HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռոբերտ Քոչարյանը զրպարտության համար դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, իսկ որդին՝ ԱԱԾ տնօրենին

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին:

Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել նաև ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ, որը վերաբերել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ զրպարտություն են համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը՝ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

«Ուզում է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել ու հիմա  հղում է անում իր անձեռնամխելիության վրա: Այնինչ այդպիսի մեղադրանք Ռոբերտ Քոչարյանին առաջադրված չի եղել, այդպիսի արարքի համար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չունի, որ ինքը մեղավոր է ճանաչվել: Իսկ վարչապետն այդպիսի արտահայտություններ է արել, մենք գտնում ենք, որ սա անթույլատրելի է»,- ասում է փաստաբան Հայկ Ալումյանը:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն ասաց, որ պահանջը մեկն է՝ պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել վերը նշված արտահայտությունների համար: Հայկ Ալումյանն ասաց, որ փոխհատուցման պահանջ չկա:

Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին:

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 27-ին հայցադիմում է ներկայացրել նաև «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի (1in.am) դեմ՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին: Դիմելով դատարան` հայցվորի ներկայացուցիչը (ըստ «Դատալեքս» տեղեկատվական պորտալի՝ Աննա Սարդարյան) հայտնել է, որ 2018թ. հունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը:

Մասնավորապես, ըստ Քոչարյանի ներկայացուցչի` 2018թ. հունիսի 7-ին ընկերությանը պատկանող www.1in.am ինտերնետային կայքում և «Ժամանակ» օրաթերթում հրապարակվել է հոդված` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով, որտեղ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ: Հայցվորի դիրքորոշումն այն է, որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: 

Բացի այդ, 2018թ. հունիսի 23-ին և 24-ին նույն կայքում հրապարակվել են երկու վերլուծական հոդվածներ՝ «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին» և «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան» վերնագրերով: Երկրորդ նախագահի ներկայացուցիչը պնդում է, որ նշված հոդվածներում դարձյալ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

Վիճարկվում է 1in.am տեղեկատվական-վերլուծական ինտերնետային կայքում հունիսի 28-ին հրապարակված ևս մեկ վերլուծական հոդված՝ «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները», որով, Հայցվոր կողմի պնդմամբ, ևս  արատավորվել են Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը:

Ռոբերտ Քոչարյանը խնդրել է պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև զրպարտության դիմաց վճարել փոխհատուցում 2 մլն դրամի չափով:

Առաջին դատական նիստը կայանալու է սեպտեմբերի 24-ին: Գործը քննելու է դատավոր Սարգիս Երիցյանը:

Քոչարյանի որդին՝ ԱԱԾ տնօրենի և քաղաքագետի դեմ

Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով  սեպտեմբերի 20-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:

Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց 2 մլն դրամ փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով հայցադիմում է ներկայացրել դատարան նաև քաղաքագետ Արա Պապյանի դեմ:

Թե Արթուր Վանեցյանի, թե Արա Պապյանի դեմ ներկայացված հայցադիմումները դեռ վարույթ չեն ընդունվել: 

Մեկնաբանություններ (4)

Պողոս
Սա որսորդությունը թարգել է, իրավաբանություն է սովորում, հավեսի է ընկել: Պարապ թոշակառու է, հարմար ականջ է փնտրում, որ ամբաղ-զամբաղ խոսի, հարցազրույց տա: Էդ Toyota-ի խանութում մի հատ թեթև գործ չունեն, տան՝ գնա զբաղվի, մինչև դատավճիռը դուրս գա:
Միհրան
Արջը որսորդի ահից գոռում է ու վրա տալիս, անկյունում դեմ առած կռիսը հարձակման է անցնում, վիրավոր օձերը խայթում են եւ այլն: Պետք է շատ զգույշ լինել նման դեպքերում:
Արմենակ Եղիայեան
Փաշինեանի կառավարութիւնը պէտք է ի յառաջագունէ յանցաւոր նկատէ Լեւոն Տէր Պետրոսեանը, Ռոբերտ Քոչարեանը, Սերժ Սարգսեանը, Գագիկ Բեկլարեանը, Տարօն Մարգարեանը, Հովիկ Աբրահամեանն ու նմանները եւ ասոնց որդիներն ու եղբայրները, երբեմն ալ կիները, բոլորը բանտարկէ չարաշահութեան եւ պետական ինչքի անխնայ կողոպուտի համար եւ պահանջէ վերադարձնել գողցուած միլիառները՝ փակելու համար Հայաստանի պետական պարտքը: Թող իրենք փաստեն, որ անմեղ են, եթէ կրնան: Պէտք չէ Փաշինեանը կրկնէ կերենսկիի սխալը՝ Լենինի ու միւս համայնավարներու հանդէպ՝ ծայրայեղ ժողովրդավարութիւն խաղալով: Նման խաղ մը կրնայ հետագային սուղ արժել Հայաստանին:
W. Wallace
Նախ և առաջ գովեստի խոսքեր Հետքին՝ կոմերսանտներին եւ այլ անորակ օտարերկրյա զլմ-ներին ռասկրուտկայի նպատակով տրված հարցազրույցները չարտատպելու համար՝ ի տարբերություն որոշ այլ տեղական զլմ-ների, որոնք դա ավաղ համարել են կարևորագույն լուր... Երկրորդ, Քոչարյանին առաջարկում եմ շտապ պաշտոն տալ՝ Մարդու իրավունքների պաշտպան կամ ՌԴ-ում դեսպան...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter