HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Նաջարյանները դատարանների եւ ՀՀ գլխավոր դատախազության արանքում

Նոյեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր' Պարգեւ Օհանյան) որոշում ընդունեց ՀՀ գլխավոր դատախազության' Գրիգոր Իգիթյանի դեմ քրեական վարույթի կարճման որոշումը վերացնելու մասին: Դատարանը մի անգամ նման որոշում արդեն կայացրել են, սակայն դրանից որեւէ բան չի փոխվել ամերիկահայ բարերար, գործարար Ջորջ Նաջարյանի խախտված իրավունքները վերականգնելու առումով: Երկու տարի շարունակ æորջ Նաջարյանի գործը մեկ հայտնվում է դատարանում, մեկ' Գլխավոր դատախազությունում:

2004 թվականի մայիսի 10-ին ՀՀ Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել Գրիգոր Իգիթյանի կողմից 1996-2003թթ. ընթացքում ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նաջարյանի միջոցներով ձեռք բերված ու կառուցված գույքին, այն է' Երեւանի Աբովյան փող. 32 հասցեում գտնվող ֆոտոխանութին, «Ձորագյուղ» ազգագրական թաղամաս թիվ 4 եւ 11/12 հասցեներում գտնվող շենքերին խաբեության եւ վստահությունը չարաշահելու միջոցով տիրանալու, ինչպես նաեւ պետական հարկերը վճարելուց խուսափելու փաստերի առթիվ (Տես նաեւ' Նաջարյանների գործն արդեն 2 տարի պտտվում է ՀՀ արդարադատության համակարգում) :

Նույն թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Նադիրյանը գտավ, որ Գրիգոր Իգիթյանի արարքում խարդախության հանցակազմ չկա եւ վարույթը կարճելու մասին որոշում կայացրեց:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը 2005 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ վերացրեց կարճման որոշումը' հիմնավորելով, որ այն օրինական չի եղել, եւ չի կատարվել լրիվ եւ օբյեկտիվ նախաքննություն:

Վճռաբեկ դատարանը նշել է նաեւ, որ «նախաքննության ընթացքում անհրաժեշտ է Ջորջ Նաջարյանին ներգրավել որպես տուժող եւ նրա բերած փաստարկների շուրջ կատարել քննություն, հավաքված ապացույցները ենթարկել բազմակողմանի եւ օբյեկտիվ ստուգման ձեռք բերված յուրաքանչյուր ապացույցի վերլուծության, դրանք այլ ապացույցների հետ համադրելու եւ ապացույցների ձեռք բերման աղբյուրները ստուգելու միջոցով, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ' գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, եւ հանգել համապատասխան հետեւության»:

2005 թվականի մայիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազը վերացրել է կարճման որոշումը: Քրեական գործով վարույթը վերսկսվել է: Նախաքննության կատարումը կրկին հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Նադիրյանին: Չորս ամիս անց' օգոստոսի 30-ին, քննիչ Ա. Նադիրյանը կրկին կայացրել է նույն հիմքերով վարույթը կարճելու մասին որոշում:

Ջորջ Նաջարյանի ներկայացուցիչները այդ որոշումը բողոքարկել են քննիչի վերադասին' դատախազին: 2005 թվականի սեպտեմբերի 15-ին Ա. Նադիրյանն իր գրությամբ պատասխանել է, որ «Ձեր բողոքը ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի 2005թ. հոկտեմբերի 15-ի որոշմամբ մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ»:

«Գտնում ենք, որ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումն անօրինական է, չհիմնավորված ու չպատճառաբանված եւ ենթակա է վերացման,-ասում է Ջորջ Նաջարյանի ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը' ավելացնելով,- Նախաքննության մարմինը հերթական անգամ կատարել է քրեական գործի մակերեսային, միակողմանի, թերի եւ ոչ օբյեկտիվ քննություն: Նախաքննությունը վերսկսելուց հետո քննիչները քրեական գործով չեն կատարել որեւէ էական կամ լուրջ քննչական գործողություն»:

Ըստ Ջորջ Նաջարյանի ներկայացուցիչներ Աշոտ Պողոսյանի եւ Հրայր Ղուկասյանի' «Քրեական գործի լուրջ քննության պատրվակ ստեղծելով' քննիչները երեք ամսից ավելի զբաղվել են Գրիգոր Իգիթյանի կողմից կատարված խարդախության հետ որեւէ կապ չունեցող հանգամանքների պարզաբանմամբ, օրինակ' թե գործի վերաբերյալ տեղեկություն ունեցող անձինք, որոնք հետագայում որպես վկա հարցաքննվել են նախաքննության մարմնի կողմից, ՀՀ գլխավոր դատախազությունում ո՞ր օրն են բացատրություն տվել, ինչպե՞ս են եկել դատախազության շենք եւ քանի՞ հոգով:

Նախաքննության ամբողջ ընթացքում անտեսվել են Իգիթյանի կողմից կատարված խարդախության առանցքը կազմող գործողությունների շղթան, ինչպես նաեւ' դրա կատարումը քողարկող միջոցները»:

«Քննիչները Գրիգոր Իգիթյանին հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով պաշտպանում են: Իր կողմից նախկինում թույլ տրված քրեադատավարական օրենքի էական խախտումները վերացնելու փոխարեն, նախաքննության մարմինն ավելի է խորացրել դրանք' թույլ տալով օրենքի նոր եւ ավելի կոպիտ խախտումներ:

Այս պարզ քրեական գործը երկու տարուց ավելի դատախազության մարմիններում եւ դատական ատյաններում քննելու արդյունքում շարունակում է բռնագրավված մնալ ԱՄՆ քաղաքացու, բարերարի եւ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրող հանդիսացող Ջորջ Նաջարյանի սեփականությունը:

Նման պարագայում կոպիտ կերպով խախտվում է ԱՄՆ եւ ՀՀ միջեւ 1992 թվականին կնքված «Ներդրումների փոխադարձաբար խրախուսման եւ պաշտպանության մասին» պայմանագիրը»,-դատարանում ասաց Ջորջ Նաջարյանի ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը:

Դատարանում անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանի' դատարան ներկայացրած առարկություններին' Հ. Ղուկասյանը նշեց, որ փաստաթուղթն իրավաբանական առումով զրոյական նշանակություն ունի, «քանի որ ՀՀ Քր. դատ. օր. 290-րդ հոդվածը քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումների հիմնավորման նման ձեւ չի նախատեսում: Նույն հոդվածը միայն պարտավորեցնում է վարույթն իրականացնող մարմնին դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր, որոնք հիշյալ առարկություններում արտացոլված չեն:

Հիշյալ որոշումը գերակշռող մեծամասնությամբ արտագրված է 2004թ. հոկտեմբերի 9-ին կայացված եւ հետագայում դատարանների կողմից երեք անգամ վերացված անօրինական եւ չհիմնավորված կարճման մեկ այլ որոշումից, եւ դրանում բերված «փաստարկները» չեն կարող ունենալ իրավական որեւէ նշանակություն:

Նախաքննության մարմինը շուրջ մեկ եւ կես տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ Նաջարյանների գույքի բռնագրավումը կատարվել է Իգիթյանի, այլ ոչ թե իր կողմից, իսկ նախաքննության մարմինը պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորության ուժով պարտավոր է կանխել այդ բռնագրավումը կամ միջոցներ ձեռնարկել հասցված վնասը հատուցելու համար, ինչը մինչ օրս հետեւողականորեն չի անում' չարաշահելով իր լիազորությունները»:

Բավական է միայն մի փաստ' ենթադրություն անելու, թե նախաքննություն իրականացնող մարմինը ինչպես է իրականացրել Վճռաբեկ դատարանի որոշումը: 4 ամիս քննելով գործը' նախաքննության մարմինը տուժող æ. Նաջարյանին այդպես էլ չի հարցաքննել:

Նոյեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը իր որոշմամբ, փաստորեն, նորից է ստիպում Գլխավոր դատախազությանը օբյեկտիվ քննություն կատարել: Իսկ Գլխավոր դատախազությունը, կարծես թե, միայն մեկ նպատակ ունի' պաշտպանել Գրիգոր Իգիթյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter