HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախընտրական շտաբները (քարտեզ)

Քաղաքական խոստումները, նախընտրական գեղեցիկ ծրագրերն ու մրցակիցների թույլ կողմերը մատնանշելը թեկնածուների համար միջոց են՝ ընտրողի ուշադրությունը գրավելու և ձայն ստանալու համար։ Սակայն ընտրողի համար պակաս կարևոր չէ իմանալ, թե որքանով են թափանցիկ, հաշվետու, հասանելի և պատասխանատու ապագա քաղաքային իշխանության հավակնորդները։  

Սեպտեմբերի 11-ին հարցում էինք ուղարկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին` հետաքրքրվելով, թե քանի նախընտրական շտաբ ունեն Երևանում, և ո՞ր հասցեներում են դրանք գտնվում։

Քանի որ թեկնածուների վերջնական նպատակն է դառնալ տեղական ինքնակառավարման մարմինը ղեկավարողներ, որոշեցինք դիտարկել, թե նրանցից քանիսը կհետևեն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին և գրավոր հարցմանը կպատասխանեն 5-օրյա ժամկետում։

Բայց նման դիտարկում անելու համար նախ անհրաժեշտ էր գտնել կուսակցությունների քարոզարշավով զբաղվող պատասխանատու անձանց էլեկտրոնային հասցեները, քանի որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ մասը դրանք որևէ տեղ չէր հրապարակել։ Համենայնդեպս, գրեթե բոլոր կուսակցություններն ու դաշինքները, բացառությամբ մեկի, ունեն ֆեյսբուքյան էջեր։ Հարցումն ուղարկելու համար ստիպված եղանք հերթով գրել ֆեյսբուքյան էջերին կամ զանգել այնտեղ նշված հեռախոսահամարներով՝ քարոզարշավի պաշտոնական էլեկտրոնային հասցեն իմանալու։

Ստորև ծանոթացեք, թե կուսակցություններից/դաշինքներից քանիսն են հանրության համար հեշտ հասանելի, քանիսն ունեն կայքեր, պաշտոնական էլ․ հասցեներ, և որոնք են նրանց ոչ պաշտոնական էլ․ հասցեները։

Այսպիսով, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություն/դաշինքներից միայն 3-ը պահպանեցին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը․ «Բարգավաճ Հայաստան», «Երկիր ծիրանի» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները։ Քաղաքային իշխանության համար պայքարողներից 5-ը պատասխանեցին հարցմանը ժամկետից ուշ և մի քանի անգամ զանգելուց հետո` «Երևանի հանրություն», «Ժառանգություն», «Իմ քայլը», «Լույս», «Ռեֆորմիստների» կուսակցություններն ու դաշինքները։ Չորս ուժեր այդպես էլ չպատասխանեցին հարցմանը` «Երևանցիներ», «Ժողովրդավարական ուղի», «Հայք», «Օրինաց երկիր»։

Ըստ կուսակցությունների և դաշինքների` «Հետքին» հայտնած տվյալների՝ ամենաշատ նախընտրական շտաբները Երևանում ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (40), այնուհետև` «Իմ քայլը» դաշինքը (34), «Լույս» դաշինքը (19), «Հայ հեղափոխական դաշնակցությունը» (10), «Երևանի հանրությունը» (4), «ժառանգությունը» (2) և «Ռեֆորմիստների կուսակցությունը» (1):

Ստորև ծանոթացեք նշված քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին՝ ըստ տեղակայման վայրի։

Նախընտրական շտաբների վարձակալության և քարոզչական այլ ծախսերի համար ընտրություններին մասնակցող ուժերը բացել են հիմնադրամներ, որոնց ֆինանսական մուտքերին և ելքերին «Հետքն» անդրադարձել է։

Քարոզարշավի վրա ամենաշատ գումարը ծախսել են «Բարգավաճ Հայաստանն» ու «Իմ քայլը», որոնց ընտրական ցուցակում ներառված թեկնածուները քարոզարշավին նվիրաբերել են ավելի շատ գումար, քան հայտարարագրել են։ Սա նշանակում է, որ նշված կուսակցության և դաշինքի թեկնածուները կամ թաքցրել են իրենց ունեցվածքը կամ էլ իրենց անունով նվիրաբերել են մեկ այլ անձի պատկանող գումար՝ թաքցնելով իրենց քաղաքական ուժի իրական ֆինանսական աղբյուրը։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter