HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Քարինջցիները սպառնում են փակել միջպետական մայրուղին

Լոռու մարզի Քարինջ համայնքի բնակիչներն ավելի քան երկու շաբաթ է ոչ մի լուր չունեն ուժեղ կարկուտի վնասների փոխհատուցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 10-ին տեղացած կարկուտից տուժած գյուղի բնակիչները չեն կարողանում տեղեկատվություն ստանալ՝ տանիքների վերանորոգման համար փոխհատուցում լինելու՞ է, թե՞ ոչ։

Երկար չցանկանալով սպասել՝ քարինջցիները ստիպված հաշվեհամար են բացել, ֆեյսբուքում հանգանակություն սկսել։

Օրեր առաջ Լոռու մարզպետարանից կառավարություն է ուղարկվել վնասի մասին հաշվետվությունը։ Գյուղի բնակիչ Հարութ Խեչոյանը «Հետք»-ի հետ զրույցում պատկան մարմինների կողմից իրենց արժանացրած ուշադրությունը որակեց զրոյական՝ նշելով, թե երկու ամսից ձմեռ է, իսկ մարդիկ դեռ մնացել են անտանիք։ Այս անորոշ իրավիճակում Քարինջի բնակիչները մի ստվար մասը մտադիր է հարցին արագ լուծում տալու ամենակարճ ճանապարհը փորձել՝ փակել Վանաձոր-Բագրատաշեն միջպետական մայրուղին։

«Սա մեր նախաձեռնություններից է։ Մենք որոշել ենք սկսել ճանապարհներ փակելուց, որովհետեւ դանակը հասել է ոսկորին։ Մոտ երեք շաբաթ է անցել, գոնե կարող էին պատկան մարմիններից գալ, հարցնել՝ ի՞նչ կա, ժողովուրդ, սա՞ղ եք, թե՞ մեռած։ Այդքան զբաղվելու խնդիրը չի, որքան մոտեցումը։ Երկու ամսից ձմեռ է, ով հասցնի՝ վարկ տան, տանիքը փոխում է, ում չտվեցին, այդպես էլ կդիմավորի ձմեռը»,- ասաց Հարութ Խեչոյանը։

Հաշվեհամար բացելը Հարութ Խեչոյանի նախաձեռնությունն է։ Նա դեռ չի ստուգել՝ որեւէ փոխանցում կատարվել է, թե ոչ։ Հաշվեհամարը համացանցում մոտ մեկ շաբաթ առաջ է տեղադրել։ Ասում է, թե չի կարծում, որ այս կարճ ժամանակամիջոցում զգալի գումար կարող է փոխանցված լինել։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Քարինջին օգնելու նպատակով նախաձեռնություն է ստեղծվել «Նորոգենք Քարինջը» անունով։ Նախաձեռնության կազմակերպիչները քաղաքացիներին հորդորում են իրենց ունեցած հին շինանյութը կամ եթե կարող են որոշակի գումար փոխանցել քարինջցիներին։ Գումարի եւ շինանյութի հավաքումը կկատարվի մինչեւ հոկտեմբերի 13-ը։

Քարինջ համայնքի վարչական ներկայացուցիչ Նորիկ Մկրտումյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ կառավարությանը փոխանցված հաշվետվության ընթացքից․

«Դեռ ոչ մի բան պարզ չէ։ Երեկ քննարկում է եղել մարզպետարանում։ Թումանյանի գյուղապետը խոսել է մարզպետ Հրանտ Մարգարյանի հետ։ Այսօր նա կգա գյուղ»,- պատմեց Քարինջի բնակիչը։ Մկրտումյանը նշեց, որ գյուղապետի գալուց հետո, սակայն, դեռ նորություն չի լինի։

Այսօր գյուղ է այցելել Թումանյան համայնքի ղեկավար Լեւոն Զավարյանը։ Նա «Հետք»-ին պատմեց, որ կրկին հաշվարկներ են արել, արդյունքներն ուղարկել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն։ Այս անգամ առաջնահերթությունը տրվել է վնասված տանիքներին։ Բերքի եւ մնացած վնասի փոխհատուցումը կկատարվի ավելի ուշ։ Զավարյանը վաղը մեկնելու է Երեւան։ Փորձելու է հանդիպել նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին։

«Խոսել եմ նախարարի օգնականի հետ։ Ասացին՝ առանձնացնել կարեւորագույն մասը։ Կարծում եմ՝ տանիքների հարցը շուտ կլուծվի։ Մեր մտահոգությունն այն է, որ անձրեւային եղանակ է կանխատեսվում։ Տանիքները որոշ մասը փոխված է, բայց հիմնականում ցանց է դարձել։ Վաղը գնում եմ Երեւան։ Պետք է աշխատեմ հանդիպել նախարարին, բայց կարծում եմ իրենք էլ արդեն լուրջ մտահոգված են։ Կարծում եմ՝ այս շաբաթ հարցի լուծումը կգտնեն»,- ասաց Լեւոն Զավարյանը։

Նշենք, ըստ նախնական հաշվարկների՝ Քարինջը կարկուտից կրել է 100 միլիոն դրամի վնաս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter