HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

Նախկին ոստիկանը դատապարտվեց մարդկանց վաճառքի հոդվածով

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ոստիկանության նախկին աշխատակից Ալիկ Գասպարյանին մեղավոր ճանաչեց ՀՀ Քր.օր-ի 132 հոդվածով (մարդկանց առեւտուր) եւ դատապարտեց ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով: (Տես նաեւ' Դուբայը շարունակում է գրավել «հեքիաթային» կյանք փնտրողներին):

Ալիկ Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործով հոկտեմբերի 12-ի դատական նիստին ամբաստանյալը մերժեց նախաքննության ընթացքում տված իր բոլոր 3 ցուցմունքները, որտեղ նա իրեն լիովին մեղավոր էր ճանաչել, եւ ներկայացրեց մեկ այլ պատմություն: Ըստ Ա. Գասպարյանի' ոչ թե ինքն է խաբել գործով տուժող Անահիտին, այլ վերջինս' իրեն: Աբաստանյալն ասում էր, թե Անահիտի հետ ծանոթությունից հետո վերջինս անընդհատ հետապնդում էր իրեն ու հանդիպումներ պահանջում. «Իսկ ես փող չունեի նրա հետ հանդիպելու համար: Անահիտն իր ոսկեղենը բերեց, միասին գնացինք ոսկու շուկա: Ոսկեղենը գնահատեցին 90 դոլար: Իսկ ինքը խաբում, ասում է 400 դոլարի ոսկեղենս»: 90 դոլարը Ալիկը հանձնել է Անահիտին, որից հետո վերջինս իրենց հանդիպումը կազմակերպելու համար 30 դոլար է տվել Ալիկին:

«Էդ 30 դոլարով գնացինք օբյեկտ: Մի քանի բաժակ խմելուց հետո նա լացելով պատմեց, որ աղջկան մի ոստիկան է բռնաբարել: Ես առաջարկեցի էդ հարցերը լուծել, բայց Անահիտը ասաց, որ ինքը կզբաղվի այդ խնդրով»,-դատարանում պատմությունը շարունակեց Ա. Գասպարյանը: Մի քանի օր անց Անահիտը նորից արտասվելով պատմում է Ալիկին, որ աղջկան խաբեությամբ Դուբայ են տարել, եւ հիմա նա պետք է դստերը վերադարձնի: Ալիկն էլ Դուբայում ժամանակավորապես բնակվող իր վաղեմի ընկերուհուն' Լուսիկ Քոչարյանին, խնդրում է մուտքի վիզա պատրաստել Անահիտի համար: Անահիտը մեկնում է Դուբայ: Մեկ ամիս անց մեկնում է նաեւ Ալիկը: Դուբայում գտնվելու 4-րդ օրը Ալիկն «անակնկալի է գալիս. Անահիտը Դուբայ է եկել ոչ թե աղջկան փրկելու, այլ աշխատելու համար» ( նկատի ունի մարմնավաճառությամբ զբաղվելը-Վ. Զ. ) :

Ամբաստանյալը ցուցմունքի ժամանակ այնքան սահուն ու վստահ էր նշում գրեթե բոլոր հայտնի կավատների անունները, որ դատավորը շփոթված հարցրեց, թե եթե Ա. Գասպարյանն իրեն զոհ ու խաբված է համարում այս պատմության մեջ, որտեղի՞ց է ճանաչում արդեն վաղուց հետախուզման մեջ գտնվող կավատներին: Ամբաստանյալը պատասխանեց. «Դե, հարգելի դատավոր, որ մի սենյակում 20 հոգի մարդ ապրի ու մեծ մասը' կին, էլ ի՞նչ եք ուզում: Ամեն մեկն էլ մի բան որ ասի, արդեն բավական է: Բացի այդ, տեսել եմ, շատ բան հասկացել»:

Դատախազի այն հարցին, թե ինչու է ամբաստանյալը նախաքննական բոլոր ցուցմունքների ժամանակ իրեն լիովին մեղավոր ճանաչել, Ա. Գասպարյանը տվեց հետեւյալ անտրամաբանական բացատրությունը. «Դատախազությունում ցուցմունք տալու ժամանակ քննիչն ասաց, որ լավ կլինի ինձ մեղավոր ճանաչեմ, քանի որ այդ դեպքում ինձ քրեակատարողական հիմնարկում չեն պահի, ես կգնամ տուն, իսկ դատի ժամանակ կգամ: Ես չէի ուզում, որ ընտանիքս ինչ-որ բան իմանա: Դրա համար էլ ինձ մեղավոր եմ ճանաչել»:

Ալիկ Գասպարյանը շատ հանգիստ էր զգում իրեն դատական նիստերի ժամանակ, նա չէր ցանկացել անգամ դատապաշտպան ունենալ' պատճառաբանելով, թե «օրենքի» մարդ է:

Նշենք, որ ամբաստանյալը նախկինում մեկ անգամ արդեն հայտնվել է մեղադրյալի աթոռին. 1996թ. Ալիկ Գասպարյանը դատապարտվել է ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է' «Գույքի հափշտակում գողության միջոցով»: Ալիկ Գասպարյանն իրեն մեղավոր էր ճանաչել ոչ միայն ցուցմունքների, այլ նաեւ Անահիտի հետ առերեսման ժամանակ: Դատախազի հարցին, թե ինչու ամբաստանյալը գրավոր կամ բանավոր կերպով չի դիմել որեւէ մեկին կամ հաջորդ ցուցմունքների ժամանակ չի բացատրել, որ իր առաջին ցուցմունքը սխալ էր, որ քննիչը սխալ տեղեկություն է տվել, Ա. Գասպարյանը պատասխանեց. «Բա ես է՞ն մարդն եմ, որ ինչ-որ մեկի վրա թուղթ գրեմ կամ մատս վրան դնեմ: Որոշեցի, որ դատարանում ճիշտը կպատմեմ ու վերջ»:

Դատախազը դատարանից պահանջեց 6 տարի ազատազրկում սահմանել Ալիկ Գասպարյանի համար, իսկ Անահիտի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն էլ պահանջեց ամբաստանյալից բռնագանձել ոսկեղենի դիմաց ստացած 400 ԱՄՆ դոլարը: Ա. Գասպարյանն իր վերջին խոսքին պատրաստվելու համար դատարանից մի քանի օր ժամանակ խնդրեց:

Հոկտեմբերի 17-ի դատական նիստի ժամանակ Ալիկ Գասպարյանի ճառը ցնցեց բոլորին. «Երկար եմ մտածել, բայց այդպես էլ բան չգտա ասելու: Ուղղակի դատարանից խնդրում եմ որքան հնարավոր է մեղմ վճիռ կայացնել»: Դատարանը Ալիկ Գասպարյանին դատապարտեց 5 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Անահիտի' 400 ԱՄՆ դոլարի բռնագանձման հայցը մերժեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter