HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Վրացի գործարարը վաճառում է Թումանյանի բնակարանը. կկարողանա՞նք գնել

Հովհաննես Թումանյանի` Թբիլիսիում գտնվող տան չորս սենյակները Վրաստանի կառավարության կողմից դեռ 90-ական թթ. որպես սեփականություն հանձնվել են վրացի խոշոր գործարար Լեժավային: Վերջինիս որդին` Արչիլ Լեժավան, այսօր որոշել է գրողի դեռևս անփոփոխ պահպանված  տունը վաճառել «Ջորջիա Թուրան» ընկերությանը` հոր վիրահատության ծախսերը հոգալու համար: Այս փաստը վերջապես անհանգստացրել է  ՀՀ կառավարությանը:

Թումանյանի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը, այսօր լրագրողներին պատմեց, որ մենք ժամանակին հնարավորություն ենք ունեցել ավագ Լեժավայից գնել Թումանյանի բնակարանի` նրան որպես սեփականություն հանձնված  չորս սենյակները: Թեպետ Վրաստանի կառավարությունը իր պարտքի դիմաց խոշոր գործարարին այդպես էր վճարել, բայց Լեժավան, իմանալով, որ իր ձեռքում Թումանյանի բնակարանն է, ոչնչի ձեռք չի տվել:

«2004 թ. ես ու ամուսինս հանդիպեցինք Լեժավայի  հետ,- պատմում է տիկին Իրման,-  շատ ազնիվ մարդ էր, ասաց, որ ճանաչում է Թումանյանին և անհարմար է զգում  տան մեջ որևէ բան փոխել: Առաջարկեց  իրեն վճարել 25.000 դոլար, և ինքը մեզ կվերադարձնի այդ չորս սենյակները»: Անհրաժեշտ գումարը հայ պաշտոնյաներից ոչ ոք չի տրամադրել «փող չկա» պատասխանով: Վրացի գործարարը  շարունակել է անփոփոխ  պահպանել հայ գրողի տունը մինչև 2008 թ.: Բայց երբ հիվանդացել է, որդին` Արչիլ Լեժավան, հայ մշակութային օջախից ավելի թանկ է գնահատել իր հոր առողջությունը և որոշել է անհրաժեշտ գումարը ձեռք բերելու համար վաճառել բնակարանը:

ՀՀ կառավարությունն ու մշակույթի նախարարությունը որոշել են պատվիրակություն ուղարկել Թբիլիսի` Լեժավայի հետ բանակցելու համար: «Քանի որ Թբիլիսիից ստացվող տեղեկությունը հաճախ հակասական է և իրարամերժ, ապա իրական վիճակը գնահատելու, փաստերը ճշգրտելու և համապատասխան որոշում կայացնելու համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը որոշեցին, որ  գրողների միության նախագահի գլխավորությամբ մի փոքրիկ պատվիրակություն մեկնի Թբիլիսի»,- լրագրողներին ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը: Բանակցություններ վարելու հնարավորություն է տալիս այն հանգամանքը, որ չնայած Լեժավայի որդին բնակարանը հանձնել է «Ջորջիա Թուրան» ընկերությանը, բայց վաճառքի պայմանագիր ընկերության և գործարարի միջև դեռևս  չի կնքվել:

ՀՀ կառավարությունը, ըստ Լևոն Անանյանին, անձամբ շահագրգռված է, որ բանակցությունների արդյունքում  հարցին տրվի «դրական» և «խոհեմ» լուծում: Հաշվարկվել է, որ պատվիրակությանը Լեժավայի տրամադրության տակ գտնվող 120 քմ  տարածքը գնելու համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 70.000 դոլլար, քանի որ Թբիլիսիի այդ շրջանում 1 քմ հողակտորը գնահատվում է մոտավորապես 600-700 դոլար:

Երեկ «Ջորջիա Թուրան» ընկերության աշխատակիցները այցելել են գրողի ծոռնուհուն՝ Ալյոնա Թումանյանին, և առաջարկել տան մնացած երեք սենյակները նույնպես վաճառել իրենց ընկերությանը: Ալյոնան մերժել է:  Նա տիկին Իրմային ասել է, որ կվաճառի իր տարածքը միայն այն դեպքում, եթե  Լեժավան համաձայնի իր չորս սենյակները տրամադրել հայ համայնքին որպես մշակութային կենտրոն:

«Ճիշտ է, մեզ համար լավ կլիներ, եթե կարողանայինք ամբողջությամբ գնել բնակարանը, բայց քանի որ դա շատ թանկ է, դեռևս առաջնային է Լեժավայի տարածքը ձեռք բերելու հարցը»,- ասաց Լևոն Անանյանը:  

Ալյոնա Թումանյանի երեք սենյակները վաճառելու պայամանով Լեժավայի չորս սենյակները ձեռք բերելը, ինչպես ենթադրել տվեցին բանախոսները, լինելու են հայկական պատվիրակության վաղվա բանակցությունների հիմքում:  «Մեզ համար թանկ է հատկապես Լեժավայի տարածքը, որովհետև այնտեղ է ապրել Թումանյանը, այնտեղ է նրա առանձնասենյակը»,- ասում է տիկին Իրման: Թե ովքեր են վաղը մեկնելու Թբիլիսի բացի իրենից, Լևոն Անանյանը պատասխանեց. «Մեկ-երկու հոգի»:

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ավելի վաղ իր բլոգում անդրադարձել էր Թումանյանի թբիլիսյան տան խնդրին:

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ կցանկանար շատերի պես լավատես ներկայանալ. «Սակայն անցած ժամանակների դառը փորձը հուշում է, որ մենք մեկընդմիշտ կկորցնենք Թումանյանի տունը: Եվ այդ դեպքում այլևս բոլորովին կարևոր չի լինելու` ով գնեց, ինչ նպատակով, կամ ով էր մեղավոր»:

Նրա կարծիքով` եթե Ալյոնա Թումանյանը չվաճառի իր տարածքը «Ջորջիա Թուրանին», ապա «հազիվ թե վրացիների համար մեծ դժվարություն ներկայացնի մի ծեր կնոջ սեփականությունից զրկելը, երբ նրանք տրակտորներով Խոջիվանքի գերեզմանատուն են քանդում, հայկական եկեղեցիներ են հրկիզում ու Ջավախք հայաթափում»:

Գրականագետը մեծ ակնկալիքներ չունի նաև վաղը հայկական պատվիրակության` Վրաստան կատարելիք այցից. «Ինչի՞ համար է դա, ինչո՞ւ ավելի վաղ չէր արվում, և ընդհանրապես ե՞րբ պիտի մենք ունենանք համակարգված մոտեցումներ ու ռազմավարություն այլ երկրներում հայկական մշակութային արժեքների պահպանման համար»:

Մեկնաբանություններ (3)

W. Wallace
Հետքին երախտապար կլինեի պարզելու համար, արդյո՞ք ճիշտ է, թե տունը ձեռք է բերելու կամ արդեն դա արել է Գ. Ծառուկյանը եւ արդյունքները հրապարակելու համար: Եթե իրականությանը համապատասխանի, ապա ինչ կարող եմ ասել...մեր կառավարության եւ երկրի խայտառակությունը կլինի...
gayane
1. Amalia համաձան եմ ձեր հետ, 70.000 դոլարը մեծ գումար չի նույնիսկ ժողովրդի համար, եթե այն ուղղվում է Ամենայն Հայոց Բանաստեղծի հիշատակին: Առաջարկում եմ, որ հենց Հետքը բացի հաշվեհամար և ժողովրդական օժանդակությամբ գնի Թումանյանի տունը: հավատում եմ, որ շատ կարճ ընթացքում գումար կհավաքվի: Նաև ուր է Ծառուկյանի մշակույթին աջակցելու համար խոստացած 100.000 և ավելի դոլարի խոստումը, թող այս նպատակով օգտագործեն: Ավելի տեսանելի ու հասկանալի կլինի:
Amalia
Զարմանալին այն է, որ այս լուրերը հունից հանում են միայն շարքային քաղաքացուն: Ոչ պետության պաշտոնյաներին է սա հուզում, ոչ իրենց օլիգարխ համարող ունևորներին (հեյ գիտի Մանթաշով...): Թող մի անգամ էլ “Հայաստան” հիմնադրամին համաշխարհային հայության կողմից նվիրաբերված գումարները ծառայեն հայության համար մասունք հանդիսացող արժեքների ձեռքբերմանը: Միգուցե ազգովի հանգանակություն անենք, հաշվի առնելով առկա բնակչության իրական թիվը? Հավատացած եմ, որ օրվա հացի կարոտ հայը չի զլանա վերջին 500 դրամը տալ այս նպատակի համար: Թերևս սա միակ գործուն տարբերակն է... Միթե մեր երկիրն այնքան աղքատ է, որ 70 հազար դոլարը խնդիր է հանդիսանում այս պետության համար: Ինչու Լեժավան կարող է երկյուղածությամբ վերաբերվել հայոց մեծ բանաստեղծի բնակարանին, իսկ հայոց պետությունը` ոչ: Ի վերջո, այսօր Կառավարությունը նիստ է ունենալու, թող հրատապ անդրադարձ անի այս հարցին: Գեթ մեկ անգամ կարելի է ժամանակին իրար անցնել: Թե չէ սրան-նրան մեր արժեքների ոչնչացման մեջ հետին թվով մեղադրելու մեջ այդքան հմտացած ենք…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter