HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարներն ու մարզպետները կազատվեն աշխատանքից

Խորհրդարանի կողմից ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների ընդունումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք հրավիրեց Բաղրամյան պողոոտայում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունները թույլ կտան ընդհատել նիստը արտակարգ իրավիճակներում կամ այն դեպքերում, երբ խոչընդոտվում է պատգամավորների քվեարկությունը, և շարունակվել այն ժամանակ, երբ խոչընդոտող հանգամանքները կվերացվեն: 

Ելույթից առաջ վարչապետը հայտնեց, որ խորհրդարանական միակ խմբակցությունը, որից ոչ մի ներկայացուցիչ օրենքի նախագծին կողմ չի քվեարկել, «Ելք»-ն է, իսկ օրինագծին կողմ քվեարկած պատգամավորներին և քաղաքական ուժերին Նիկոլ Փաշինյանը անվանեց հակահեղափոխական: Ըստ վարչապետի՝ այս փոփոխություններով արհեստական խոչընդոտ է ստեղծվում Ազգային ժողովի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, որոնք վարչապետի այսօրվա հայտարարության համաձայն` պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:

Նիկոլ Փաշինյանը ելույթի սկզբում հայտնեց, որ հրահանգել է ստորագրման պատրաստել «Բարգավաճ Հայաստան» և  «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները ներկայացնող նախարարների աշխատանքից ազատման դիմումները.

«Երեկ և այսօր Հանրապետական, ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը Հայաստանում հակահեղափոխություն իրականացնելն է: Այդ նախագծի ընդունումը դավադրություն է Հայաստանի բարձրագույն իշխանության, այսինքն՝ հայ ժողովրդի նկատմամբ: Ես, այդ որոշման մասին իմանալով իմ աշխատակազմից, հրահանգել եմ ստորագրման պատրաստել «Բարգավաճ Հայաստան» և  «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները ներկայացնող նախարարների աշխատանքից ազատման դիմումները: «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն ներկայացնող մարզպետները աշխատանքից կազատվեն կառավարության առաջիկա նիստին, և նրանք բոլորը, ըստ էության, այս պահից համարվում են ազատված»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Որոշ ժամանակ անց վարչապետ Փաշինյանի հենց տեղում կատարված գրությամբ նախագահին առաջարկվել է աշխատանքից ազատել արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևոն Վահրադյանին, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին:

Գործադիրի ղեկավարը հայտնեց, որ ԲՀԿ-ն ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և շարունակել աշխատանքը կառավարությունում, ինչը ողջունվեց վարչապետի կողմից:

Մեկնաբանություններ (1)

Արամ
Քանի դեռ գոյություն ունի ԲՀԿ կոչվող ընդհատակյա կառույցը, որը կուսակցության դիմակի տակ ներթափանցում է ամենուր ԱԺ, կառավարություն , ՏԻՄ, քաղաքական ցնցումներից ու ճգնաժամերից հնարավոր չէ զերձ մնալ։ Այն հատուկ ստեղծված է Քոչարյանի կողմից, ղեկավարվում է նրա կողմից և Ծառուկյանը հլու հնազանդ կատարում է նրա ինստրուկցիաները։ Եվ որպես կանոն նա միշտ բացակայում է ԱԺ տեղի ունեցող ոչ սովորական անցուդարձերից։ Վաուց հասունացել է ոչ միայն Քոչարյանին, այլ նրա թարախային մետաստազներին վնասազերձելու հարցը։ Ինչ է նշանակում Գագիկ Ծառուկյան բիզնեսմեն կամ բարեգործ երբ նրա ողջ ունեցոածքի 80-90% պատկանում է Ռ․ Քոչարյանին և տասնյակ տարիներ նա չի մուծել ոչ միայն հարկերի ճնշող մասը, այլ նաև ջրի էլ․ հոսանքի գազի վարձերը։ Այն սարը որը նա վեր է ածել սեփական կալվածքի հանդիսանում է միջազգային գեոդեզիական ցանցի կարևոր տրիանգուլացիոն կետորից մեկ իր հատուկ համարանիշով։ Ոչ ոք Ծառուկյանին չի ասել, որ նա իրավունք չունի սարը սեփականացնելու և առավել ևս այն կառուցապատելու։Արժե հիշել հայտնի «աղվեսի ու կկվի» մասին բանաստեղծության տողերը․ «Ով է տվել են լրբին սար, սարը ամենքին է հավասար»։Հարկ է նշել նաև, որ այդ սարն ամբողջությամբ մշակվում կանաչապատվում, ծառատնկվում է Երևան մտնող խմելու ջրատարից և լիովին անվճար։ Սարը յուրացնելուց հետո շրջակա բոլոր գյուղերը գրեթե զրկվել են նորմալ ջրամատակարարումից։ Չեմ կարծում, որ «Երևան ջուրը» սրանից անտեղյակ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter