HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել. նա կարծում է, որ իր կողմից հատուկ միջոցի կիրառումն իրավաչափ է եղել

Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Հետք»-ին ասաց Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը: Երանոսյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով` պաշտոնեական լիազորությունների չարաշահումը:

Հիշեցնենք, որ «թավշյա հեղափոխության» օրերին` ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և 22-ին` Արցախի փողոցում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ:

Լևոն Երանոսյանն այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կասկածյալի կարգավիճակ ուներ:

Արդեն մեղադրյալի կարգավիճակում Երանոսյանն այսօր ցուցմունք չի տվել: Պաշտպան Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Պաշտպանը հայտնեց նաև, որ Երանոսյանն ընդունում է հանգամանքը, որ ինքը հատուկ միջոց է կիրառել, պարզապես գտնում է, որ կիրառումը իրավաչափ է եղել:

Սաֆարյանը նշեց, որ քննության առարկա է ոչ թե հանգամանքը` Երանոսյանը հատուկ միջոց կիրառել է, թե ոչ, այլ, ըստ նախաքննություն իրականացնող մարմնի` Երանոսյանը չի ունեցել հատուկ միջոց կիրառելու թույլտվություն:

«Օրենքը սահմանում է, որ հատուկ միջոց կարող են կիրառել ոստիկանության այն ծառայողներն, ովքեր անցել են հատուկ դասընթացներ, իսկ Երանոսյանը ոչ միայն հատուկ դասընթաց է անցել, այլ նրա հրամանատարությամբ են զորքերն անցել այդ դասընթացները»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Սաֆարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter