HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Միջատներ՝ «Բաղրամյանի ալյուր»-ում. «Ալեքս Հոլդինգ»-ի տնօրենը բացառում է վատ որակով ապրանքի վաճառքը

Վերջերս մեր ընթերցողներից մի քանիսը դիմեցին «Հետք»-ին՝ դժգոհելով  «Բաղրամյանի ալյուր»-ի որակից. ապրանքի մեջ գտել էին «ցեցեր», «որդեր», «սև կետեր»։ Ոմանք էլ կասկած հայտնեցին, որ ալյուրի համը փոխվել է, գուցե արտադրողները սկսել են ինչ-որ հավելանյութեր օգտագործել:

«Հետք»-ը ստացավ թվով 7 ահազանգ՝ կցված լուսանկարներով: Մենք խոսեցինք և՛ արտադրող, և՛ փաթեթավորող ընկերությունների հետ՝ փորձելով պարզել, որո՞նք են նշված խախտումների պատճառները:

Ընթերցողների ահազանգերին ընթացք տվեց նաև սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ փորձաքննության ուղարկելով «Բաղրամյանի ալյուր»-ի մի քանի նմուշ:

լուսանկարը՝ մեր  «Անվտանգ սնունդ / Հետք» ֆեյսբուքյան էջից

«Բաղրամյանի ալյուր» ապրանքն արտադրում է «Բաղրամյան» ՍՊԸ-ն՝ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում: Ապրանքը փաթեթավորում է «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը: 

«Բաղրամյան» ՍՊ ընկերության արտադրության պետ Սայաթ Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ալյուրը միշտ ստուգում են, և իրենց արտադրամասում որևէ խնդիր չէր կարող առաջանալ՝ հավելելով, որ երբևէ բողոքներ չեն ստացել իրենց ալյուրի որակից: 

Ալյուրի մեջ ցեցերի հայտնվելը, ըստ նրա, սխալ ջերմաստիճանում պահելու հետևանք է: 

«Սխալ պահպանման խնդիր կարող է դա լինել: Եթե ջերմաստիճանը չի համապատասխանում, տարբեր աստիճաններում կարող են ինչ-որ բաներ առաջանալ,- ասաց Ս. Գասպարյան:- Մարդ կա 2-3 ամիս պահում է, մնում է, ասում են՝ սենց չի ընենց ա, բայց դա էլ ժամանակ ունի, օգտագործման ջերմաստիճան ունի»:

Չնայած նա չբացառեց, որ արտադրությունում կարող են երբեմն խնդիրներ լիներ, բայց հավելեց, որ միջատներով ապրանք իրենք երբեք չեն ունեցել:

«Ամեն ինչ հսկվում է, մենք լաբորատոր փորձաքննություններ ենք անընդհատ անում»,- հայտնեց արտադրության պետը:

Այն հարցին, արդյոք օգտագործում են հավելումներ, Սայաթ Գասպարյանը պատասխանեց, որ երբեք չեն օգտագործել ու չեն էլ պատրաստվում:

«Ոչ մի բան չի փոխվել մեզ մոտ. ոնց աշխատել ենք, էդպես էլ աշխատում ենք»,- եզրափակեց նա:

Նշված խախումները պահման պայմանների խախտման հետևանք է համարում նաև «Ալեքս Հոլդինգ» ընկերության տնօրեն Սամսոն Գասպարյանը.

«Մենք այդ ալյուրը ստացել ենք մաքուր վիճակում, փաթեթավորել ենք մաքուր, ուղարկել ենք սպառողներին, բայց  քանի որ ալյուրի պահպանման ջերմաստիճանը 25 աստիճան է, 70 տոկոս հարաբերական խոնավությամբ, թե՛ վաճառասրահում, թե՛ խանութի պահեստային մասում խոնավության փոփոխության կամ ջերմաստիճանի տատանման դեպքում ինքն իրենով հնարավոր է, որ դա առաջանա»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ապրանքը ցեցերով չի կարող մատակարարվել իրացման ցանցեր:

Սամսոն Գասպարյանը նշեց, որ տանն էլ կարող է առաջանալ նմանատիպ խնդիր, եթե սպառողները խախտել են պահպանման պայմանները:

Տնօրենի խոսքերով՝  երբևէ «Բաղրամյանի ալյուրի» որակի հետ կապված բողոքներ չեն ունեցել:

«Եթե գործարանում էլ հայտնաբերում ենք ինչ-որ խնդիր, ապա այդ ալյուրն արդեն մատակարարման ենթակա չէ»,- պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է ընթերցողների կողմից նշված հավելումներին, Սամսոն Գասպարյանը ևս հերքեց, որ իրենք կիրառում են դրանք. «Մենք ստանում ենք ալյուրը «Բաղրամյան ՍՊԸ-ից, փաթեթավորում ենք, բայց մենք 100 տոկոս ինֆորմացիա ունենք, որ էնտեղ ոչ հավելում կա, ոչ մի բան»:

Մեր ընթերցողներից մեկի՝ Տաթևիկ Բարխուդարյանի ահազանգի հիման վրա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ է գրանցել և դիտարկում է իրականացրել:

Օրերս ՍԱՏՄ-ից մեզ հայտնեցին, որ փորձաքննել են «Բաղրամյանի ալյուր»-ի մի քանի տուփ և որևէ խախտում չեն հայտնաբերել:

«Տաթևիկ Բարխուդարյանի բողոքի հիման վրա իրականացվել է դիտարկում «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող, ՀՀ, ք. Երևան, Ավան Մ. Խուդյակով 214/ 2 հասցեում գտնվող սուպերմարկետում, Բաղրամյանի 2կգ-անոց տուփով ալյուրի նկատմամբ։ Դիտարկման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կատարվել է հսկիչ գնում, և վերը նշյալ արտադրատեսակը տրվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում վնասատուներով վարակվածություն չի հայտնաբերվել»,- հայտնեցին ՍԱՏՄ լրատվական բաժնից՝ կից ուղարկելով նաև ալյուրի փորձաքննության արձանագրությունը:

Փորձաքննության արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter