HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Կամերային այգում շինարարությունը դադարեցվել է

«Երկու կառույցները' բիլիարդանոցը եւ զուգարանը, արդեն ապամոնտաժվել են, շինարարությունը այգում դադարեցված է: Քաղաքապետը խոստացել է հանել բետոնապատ շինությունները այգուց»,-նոյեմբերի 6-ին Կամերային երաժշտության տանը կայացած համերգի ընթացքում հանդիսատեսին դիմելով' հայտնեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Նշենք, որ մինչ այդ «SOS Երեւան» դաշինքի կազմակերպած միջոցառումներին Ա. Ղարաբեկյանը այլեւս չէր մասնակցում եւ նույնիսկ իր խմբի անդամներին արգելել էր մասնակցել երթին եւ Օպերայի հրապարակում կայացած համերգին (Տես նաեւ' «SOS Երեւան» կոալիցիան շարունակում է պայքարը): Նա Կամերային այգում ընթացող շինարարության հարցը լուծված համարեց, իսկ քաղաքի կանաչ տարածքների պահպանման խնդիրը, պարզվում է, նրան բոլորովին չի հետաքրքրում:

Հոկտեմբերի 30-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական թողարկմանը հյուրընկալվելով' ՀՀ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հերքեց մեր հրապարակած տեղեկությունը, որ այդ կառույցներն իրեն են պատկանում. «Այդ նյութում հրապարակված տեղեկատվության հետ որեւէ առնչություն չունեմ ... »:

Նա նշեց, որ նյութը պատվիրված է, եւ ինքը գիտի, թե ով է պատվիրատուն (Տես նաեւ' Մանվել Բադալյանը զավթել է Կամերային տան հանրային այգին): Թե ինչու է հրապարակումից բավականին ժամանակ անց միայն Մանվել Բադալյանը որոշել հերքել, այնքան էլ դժվար չէ կռահել: Այս հարցի շուրջ քննարկումներ են եղել պետական տարբեր մարմիններում, եւ որոշվել է առայժմ դադարեցնել շինարարությունը:

Մենք պարոն Բադալյանին խորհուրդ ենք տալիս իրեն զրպարտելու համար դիմել դատարան, եթե համոզված է, որ Կամերային երաժշտության տան դիմացի այգում կառուցվող շինություններն իրեն չեն պատկանում:

Քաղաքապետարանի երկու պաշտոնյա համաձայնել են դատարանում վկայություն տալ, որ այդ կառույցները պատկանում են հենց Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին:

Նշենք, որ քաղաքապետարանի աշխատակիցները քաղծառայողներ են, եւ բոլորը հենց Մ. Բադալյանի ղեկավարած խորհրդի հայտարարած մրցույթների արդյունքում են ընտրվում տարբեր պաշտոններում եւ ստանում մասնագիտական որակավարում:

«Առավոտ» օրաթերթի հոկտեմբերի 27-ի համարում անդրադառնալով «Հետքի» հրապարակմանը' Կենտրոն համայնքի թաղապետարանից առանց ստորագրության տվել են հետեւյալ պարզաբանումը. «Երեւանի Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը ի սկզբանե դեմ է եղել Կամերային երաժշտության տան հարեւանությամբ «Ֆլորա֊ Լենդ» ՍՊԸ-֊ի կողմից իրականացվող շինարարությանը եւ մեկ տարի պայքարել է այն կանխելու համար:

Տեղեկացնում ենք, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից շինարարության նախագիծը հաստատվել է 2004թ. մայիսի 19-ին, իսկ շինարարության թույլտվությունը թաղապետի կողմից տրվել է միայն 2005 թ. մայիսի 17֊-ին»: Թաղապետարանից հայտնել են նաեւ, որ ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-֊րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 02.02.2002թ. թիվ 91 որոշման համաձայն' համայնքի ղեկավարը պարտավոր է համաձայնեցված եւ հաստատված ճարտարապետաշինարարական փաստաթղթերի առկայության դեպքում տալ շինարարության թույլտվություն, ինչը եւ կատարվել է:

Թույլտվություն չտալը կդիտվեր օրենքին հակասող գործողություն կամ անգործություն, եւ այդ դեպքում թույլտվությունը կպարտավորեցվեր դատարանի կողմից»:

Պարոն Բեգլարյանը մոռանում է, որ իր համայնքում կատարվող նմանատիպ շինարարությունների դեպքում կարեւորը իր համաձայնությունն է, եւ եթե նա չհաստատեր այդ նախագիծը, նրան ոչ ոք դատարան չէր կանչի: Եթե նա կամ նրա իրավաբանը ուսումնասիրեին քաղաքապետի որոշումը, ապա կտեսնեին, որ այն կայացվել է բազմաթիվ օրենքների խախտումներով:

Օրինական ճանապարհով այդ որոշումը ձեռք բերելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին: Այդուհանդերձ, մենք կարողացանք այն ձեռք բերել: Փորձը ցույց է տալիս, որ Երեւանի քաղաքապետի որոշումները փակ փաստաթղթեր են. այդպես է որոշել քաղաքապետը: Հետո՞ ինչ, որ օրենքով դրանք պետք է հրապարակային եւ հասարակության համար մատչելի լինեն:

Եթե քաղաքապետի որոշումները ժամանակին հրապարակվեին, եւ երեւանցիները տեղյակ լինեին, որ հանրային այգիներում պետք է կառուցապատումներ լինեն, գուցե հնարավոր լիներ կանխել Երեւանի կանաչ տարածքների ոչնչացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter