HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Հայկական ստարտափ. ggShuttle-ով կերթևեկի մի քանի ուղևոր

ggShuttle-ը gg ընկերության նոր պրոդուկտն է, որի նպատակն է ներքաղաքային եւ միջքաղաքային երթեւեկությունն ու մարդկանց տեղաշարժը դարձնել ավելի հարմարավետ, հասանելի ու մատչելի։ ggShuttle-ը gg հավելվածին կից հնարավորություն է, որի միջոցով կարելի է երթեւեկել այլ մարդկանց հետ միեւնույն մեքենայով ու վճարել ավելի քիչ։ 

Մեքենա պատվիրելիս gg հավելվածում հնարավոր է տեսնել արդեն իսկ մշակված երթուղիներն ու դրանց ժամերը, ընտրել ամենահարմարը, տեղ ամրագրել՝ քարտով վճարում կատարելով, եւ քաղաքի մի կետից մյուսը տեղափոխվել նույն ուղղությունն ընտրած այլ մարդկանց հետ։ 

gg ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը նշում է. «Եթե մարդ պետք է Նոր Նորքից գնա կենտրոն ու վճարի, օրինակ` 900 դրամ, ապա այս դեպքում նույն ճանապարհը կարող է գնալ այլ մարդկանց հետ, ինչպես երթուղայինում, եւ վճարի 300 դրամ։ Մոդելը շատ հետաքրքիր է՝ մարդ խնայում է 3 անգամ, իսկ մեր գործընկերը՝ վարորդը, վաստակում է 2 անգամ շատ՝ 900 դրամի փոխարեն 1800 դրամ, որովհետեւ մեքենան ունի 6 մարդ տեղափոխելու հնարավորություն, իսկ յուրաքանչյուրը մուծում է 300 դրամ։ Այսինքն՝ սա երկու կողմի համար էլ շահավետ է ու հարմար։ Բացի այդ՝ վճարման գումարը միջինում կազմելու է 200-300 դրամ՝ անկախ նախապես գրանցված մարդկանց քանակից։ Եթե բավարար քանակով մարդ չի լինում տվյալ երթուղու համար, ընկերությունը վարորդին վճարում է մնացած գումարը»։ 

Խաչատուրի խոսքով՝ ggShuttle-ը մրցակիցների նկատմամբ ունի առավելություններ, ձեւաչափային տարբերություններ, իսկ որպես «ենթակառուցվածք» ամբողջական է, նոր է ու բխում է ինչպես քաղաքացիների, այնպես էլ վարորդների շահերից։ Եթե gg-ն նման էր մրցակիցներին՝ չնայած բիզնես մոդելի ու տրամադրած որակի տարբերություններին, ապա ggShuttle-ն ամբողջովին նոր պրոդուկտ է, որը լուծում է տարբեր խնդիրներ։ Այսինքն՝ այս մոդելը շատ արագ կարող է տարածում գտնել ու կիրառվել ոչ միայն Հայաստանում, այլեւ բազմաթիվ այլ երկրներում։ 

Խաչատուրի կարծիքով ggShuttle-ը կնպաստի օդի աղտոտվածության նվազեցմանը, քանի որ մեկ մեքենայից միաժամանակ մի քանի մարդ կօգտվի, ու միեւնույն պահին նույն ուղղությամբ մի քանի մեքենայի փոխարեն մեկը կգնա։ Բացի այդ, քաղաքում կան շատ տեղեր, որոնք հանրային տրանսպորտը չի սպասարկում, ու այդ հատվածները կորցնում են իրենց «արժեքը», որի պատճառով էլ քաղաքի տարբեր ծայրերի կապվածությունը թուլանում է։ Այսօր հանրային տրանսպորտը երթեւեկության խնդիրը լուծում է շատ էժան, բայց ունի շատ բացեր անվտանգության, հիգիենայի, հասանելիության, ժամանակ խնայելու եւ այլ տեսանկյուններից. աշխատանքի հասնելու համար մարդ ստիպված է բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարել։ ggShuttle-ը կկապի քաղաքի բոլոր ծայրերը, ու մարդ աշխատանքի գնալիս ավելի վստահ կլինի, որ ժամանակին տեղ կհասնի ու շատ փորձությունների միջով չի անցնի։ 

Այն նաեւ հարմարավետ ենթակառուցվածք է զբոսաշրջիկների համար, որոնք կունենան էժան, բայց հարմար երթեւեկելու հնարավորություն։ Քանի որ տեղն ամրագրելու համար մարդիկ պետք է նախապես վճարում կատարեն քարտով, ggShuttle-ի շնորհիվ Հայաստանում ավելի լայն տարածում կսկսի ունենալ քարտով վճարելու մշակույթը։ Խաչատուրի խոսքով՝ դա ոչ միայն հարմար է, այլեւ թարմ մոտեցում է, ինչը Հայաստանը աշխարհում ավելի ներկայանալի է դարձնում։ Նախնական վճարումը պարտադիր է ապահովության տեսանկյունից, որպեսզի այնպես չստացվի, որ մեկն ամրագրի իր տեղը՝ մյուսին զրկելով այդ հնարավորությունից, բայց հետո մոռանա այդ մասին։ 

ggShuttle-ի նպատակն է ավելի հեշտ ու հարմար տարբերակով իրար միացնել գյուղերը մարզկենտրոններին, քաղաքները՝ մայրաքաղաքին։ Խաչատուրը նշում է, որ հիմա կա մեծ բաց Հայաստանի փոքր քաղաքներն իրար կապելու տեսանկյունից։ Մեքենա չունենալու դեպքում մարդիկ մի քաղաքից կամ գյուղից մյուսը գնալու համար շատ ժամանակ են կորցնում ու շատ դժվարությունների միջով անցնում։ Սկսելով Երեւանից ու մի քանի մեծ ու փոքր քաղաքներից՝ gg ընկերության թիմի նպատակն է ggShuttle-ը հասցնել գյուղեր ու փոխել հանրային տրանսպորտի որակն ու ծառայություններն ամբողջ Հայաստանով։ Ժամանակի ընթացքում կավելանան նաեւ երթուղիներն ու դրանց ժամերը։ 

Հավելվածն այժմ հասանելի է եւ՛ iOS, եւ՛ Android համակարգերի համար։ Մեքենաներն այս պահին հիմնականում նախատեսված են 6 կամ 7 հոգու, իսկ առաջիկայում մինչեւ 12 հոգու համար։ Կլինեն նաեւ միջքաղաքային ավտոբուսներ։ 

Խաչատուրի համոզմամբ, ունեն ուժեղ թիմ, որն ամեն օր ավելի մրցունակ է դառնում, ավելի շատ է աշխատում, ու այս պրոդուկտը կարողացել են ստեղծել ընդամենը 1.5-2 ամսվա ընթացքում։ Ունեն տվյալների մեծ բազաներ, որոնց հիման վրա մշակում են երթուղիները՝ ըստ պահանջարկի ու ակնկալում են, որ շատ շուտով բոլոր քաղաքներում հանրային տրանսպորտը կաշխատի գնացքի ու օդանավի նման՝ կշարժվի հստակ ժամի ու կունենա հստակ երթուղի։ 

Մեկնաբանություններ (2)

Անի
Բարեվ Ձեզ՚ Թբիլիսյան խճուղի. 25 - ից կա դեպի Ե րիտասարդան մետրո 18:05 -ից
Գոհար Հովհաննիսյան
Ուզում եմ իմանալ՝ Շահումյան հրապարակից դեպի Ադոնցի փողոց երթուղի կա՞ ժամը 18.00-18.15 ժամանակահատվածում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter