էր պաշտպանական կողմը:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել՝ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Վերը նշված հոդվածներով էլ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել, և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Ազգային անվտանգության ծառայությունը գործի քննության ընթացքում տեսանյութ է հրապարակել, որում երևում են Դոն Պիպոյի դեմ նախապատրաստվող սպանության գործով երեք անձինք՝ Արտակ Այվազյանը, Վազգեն Ղաղախեցյանը և Արկադի Քոչինյանը: Տեսանյութում չերևացող «Պիպո» անունով անձը հարցադրում է կատարում իր սպանության նախապատրաստության հանգամանքների վերաբերյալ: Ըստ ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրության՝ տեսանյութը հայտնաբերվել է վերը նշված երեք անձանցից մեկի բջջային հեռախոսից:

Նշենք, որ առևանգված անձինք՝ Արտակ Այվազյանը, Արկադի Քոչինյանը, Վազգեն Ղազախեցյանն ու ևս մեկ անձ՝ Զոհրաբ Զումաշյանը մեղադրվում են ոչ միայն Արթուր Ասատրյանին, այլև քրեական աշխարհում Օշականցի Գևորիկ անունով հայտնի Գևորգ Մելիքյանի և Զապ անունով հայտնի Անդրանիկ Սողոսյանի դեմ սպանություն նախապատրստելու մեջ: Նրանց վերաբերյալ գործն արդեն առաջին ատյանի դատարանում է, և այս գործի շրջանակներում Արթուր Ասատրյանը տուժողի կարգավիճակ ունի:

Ինչ վերաբերում է Արթուր Ասատրյանի առանձնատնից հայտնաբերված ռազմամթերքի դրվագին, ապա փորձաքննություն է նշանակել և պարզվել է, որ առանձնատնից հայտնաբերվածը հրազեն է հանդիսանում ու պիտանի է օգտագործման համար:

Մեկնաբանություններ (1)

Արա Տոնոյան
Հարգելի խմբագրություն ուղղակի ձեզ խնդրում եմ Իսկական հայորդի բարերար Արթուր Ասատրյան անունը մի աղավաղեք դարձրեք քրեական հեղինակություն, նա ոչ մի անգամ չի դատվել ոչ էլ գողական աշխարհի հետ է առնչվել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter