HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւմ աչքերին է ուզում թոզ փչել սոցապ նախարարությունը` վարչապետի՞, թե՞ շահառուների

Անահիտ Բախշյան

Սույն թվականի հունվարի 12-ի «Հետք» լրատվական կայքէջում տեղադրված էր նախարարության պատասխանը մանկատան շրջանավարտների օթևանի վերաբերյալ:

Այնտեղ նշված էր, որ 2011 թվականի ընթացքում մանկատան շրջանավարտներին Գյումրիում տրամադրվել է 6  և Մարալիկում՝ 12 բնակարան: Նախատեսվել է Լոռու մարզի մանկատան շրջանավարտներին բնակմակերես տրամադրել Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում:

Այնուհետև հոդվածագիրը, մեջբերում անելով «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածից, տեղեկացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ՀՀ-ն նրանց բնակարանով ապահովելու պարտավորություն չունի, այլ կարող է տրամադրել մեկ սենյակի չափով առանձնացված բնակելի տարածություն:

Հոդվածագրի համար մեջբերում եմ նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետը` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանի իրավունքի ապահովում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Սա նշանակում է, որ ՀՀ պետությունը օրենքով է ստանձնել այդ կարգավիճակն ունեցող երեխաներին բնակտարածությամբ ապահովելու պարտավորություն, ընդ որում` արտահերթ, ինչպես գրված է օրենքում: 2003 թվականից ՀՀ պետբյուջեն գումարներ է նախատեսել այս նպատակի համար: Այլ հարց է, թե նախարարությունը որքանով է նպատակային ու արդյունավետ տնօրինել դրանք:

Բազմաթիվ անգամ հասարակությանը ներկայացրել ենք ՎՊ-ի հրապարակած հաշվետվություններն այս մասին, որոնցից պարզ է դառնում, թե ինչպիսի հանցավոր մտքերով ու առանց խղճի խայթ զգալու պատկան մարմինները` սոցիալական ապահովության նախարարության մասնակցությամբ, ծախսել են այդ գումարները:

Մեկ անգամ ևս հրապարակում ենք հատված ՎՊ-ի հաշվետվությունից. «2007-2009թթ. ընթացքում «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանով ապահովման» երկու ծրագրերի շրջանակներում պետք է գնվեր 201 բնակարան, որի համար ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 1.512.0 մլն ՀՀ դրամ, մինչդեռ փաստացի ձեռք է բերվել 40 բնակարան, որի համար ծախսվել է ընդամենը 274.5 մլն դրամ, կամ ծրագիրը կատարվել է 20%-ով: Պետական ծրագրերի հանդեպ ցուցաբերած անպատասխանատու վերաբերմունքի պատճառով 2008-2009 թթ. բյուջետային միջոցներով` 1 մլրդ 47 մլն 2 հազար ՀՀ դրամ, ոչ մի բնակարան չի գնվել»:

Հաշվետվությունում նշված են նաև փաստացի այն հասցեները, որոնք գնվել են, բայց մարդկանց ապրելու համար պարզապես պիտանի չեն: Բնակարաններ չեն գնվել նաև 2010-2011թթ., չեն գնվելու 2012թվականին, որովհետև ՀՀ պետբյուջեն արդեն երեք տարի է՝ դրա համար միջոցներ չի նախատեսել: 

ՀՀ կառավարությունը, տեսնելով տարիներ շարունակ հատկացված գումարների հանցագործ վատնումը, փաստորեն, գտել է հեշտ ճանապարհը՝ սոցապ նախարարությանն ասում է՝ ձեզ փող չեմ տալու, որովհետև նախորդ տարիների փողը մսխել եք:

Իսկ նախարարությունում այսօր էլ շարունակում են աշխատել այն մարդիկ, ովքեր պատասխանատու են այս ծրագրերը տապալելու համար: Սակայն այս ամենից ո՞վ է տուժել և տուժում` շահառուները, որոնք լինելով ՀՀ քաղաքացիներ և ՀՀ Սահմանադրությամբ ունենալով բոլոր իրավունքներն ու պարտականությունները՝ մանկատնից հետո արդեն հինգ տարի է՝ պետությունից չեն ստանում օրենքով նախատեսված ապրելու համար նվազագույն պայմանները: 

Տղաներին, որտեղ էլ որ ապրեն, բանակ են տանում՝ երբեմն առանց անձնագիր տալու, իսկ բանակից հետո նրանցից ոմանք անձնագիր չեն էլ ստանում, ինչպես Վանաձորի մանկատան շրջանավարտ Արտյոմ Տերյոշինը կամ 35-ամյա Նիկողոսյան Իգորը, ում անձնագիր տրվեց անձամբ ոստիկանապետի հանձնարարությունից հետո, որի մասին գրվեց «Հետք»-ում: Այս հրապարակմամբ խնդրում եմ ոստիկանապետին միջնորդել նաև Արտյոմ Տերյոշինի համար:

Ավելացնեմ, որ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին խնդրել եմ տրամադրել Գյումրիում տրամադրված 6  և Մարալիկում` 12 բնակարան ստացած անձանց ցուցակները` իրենց ստույգ հասցեներով, որովհետև 2011թ. ապրիլին ինձ դիմած Կարեն Միրզոյանին նախարարությունը դեռ սեպտեմբերին է Մարալիկում խոստացել բնակարան տալ և մինչ օրս տղան այն չի ստացել:

Բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանների հերթացուցակի մասին հոդվածում նշված է 200 հոգի, այնինչ նախարարի ստորագրությամբ 30.10.2011թ. տրամադրած ցուցակում նշված  է 111 հոգի, որոնք օրենքով պետք է արտահերթ ստանային բնակարան: Իսկ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շահառուների ցուցակում 210 հոգի են ցուցակագրված: Ստացվում է ընդամենը 322 շահառու: Ո՞ւմ աչքերին է ուզում թոզ փչել  նախարարությունը`  ՀՀ վարչապետի՞, թե՞ շահառուների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter