HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Պիրատությունը հարստացնում է միայն աուդիոարտադրանք թողարկողին

Պիրատության դեմ պայքարում միավորվածները զարմացած են, որ պայքարի առաջին ձեռնարկումներին լրագրողները բացասաբար արձագանքեցին: Ստեղծագործող խավից նրանց սպասելիքն այլ էր, բայց առավել զարմացած են երգիչների արձագանքից, որոնք տարիներ շարունակ տրտնջում էին պիրատության ( պիրատությունը առանց հեղինակի թույլտվության նրա ստեղծագործությունների վերարտադրությունն է ) պատճառով իրենց կրած կորուստներից ու անպաշտպանվածությունից:

Պիրատության դեմ պայքարողների բնութագրմամբ' «հենց առաջին քայլն արվեց պիրատությունը կանխելու ուղղությամբ , երգիչները կանգնեցին պիրատի կողքին»:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը 2005թ.-ի սեպտեմբերին ստուգումներ է կատարել ձայներիզներ ու խտասկավառակներ թողարկող «Ռեկո-Ռեկորդս», «Ադամս», «ԿԿ» ՍՊԸ-ներում ու առգրավել նրանց գույքը: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Ղեւոնդ Քրմոյանը տեղեկացրեց, որ հուլիսի 20-ին եւ 21-ին «Ռեկո-Ռեկորդս» ՍՊԸ-ից առգրավված գույքը երեք օր հետո հանձել են ոստիկանության քննչական բաժին:

ՀՀ ոստիկանության քննչական բաժնում հոկտեմբերի 29-ին քրեական գործ է հարուցվել երեք ընկերությունների նկատմամբ: «Ռեկո-Ռեկորդսի» գործի քննությունը հետագայում տեղափոխվել է Երեւան քաղաքի դատախազության վարույթ:

«Ռեկո-Ռեկորդսի» գործի քննությունն իրականացնող քննիչ Վարդան Հարությունյանի ասելով՝ առաջին անգամ է այսպիսի գործ քննվում, եւ փորձառության պակասը որոշ դժվարություններ է առաջացրել, հատկապես, երբ գործ ունեն մեծ ծավալի աշխատանքի հետ:

Մասնագիտական հանձնաժողով է ձեւավորվել, որն օգնում է փորձաքննության միջոցով պարզելու առգրավված ձայներիզների ու խտասկավառակների բնույթը: Արդեն երկու ամիս քրեական գործը քննվում է, եւ առայժմ կարող են ասել միայն, որ «Ռեկո-Ռեկորդսն» իր գործունեությամբ մի քանի իրավունք է խախտում' գործունեություն է ծավալում առանց պայմանագրերի եւ խախտում է հեղինակային, հարակից իրավունքները եւ այլն:

Նշված երեք կազմակերպություններից միայն «Ռեկո-Ռեկորդսը» չհանդուրժեց ոստիկանության վերաբերմունքը: Լրատվամիջոցներով հայտարարեց, որ իրականում իրավապահները ոչ թե պիրատության դեմ էին պայքարում, այլ, հովանավորելով նույն գործունեությամբ զբաղվող «ԿԿ» ՍՊԸ-ին, իրեն շուկայից դուրս մղելու նպատակ ունեն: Հակառակ դեպքում, պիրատության դեմ պայքարը ոստիկանությունը չէր ավարտի իրենց գույքն առգրավելով:

«Պիրատական արտադրանքի 70%-ը «Ռեկո-Ռեկորդսն» է թողարկում»,-ասաց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Ղեւոնդ Քրմոյանը ի պատասխան այն հայտարարությունների, թե ինչու պայքարը սկսեցին «Ռեկո-Ռեկորդսից»:

Ըստ պրն Քրմոյանի՝ իրենք հիմքեր ունեին «Ռեկո-Ռեկորդսում» առգրավում կատարելու համար: Բողոքներ են ստացվել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանից, որին իրենց ստեղծագործությունները կեղծարարներից պաշտպանելու միջոցներ ձեռնարկելու խնդրանքով դիմել են կինոռեժիսորները:

«Պատճենանենգությամբ զբաղվողները ոչ միայն ոտնահարում են մեր' ստեղծագործողներիս իրավունքները, պատճառում ֆինանսական ու բարոյական վնաս, այլեւ գցում են կինոստուդիայի հեղինակությունը»,-գրում է Ալբերտ Մկրտչյանը:

Արման Մանարյանը տնօրենից խնդրել է միջոցներ ձեռնարկել «ծովահենային գործողությունները վերացնելու ուղղությամբ»: «Հեղինակների իրավունքների պաշտպանությունն ու ապօրինությունների վերահսկումն անհնար է իրականացնել «Հայֆիլմ» կինոստուդիայի եւ հեղինակների միջոցով, քանի որ բավականին մեծ թիվ են կազմում եւ՛ ապօրինի վերարտադրողները, եւ՛ վերարտադրված ֆիլմերը»,-գրել է «Հայֆիլմի» տնօրենը: Նա խնդրել է ՀՀ ոստիկանության պետի աջակցությունը' օգնել վերացնելու ապօրինությունները:

«Հայհեղինակ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Ներսիսյանը ոստիկանության պետին գրած դիմումով տեղեկացրել է, որ «Հաշ-Դե», «Արդենի», «Դիջիտըլ ստուդիո», «Հայ-Ֆայ», «Շարմ» ՍՊԸ, «Արտ-13» եւ այլ կազմակերպությունները չեն կնքել լիցենզային պայմանագրեր, հետեւաբար չեն պահպանում օրենքի եւ Կառավարության որոշման պահանջները:

Մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ Ս. Ներսիսյանը նշեց, որ «Ռեկո-Ռեկորդսը» միակն է, որն այդպես էլ չի ցանկանում օրինական դաշտում գործել եւ մինչեւ վերջ հրաժարվեց իրենց հետ պայմանագիր կնքել: Մինչդեռ, «Հայհեղինակը» պայմանագրեր ունի այն հեղինակների հետ, որոնց ստեղծագործությունները թողարկվում են առանց հեղինակի համաձայնության, եւ իրենք պարտավոր են պաշտպանել նրանց շահերը:

«Հայհեղինակ»-ում ստեղծագործությունները գրանցվում են հոնորարի ճշգրիտ եւ ըստ պատկանելության հաշվարկման, հեղինակների միջեւ ճիշտ եւ ժամանակին բաշխման նպատակով: Հեղինակը լիազորում է կազմակերպությանն իրականացնել իր գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարումը:

Սա նորություն չէ, խորհրդային միության տարիներին այդ աշխատանքն իրականացրել է Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությունը, որը Հայաստանի ու արտասահմանի միջեւ միջնորդ կազմակերպության դեր էր կատարում:

Ներկայումս այդ դերը կատարում է «Հայհեղինակ» ՀԿ-ն: Տիկին Ներսիսյանը շեշտեց, որ իրենց աշխատանքը շատ դյուրին է թատրոնների եւ այն կազմակերպությունների հետ, որոնք խորհրդային տարիներից հեղինակին հոնորար վճարելու մշակույթ էին ձեւավորել:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մեկ տարի առաջ՝ 2004թ.-ի դեկտեմբերի վերջին, ստեղծվել է Մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը, որը զբաղվում է հեղինակային իրավունքի ու մտավոր սեփականության խնդիրներով:

Բաժնի պետի տեղակալ Արթուր Խաչատրյանը, որը մասնակցել է «Ռեկո-Ռեկորդսի» գույքի առգրավմանը, ասաց, որ իրենք պիրատության դեմ պայքարելու փորձ դեռեւս չունեն: Փորձի փոխանակման առումով Հայաստանի ոստիկանությանն աջակցում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան:

Պիրատության դեմ պայքարի արեւմտյան մեթոդները նկատի ունենալով՝ բաժնի աշխատակիցները վստահաբար պնդում են, որ նրանց պայքարի մեթոդները շատ ավելի կոշտ են, քան իրենք կիրառել են: Ինչ վերաբերում է երգիչներից ոմանց՝ ի պաշտպանություն «Ռեկո-Ռեկորդսի» հանդես գալուն, նշեցին՝ «ԱՄՆ-ում հեղինակի կարծիքը ոչ ոք չի էլ հարցնում, գուցե նա համագործակցում է պիրատի հետ»:

«Հանցագործության դեմ չի կարելի պայքարել անօրինական, հանցավոր ճանապարհով»,-ասում է «Ռեկո-Ռեկորդսի» շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

Փաստաբանը պնդում է, որ խուզարկությունն ու առգրավումը պետք է կատարվեն միայն քրեական գործը հարուցելուց հետո, քննիչի որոշման հիման վրա, որի՝ առգրավում կատարելու մասին որոշումը պատճառաբանված պետք է լինի: Որոշման մեկ օրինակը պետք է տրվի այն անձին, ում մոտ պետք է կատարվեն խուզարկությունն ու առգրավումը:

Որոշման մեջ պետք է նշվեն խուզարկություն կամ առգրավում կատարելու հիմքերը, այն պաշտոնատար անձի անունը, ում որոշմամբ դա կատարվում է, այն պաշտոնատար անձանց անունները, ովքեր կատարելու են որոշումը:

«Նրանք սանձարձակություն են կատարել ու գույքը տարել են: Մի քանի օր հետո իրենց գործողություններն արդարացրել են, որ հեղինակային կամ հարակից իրավունքների խախտումով է «Ռեկո-Ռեկորդսը» արտադրանք տալիս»,-ասաց Հ. Ալումյանը:

Փաստաբանի ասելով՝ հետագայում փորձեցին ուղղել իրենց սխալը. երբ գործն արդեն քննվում էր ոստիկանության քննչական բաժնում, արդեն քննիչի որոշման հիման վրա են առգրավել մնացածը:

Հայկ Ալումյանը հայտնեց, որ պաշտոնատար անձի' ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների գործողությունները հուլիսի 27-ին բողոքարկել են Տնտեսական դատարանում, հուլիսի 29-ին դատարանը որոշում է ընդունել դիմումը վերադարձնելու մասին: Վճռաբեկ դատարանն իրենց բողոքի հիման վրա բեկանել է Տնտեսական դատարանի որոշումը եւ ուղարկել քննության: Մեկ ամսում դատարանը պետք է քններ դիմումը, բայց առայսօր չի քննել:

«Գողացված ապրանքը բացահայտ վաճառվում է խանութներում, եւ պետությունն այստեղ մտածելու բան ունի»,-ասաց ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը:

Գործակալության պետը նշեց, որ Հայաստանում այս հարցը բարձիթողի էր, եւ մեծ դժվարությամբ են հասել նրան, որ ոստիկանությունում մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժին բացվի:

Նա նշեց, որ Ֆոնոգրամ արտադրողների միջազգային ֆեդերացիայի (IFPI) հետ փորձել են կապ ստեղծել, բայց քանի որ Հայաստանը փոքր շուկա է, նրանց դեռեւս չի հետաքրքրում (IFPI-ն մի քանի կազմակերպություների միաձուլումն է, կենտրոնը գտնվում է Լոնդոնում, ԱՊՀ մի քանի երկրներում' Ռուսաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում ներկայացուցիչներ ունեն, որոնք իրավապահ մարմիններին օգնում են պիրատության դեմ պայքարում):

Պրն Ազիզյանը տեղեկացրեց, որ IFPI-ն մեկ տարի առաջ Հայաստանում սեմինար էր կազմակերպել, որից հետո մտան առաջին իսկ պատահած խանութը՝ «Դիսկլենդ»: Նրանց իսկ բնութագրմամբ՝ վաճառվող ապրանքն ամբողջությամբ պիրատական էր:

Ֆեդերացիայի ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավարը դրանից հետո գրությամբ դիմել է Հայաստանի ոստիկանության պետին. «Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել դադարեցնելու այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեությունը, որոնք զբաղվում են աուդիոարտադրանքի անօրինական արտադրմամբ ու տարածմամբ»:

Պիրատությունը կանխելը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամագրվելու պայմաններից մեկն է եղել: 2000թ.-ի հոկտեմբերի 19-ին Հայաստանը միացել է նաեւ Բեռնի կոնվենցիային («Գրական եւ գեղարվեստական ստեղծագործությունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիա):

Կոնվենցիայի նպատակն էր հնարավորինս միասնական եւ արդյունավետ պահպանել հեղինակների իրավունքներն իրենց ստեղծագործությունների նկատմամբ: Ա. Ազիզյանը նշեց, որ գործակալությունն աշխատանք է տանում իրավահարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, եւ չնայած բարձրացված աղմուկին՝ լավատեսական է, որ, ի վերջո, աուդիոարտադրանք թողարկողները հարկադրված կլինեն գործելու իրավական դաշտում:

«Մի քանի տարի առաջ ոչ ոք չէր մտածում, որ հեռուստաընկերությունները հոնորարներ կվճարեն, հիմա վճարում են: Չնայած քննադատվում ենք արտասահմանյան հեղինակների շահերը պաշտպանողներից, որ չնչին է վճարը, բայց կարեւորն այն է, որ գործընթացը սկսվել է»: Արդեն ԱԺ-ում է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» նոր օրենքի նախագիծը, որտեղ ներառված են բոլոր միջազգային իրավունքների պահանջները, եվրոպական նորմերը, որոնց ՀՀ-ն միացել է:

«Հայհեղինակի» նախագահ Ս. Ներսիսյանը նշեց, որ գնալով պիրատության տոկոսը մեծանում էր երկրում, իսկ եթե կա պիրատության բարձր տոկոս, ուրեմն այդ երկիրը ետընթաց ունի մշակույթի զարգացման առումով: Նա հայտնեց, որ այս խնդիրն առկա է նաեւ զարգացած երկրներում. նոր տեխնոլոգիաները նպաստում են պիրատության տոկոսի բարձրացմանը:

Հայաստանը մեկ ուրիշ առանձնահատկություն էլ ունի. ի տարբերություն արտասահմանի, հայ իրականության մեջ հիմնականում կատարողներն իրենք են իրենց պրոդյուսերը: Այդ պատճառով էլ ում ձեռքին մի քիչ գումար է հայտնվում, ձայնագրվում է ու տարածում:

Պատճառը դա է, որ շուկան լցված է աղտեղությունով: Այդ ընկերությունները մշակույթի զարգացմանն են խոչընդոտում, բացի այդ, իրենք հարստանում են, իսկ մշակույթ ստեղծող մտավորականները մնում են ձեռնունայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter