HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սուրեն Աբրահամյան. «Հերիք է, որ Սերժ Սարգսյանը ձեռքը թեթեւ խփի սեղանին…»

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի համոզմամբ՝ ԱԺ պատգամավոր կարող է լինել շատ գրագետ, ազնիվ, իր գործին նվիրված մարդը: «Մնացած բոլոր դեպքերը՝ անկախ նրանց պրոֆեսիոնալ պատկանելիությունից կամ սոցիալական խավից, ես համարում եմ անընդունելի: Մենք փոխանակ նայենք ԱԺ պատգամավորների որակին, նայում ենք նրանց սոցիալական ծագմանը կամ պրոֆեսիոնալ շերտավորմանը: Սա արվում է միտումնավոր: Փոխանակ ժողովրդին քարոզեն, որ գնա եւ ընտրի լավագույնին, ուրիշ բաներ են ասում՝ քանի որ գործարար է, ուրեմն պատգամավոր չպիտի լինի… Ի՞նչ կապ ունի նրա պրոֆեսիոնալ զբաղմունքը»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը զուտ տեսական առումով համամիտ է Մ. Բադեյանի հետ. «Վերջին հաշվով մարդու մասնագիտությունը պետք է կապ չունենա նրա ընտրած քաղաքական ուղղու, դիրքրոշման հետ: Բայց դա նորմալ երկրի պարագայում է: Այս երկրիրը մեկ չլուծված խնդիր ունի, մնացածը ածանցյալ են դրան. դա արդար ընտրությունների անցկացման գաղափարն է: Օրակարգում արդար ընտրությունների հարցը համլետյան լինել-չլինելու նման այս ժողովրդի, երկրի գլխին կախված է: Բոլորն էլ դա գիտակցում են՝ ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ»:

Բադեյանը համաձայն չէ, որ այսօր Հայաստանում կուսակցությունների վերնախավում է որոշվում, ով պետք է լինի թեկնածու, ով ոչ: Ըստ նրա՝ կուսակցության ցուցակով ընտրվելը երաշխիք չէ, որ այդ մարդը պետք է լինի բանիմաց: Որպես ելք, ՀՀԿ-ական գործչի կարծիքով, ցանկացած ոլորտում ընտրության համար պետք է բարձր չափանիշներ դրվեն թեկնածուների առաջ, իսկ դա պետք է անի ժողովուրդը:

Աբրահամյանը հակադարձում է՝ նշելով, որ իշխանությունները որդեգրել են ամեն հարցում հասարակությանը քավության նոխազ դարձնելու գործելաոճ՝ բանակ, քաղաքականություն… Ըստ ընդդիմադիր գործչի՝ արդար ընտրություններ անցկացնելու հանգամանքը առաջին հերթին կախված է իշխանություններից: «Երեք նախագահներից ոչ ոք այնպիսի բացարձակ իշխանություն չի ունեցել, որքան Սերժ Սարգսյանը: Հերիք է, որ Սերժ Սարգսյանը ձեռքը թեթեւ խփի սեղանին, ասի՝ տղերք, փող չբաժանեք, չկեղծեք, գնում ենք արդար ընտրությունների, հերիք ա էս ժողովրդին փչացնեք»:

«Ինձ ասել է»,- պատասխանում է ՀՀԿ-ական պատգամավորը: «Ախր Ձեզ չպիտի ասի, Դուք չեք կաշառք բաժանում: Չեք պատկերացնում, թե ներքին օղակներում ինչ է կատարվում»,- կրկին հակադարձում է Աբրահամյանը: Բադեյանն էլ նշում է, թե միայն կաշառք բաժանողի հարցը լուծելով չի լինի, պետք է նաեւ ժողովրդին հասկացնել, որ դա ճիշտ չէ. «Ժողովրդի միջոցով են խախտումներն արվում: Եկեք նստենք ու պայմանավորվենք, որ բոլ ա ըտենց բաներ անենք»: ՀՀԿ-ականը հավելում է, որ խախտումներ անում է նաեւ ընդդիմությունը:

Մանվել Բադեյանը դեռ չի կողմնորոշվել առաջադրվելու է մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով: Սուրեն Աբրահամյանն էլ ասում է, որ «Հանրապետություն» կուսակցությունը գոնե 12-15 հոգու առաջադրել մեծամասնական տեղերի համար, իսկ ՀԱԿ-ի ցուցակում իր կուսակցության անդամների ներկայացվածության հարցում խնդիր չի տեսնում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter