HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հնդիկները չեն հրաժարվում թունավորելու մտքից

Դեկտեմբերի 2-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված քննարկմանը ««Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ն Սեւանա լճից 20 կմ հեռու գտնվող Սոթքի հանքավայրի մոտ ոսկու կորզման ֆաբրիկա կառուցելու նախագիծը նորից դրեց քննարկման:

Այս անգամ ձեռնարկության ղեկավարությունը քննարկմանը բերել էր Գեղարքունիքի մարզպետին եւ հանքավայրի մերձակա գյուղերի տասնյակ գյուղապետերի: Մինչեւ քննարկումը ձեռնարկության նախագահ Սանջեյ Դալմիայի թիկնապահները «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանին արգելեցին մուտք գործել դահլիճ:

Հնդիկ Սանջեյ Դալմիային թվում է, որ ինքն ամեն ինչ կարող է անել այս երկրում, նույնիսկ հասարակական կազմակերպության ներկայացուցչի մուտքն արգելել իրենց գործունեության ոլորտին վերաբերող բաց քննարկումներին։ Այս տարի նույն թեմայով նման մի քննարկման ժամանակ Հ. Սանասարյանը դեմ էր արտահայտվել նախագծին՝ համարելով այն հակաօրենսդրական եւ վտանգավոր։

Իրենց աշխատակիցների նկատմամբ դրսեւորած վերաբերմունքից, թերեւս, կարելի է ենթադրել, թե ինչպես կարող են վարվել այս գործարանի ղեկավարները ուրիշների հետ (Տես նաեւ' Հնդիկները պատրաստվում են հեռանա՞լ Հայաստանից): Անհասկանալի էր բնապահպանության նախարարության մասնակցությամբ այս քննարկմանը ընկերության հնդիկ նախագահի եւ նրա հնդիկ թիկնապահների նման լկտի պահվածքը:

Հնդիկները Սեւանա լճի ավազանում ցիանի օգտագործմամբ այդ վտանգավոր ձեռնարկի իրականացումը բացատրում են այն հանգամանքով, որ Զոդի հանքաքարը վերամշակող գործարանը գտնվում է Արարատի մարզում եւ, ուստի, տնտեսապես նպատակահարմար չէ հանքաքարը տեղափոխել Արարատ:

Նրանք պնդում են, որպեսզի թույլատրվի գործարանը կառուցել Վարդենիսում՝ չնայած «Սեւանի մասին» ՀՀ օրենքը միանշանակ արգելում է ջրավազանի տարածքում նման կառույցի գոյությունը: Հայտնի է, որ 1999թ.–ին նույն ընկերության կողմից, սակայն կանադա–ամերիկյան ղեկավարության օրոք պատվիրված տեխնիկա-տնտեսական հիմնավորման համաձայն' Զոդից Արարատ հանքաքարը տեղափոխելով' ընկերությունը աշխատելու էր շահույթով։

Փաստաթուղթը (բազմաթիվ հատորներով եւ հնարավոր բոլոր հիմնավորումներով) պատրաստվել էր աշխարհում հեղինակավոր երկու կազմակերպությունների՝ ամերիկյան «Սնոուդեն» եւ կանադական «Քիլբորն» ընկերությունների կողմից։

Փաստաթուղթը ներկայացվել է Հայաստանի կառավարությանը եւ հավանության արժանացել։ Այդ ժամանակ ոսկու միջազգային շուկայական գինը մեկ ունցիայի դիմաց ընդամենը 320 ԱՄՆ դոլարի սահմաններում էր։ Փաստաթղթի համաձայն' ««Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկություն»-ը պետք է աշխատեր առանց կորուստների ոսկու միջազգային շուկայական գինը մեկ ունցիայի դիմաց 280 դոլարի դեպքում, եւ ընկերությունը պետք է ստանար շահույթ ոսկու գինը մեկ ունցիայի դիմաց 300 դոլար դառնալու պայմաններում։

Այսօր ոսկու միջազգային շուկայական գինը Լոնդոնի մետաղների բորսայի տվյալներով մեկ ունցիայի դիմաց ավելի քան 500 դոլար է՝ ընկերության գործունեության ապահովման համար մեկ ունցիայի սահմանային գնից 200 դոլարով ավելի, մինչդեռ ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն' Զոդից Արարատ հանքաքարի տեղափոխման համար երկաթգծի գինն այն ժամանակվանից մնացել է նույնը՝ մեկ տոննան մեկ կիլոմետր տեղափոխելու համար ընդամենը 0,0153 դոլար (մեկ ու կես ցենտ)։

Միջազգային գների նման աննախադեպ աճի եւ տեղական պայմանների պահպանման պարագայում, սակայն, ընկերության ներկայիս հնդիկ ղեկավարությունը զարմանալիորեն աշխատում է վնասով՝ նաեւ դրանով հիմնավորելով Սեւանա լճի ավազանում գործարան կառուցելու իր ձգտումը։

Տեղական փորձագետները լուրջ կասկածներ են հայտնում ընկերության նոր ղեկավարության նման վարքագծի իրական պատճառների կապակցությամբ' մատնանշելով, որ մետաղների բարձր գների ներկա պայմաններում նախկինում ամենաանշահավետ ծրագրերն աշխարհով մեկ արդեն աշխատում են զգալի շահույթով։

Հարկ է նշել, որ Զոդի եւ Մեղրաձորի հանքավայրերի շահագործումը նույնիսկ խորհրդային տարիներին եղել է շահավետ, եւ մինչեւ հիմա Զոդի հանքավայրը պաշարների իր ծավալներով, ոսկու պարունակության եւ հանքարդյունահանման այլ ցուցանիշներով համարվում է աշխարհում առաջատար հանքավայրերից մեկը։

Ուստի, առնվազն անընդունելի են ընկերության գերշահույթ ստանալու այս ճիգերը, որոնք, ըստ էության, առաջարկվում է իրականացնել Հայաստանի շրջակա միջավայրի եւ ազգային անվտանգության հաշվին։

Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ–ը այս տարի ձեռնարկության նախագծին բացասական եզրակացություն է տվել: Սրանով հարցը, կարծես թե, պետք է փակված լիներ: Բայց ձեռնարկության նախագահ Սանջեյ Դալմիան եւ նրա հայ աշխատակիցները նորից են փորձում «անցկացնել» այն' համոզելով, որ այդ նախագիծը էկոլոգիական ոչ մի վտանգ չի ներկայացնում:

Բնապահպանության նախարարը, տարբեր գիտնականներ, բնապահպաններ դեկտեմբերի 2-ին նորից կտրականապես մերժեցին այս ծրագիրը:

««Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկության» բնապահպանության հարցերով պատասխանատու Անուշ Գեւորգյանը ներկաներին տեղեկացրեց, որ երբ ստացել են բացասական եզրակացություն, դիմել են բրիտանական մի ընկերության։ Վերջինս էլ արել է որոշ առաջարկներ եւ տվել դրական եզրակացություն' ծրագիրը համարելով հաջողված:

«Պատմականորեն հայտնի է, համաշխարհային պրակտիկան ցույց է տվել, որ բոլոր վթարների 76 տոկոսը հիմնականում կապված է լինում պոչամբարների հետ։ Դրա համար պոչամբարը մեզ մոտ գտնվելու է, փաստորեն, ջրբաժանից այն կողմ»,-քննարկման մասնակիցներին համոզում էր Անուշ Գեւորգյանը։

Կառուցվելիք պոչամբարի վթարի դեպքում նատրիումի ցիանիդը եւ հանքաքարի մշակումից առաջացող այլ թունավոր նյութեր թափվելու են Սեյիդլար գետ ու հասնելու են Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարը։

Բնապահպանական հարցերի պատասխանատու Անուշ Գեւորգյանի խոսքերից պարզ դարձավ, որ ընկերությունը նախատեսել է պոչամբարը կառուցել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Սեյիդլար գետի ավազանում:

Ա. Գեւորգյանը համոզված է, որ վթարներ չեն լինի, եթե իրենք ճիշտ աշխատեն: «Հուսանք, որ նման բան չի լինի»,-ավելացրեց նա:

Ընկերության պատասխանատուների խոստումները հավատ չեն ներշնչում: Նույն ընկերությանը պատկանող, Արարատում գտնվող նույնատիպ գործարանում վերջին հինգ տարիների ընթացքում եղել են մեկ տասնյակի հասնող վթարներ: Մի քանի անգամ պոչամբար տանող խողովակները վթարվել են, ինչի արդյունքում ցիանախույսը հոսել է բանջարանոցներ, այգիներ, թունավորվել են կովեր, ձկներ: Վերջին վթարը եղել է 2004թ. նոյեմբերի 28-ին: Ցիանաջուրը լցվել էր Սուրեն Մարգարյանի 4600 քմ խաղողի այգու մեջ:

Ձեռնարկության ղեկավարությունը բոլոր վթարների ժամանակ տերերի հետ հարցը միանգամից լուծել է' կաշառելով նրանց, որպեսզի վերջիններս չդիմեն դատարան՝ հիմնականում խուսափելով վթարների մասին տեղեկությունների հրապարակայնացումից: Առայսօր գործարանն ամբողջությամբ չի կառուցել խողովակաշարի պաշտպանիչ տաշտակը, իսկ այժմ տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումների խոստումներ է շռայլում:

Գործարանի ներկայացուցիչները խոստանում են երեք հազար աշխատատեղ բացել եւ ներդնել 80 միլիոն դոլար: Հենց այս խոստումներն էին Երեւան բերել Հայաստանի ամենաաղքատ տարածաշրջանի համայնքների ղեկավարներին:

«Իսկ այն, որ նոր գործարանը կառուցվելու է Քելբաջարի սահմանագծին, խնդիր չի՞ ստեղծում, քանի որ այն վիճելի տարածք է»,- «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին ձեռնարկության գործադիր տնօրեն Վարդան Վարդանյանը պատասխանեց:

«Չկա որեւէ փաստաթուղթ, որեւէ փոխհամաձայնեցված քարտեզ, որտեղ երեւա որեւէ սահման: Մենք չենք եղել անկախ պետություն, որպեսզի ունենանք միջպետական համաձայնագրով համաձայնեցված սահմաններ: Մենք եղել ենք Սովետական Միության կազմում' որպես հանրապետություններ, եւ այն սահմանները, որոնք նկարված են, կոչվում են վարչական սահմաններ, որոնք որեւէ առնչություն չունեն միջպետական սահմանների հետ: Դա' մեկ: Երկրորդ' այն մասշտաբը, որով այդ քարտեզը նկարված է, մատիտի գծի հաստությունը, որը նշմարում է սահմանը, արդեն իրենից ներկայացնում է 2 կմ-անոց տարածք: Մեր ամբողջ խնդիրը 1 կմ-ին է վերաբերում: Ո՞վ ասաց, որ դա վիճելի է»,-ասել է Վարդան Վարդանյանը:

Ահա այսպես օտարերկրյա ընկերությանը պատկանող գործարանի հայ պաշտոնյան մոռանում է, որ հարեւան պետությանն էկոլոգիական վնաս պատճառելն արգելվում եւ պատժվում է միջազգային իրավունքով եւ բազմաթիվ միջազգային պայմանագրերով, որոնց միացել է նաեւ Հայաստանը:

Եթե նույնիսկ տարածքը վիճելի չէ, սակայն ակնարկվում է, որ վնասակար նյութերը կարող են հասնել հարեւան պետության տարածք, ապա Հայաստանին կարող է հասցվել համարյա նույն կամ միգուցե ավելի մեծ վնաս, եթե տուժի հարեւան որեւէ պետություն։

Նման հայտարարությունները Հայաստանի Հանրապետության համար կարող են լուրջ խնդիրներ առաջացնել։

Վարդան Վարդանյանին նման հայտարարության իրավունք, հավանաբար, տվել է ընկերության' Մեծ Բրիտանիայում ապրող հիմնական սեփականատերը' հնդիկ միլիարդատեր Անիլ Ագարվալը:

Ո՞վ է Անիլ Ագարվալը, եւ ինչպե՞ս է հայկական ոսկին հայտնվել նրա ձեռքում:

Հնդկաստանում ծնված Անիլ Ագարվալն իր գործունեությունը սկսել է որպես մետաղի ջարդոնի մանր առեւտրական, հետագայում նա պղնձե լարեր էր վաճառում Հնդկաստանի հեռահաղորդակցության ընկերություններին' կուտակելով մեծ կարողություններ: 30 տարի առաջ նա տեղափոխվեց Լոնդոն:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter