
Դատախազությունն ուսումնասիրում է պաշտոնյաների կողմից 60 հա անտառ սեփականաշնորհելու հանգամանքը
Պաշտոնատար անձանց կողմից Ծաղկաձորում անտառային հողակտորներ գնելու մասին «Հետք»-ի հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
««Հետք» էլեկտրոնային թերթի 2018թ. սեպտեմբերի 28-ի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվող ուսումնասիրության շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից և Հրազդանի համայնքապետարանից պահանջել է տեղեկատվություն և փաստաթղթեր»,- փոխանցեցին գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ ուսումնասիրության արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեն:
«Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հոդվածում «Հետք»-ը կարողացել էր պարզել, թե ինչպես է հատուկ պահպանվող տարածքը դարձել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց, երբեմն էլ հենց պաշտոնյաների սեփականությունը: Գործարքի արդյունքում հողակտորներ են ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կինը, Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կինը, Արամ Դանիելյանի նախկին խորհրդականի որդին, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորները, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ կապ ունեցող անձինք, Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Հրաչյա Աղաջանյանը և այլք:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել