HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արհմիություն չի ձեւավորվի, եթե գործատուն չի ցանկանում

Այս տրամաբանությունն է բխում դատարանում քննարկվող Սոթքի հանքի ինժեներ-մեխանիկ, «Լեռնագործ» արհեստակցական միության նախագահ Արմեն Սահակյանի եւ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի (ԱՈԱՁ) միջեւ տեղի ունեցած դատական վեճի արդյունքից: ԱՈԱՁ-ը աշխատանքից ազատել է Սոթքի ոսկու հանքի մեխանիկ Արմեն Սահակյանին (Տես նաեւ' Խախտումներ չեն արձանագրվել, բայց 50 մլն-ի տուգանք է նշանակվել), որը նաեւ հանքի «Լեռնագործ» արհեստակցական կազմակերպության նախագահն է: Վերջինս համոզված լինելով, որ գործատուն իրեն անօրինական է ազատել, դիմել է դատարան աշխատանքում վերականգնվելու պահանջով: Դատարանում նա հիմնավորեց, որ իր կատարածը գործալքություն չէր, ինչպես պատճառաբանում է գործատուն, այլ ինքն իբրեւ արհեստակցական կազմակերպության նախագահ պարտավոր էր ղեկավարել գործադուլը: Գործատուն ընդունելով կազմակերպության իրավական կարգավիճակը բանակցել է իրենց հետ եւ որոշ հարցերում ընդառաջել: Հետեւաբար, իր կատարածը գործալքություն չէ եւ իրեն ապօրինի են ազատել աշխատանքից:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատը բեկանելով հօգուտ Արմեն Սահակյանի կայացրած վերաքննիչ դատարանի վճիռը, իր որոշումը պատճառաբանել է հետեւյալ կերպ. «Գործում առկա չէ որեւէ ապացույց այն մասին, որ «Լեռնագործ» արհեստակցական կազմակերպությունն ընկերության արհմիութենական մարմինն է կամ նրանց միջեւ կնքվել է կոլեկտիվ պայմանագիր»: Այս ձեւակերպումը տեղ գտավ նաեւ Ա. Սահակյանին աշխատանքում վերականգնելու պահանջը մերժելու վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 14-ի վճռի մեջ, որը վճռաբեկի բեկանումից հետո գործը քննում էր երկրորդ անգամ:

«Դատարանը բոլորովին շեղվել է հարցի էությունից, Արմեն Սահակյանը աշխատանքում վերականգնվելու պահանջ է ներկայացրել եւ դատարանի ուշադրությունը պետք է լիներ ազատման հրամանի օրինակնությունը»,-հայտնեց ՀԱՄԿ իրավաբանական բաժնի վարիչ Մ. Փիլիպոսյանը: Նա նշեց, որ Ա. Սահակյանին աշխատանքից ազատելն օրինախախտումով է եղել, արհմիության կոմիտեի նախագահին աշխատանքից ազատելու համար գործատուն պետք է ունենար վերադաս արհմիության, բացի դրանից նաեւ տեղի արհմիության համաձայնությունը: «Եթե երկուսից մեկը բացակայում է' դատարանն այդ հրամանը պետք է անօրինական ճանաչեր կամ հարցում աներ արհմիությանը նրանց որոշումն ստանալու համար»,-ավելացրեց պրն. Փիլիպոսյանը:

Արհմիությանը հարցում անելու փոխարեն դատարանը շեղվեց հայցի էությունից եւ քննարկեց «Լեռնագործ» արհկոմի իրավական կարգավիճակը' հանգելով այն եզրակացության, որ եթե գործատուն կոլեկտիվ պայմանագիր չի կնքել արհկոմի հետ, ուրեմն չեն կարող պնդել, որ «Լեռնագործը» ընկերության արհմիութենական մարմինն է: Անտեսվեց նաեւ այն հանգամանքը, որ Սոթքի «Լեռնագործ» արհկոմը մարտի 18-ին եւ հուլիսի 22-ին գրավոր դիմել էր ԱՈԱՁ-ի ղեկավարությանը համատեղ հանձնաժողով ստեղծելու եւ կոլեկտիվ պայմանագիր կնքելու համար, սակայն բոլոր դիմումները մնացել են անպատասխան: Նշված դատական վեճի ընթացքում «Լեռնագործ» արհեստակցական կազմակերպությունը հայց է ներկայացրել ընդդեմ ԱՈԱՁ-ի' նամակին չպատասխանելու համար: Դատարանը հոկտեմբերի 5-ի վճռով պարտավորեցրել է ԱՈԱՁ-ին պատասխանել «Լեռնագործ» արհեստակցական կազմակերպության դիմումին: Հարկադիր կատարողի միջամտությունից հետո միայն պատասխանելով նամակին, ԱՈԱՁ-ից հայտնել են, թե իրենք հարցումներ են կատարել Սոթքի հանքավայրի աշխատողների շրջանում ու պարզել, որ նրանցից ոչ ոք «Լեռնագործ» արհեստակցական կազմակերպության անդամ չէ:

«Քանի որ չեք ներկայացնում անդամության կեսից ավելին՝ ուրեմն չեք կարող կոլեկտիվ պայմանագիր կնքելու մասին առաջարկ անել»,- ասվում է պատասխան նամակում: Մենք տեղեկացանք, որ դատական վեճի ընթացքում գործատուն գրավոր հարցում է արել հանքավայրի աշխատողներին՝ արհմիության անդա՞մ են, թե ոչ: Մարդիկ տեսնելով, թե ինչպես արհմիության խորհրդի անդամներին ազատեցին աշխատանքից եւ նրանք դատական կարգով անգամ չկարողացան վերականգնվել՝ ստորագրել են, որ կազմակերպության անդամ չեն' լավ հասկանալով, որ հակառակը պնդելու դեպքում գործատուի հետ կնքած կարճատեւ աշխատանքային պայմանագիրը կարող է վերջինը լինել իրենց համար: Այս փաստը դատարանում հաստատեց նաեւ ԱՈԱՁ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը ասելով. «Ես տեղյակ եմ, որ գործատուի հարցումին աշխատողների 80%-ը պատասխանել է, որ կազմակերպության անդամ չի»:

Դատարանը դեռեւս առաջին ատյանում մերժել էր Արմեն Սահակյանի միջնորդությունը՝ քաղ. գործին կցելու Սոթքի հանքավայրի աշխատակիցների՝ արհմիությանն անդամագրվելու 304 դիմումները, որոնք պատրաստակամություն են հայտնում նաեւ իրենց աշխատավարձի 1%-ը հատկացնելու արհմիությանը: Մոռացվեց մի կարեւոր նախապայման, որ նրանք ունեն արհմիության անդամներ դառնալու դիմումներ, սակայն չունեն անդամությունից հրաժարվելու դիմումներ: Այսինքն, ԱՈԱՁ-ն ամեն ինչ արեց, որ արհմիությունը չկայանա եւ ինքը հարկադրված չլինի որեւէ մեկին հաշվետու լինել ոչ նվաստացումների, ոչ էլ իր մեղքով հաճախակի դարձած դժբախտ պատահարների՝ մահերի ու խեղումների համար:

«Բանվորը դեմ դիմաց մենակ է մնացել գործատուի հետ եւ պետական ոչ մի մարմին չի աջակցում նրանց իրավունքների պաշտպանության հարցում»,- հայտնեց Հայաստանի լեռնագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահ Եվգենի Կոժեմյակինը:
Նոր զոհեր Սոթքում

Դատաքննության ընթացքում, երբ դատարանը քննարկում էր՝ ճանաչե՞լ արհմիության գոյությունը, թե ոչ, եթե գործատուն նրա հետ կոլեկտիվ պայմանագիր չի կնքել, հանքահորում շարունակվում էին դժբախտ պատահարներ գրանցվել:

Հոկտեմբերի 1-ին, ժամը 1:10 րոպեին Սոթքի հանքավայրում «Բելազ» մակնիշի էքսկավատորը գլորվել է ձորը, որի հետեւանքով մահացել են վարորդ Գագիկ Շահնազարյանը եւ ապարակույտի բանվոր Վիլիկ Աղաջանյանը: Դեպքի հետ կապված հանձնաժողով է ստեղծվել, որում ընդգրկվել են ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի լեռնագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության, ԱՈԱՁ-ն-ի եւ ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման եւ լեռնային հսկողության տեսչության (Հայլեռտեխհսկողության) լեռնաքիմիական բաժնի ներկայացուցիչները: Հանձնաժողովի անդամները նույն դեպքի մասին տարբեր մեկնաբանություն են տալիս: Հայլեռտեխհսկողության լեռնաքիմիական բաժնի ավագ մասնագետ Խաչատուր Բաբայանը հայտնեց, որ վթարը եղել է «Բելազի» վարորդի մեղքով: Մառախուղի պատճառով երկու ժամ ընդմիջել են աշխատանքը, որից հետո նա ինքնակամ գնացել է նստել մեքենայի մեջ, ցուրտ է եղել եւ նրան միացել է նաեւ Վիլիկ Աղաջանյանը, որը խցիկում գտնվելու իրավունք չուներ:

«Ոչ մեկը նրան հրահանգ չի տվել, որ գնա, քնած ժամանակ հավանաբար ոտքերն ինչ-որ բանի է կպել, մեքենան շարժվել է ու գլորվել ձորը»,- ասաց նա:

Հայաստանի լեռնագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահ Ե. Կոժեմյակինի ասելով դեպքը տեղի է ունեցել աշխատանքի պահին, իսկ Վիլիկ Աղաջանյանի պարտականությունն էր վարորդին ուղղություն տալ, որպեսզի նա չշեղվեր իր ուղուց, սակայն քանի որ ցուրտ է եղել՝ նստել է մեքենայի մեջ, որի իրավունքը չուներ: Ի տարբերություն Խ. Բաբայանի՝ Ե. Կոժեմյակինն այս հարցում մեղադրում էր գործատուին: Վերջինս, որ վթարի պահին Գագիկ Շահնազարյանը արտաժամյա աշխատանքի մեջ է եղել: Նրանք աշխատում են օրվա մեջ 12 ժամ, իսկ աշխատանքային օրենսգրքով 8 ժամ պետք է աշխատեն: Նրանք գործատուի հետ երկրորդ, արտաժամյա աշխատանքային պայմանագիր ունեն:

«Բելազ» վարելը ծանր աշխատանք է, նրանք գերհոգնած են, նույն ծանր աշխատանքը նա չի կարող կատարել ավելի երկար, իսկ եթե ցանկանում է արտաժամյա աշխատել՝ պետք է ավելի թեթեւ աշխատանք կատարի: Հնդիկները շահագործում են նրանց»,- ասաց պրն. Կոժեմյակինը: Զոհվածների արտաժամյա աշխատելու փաստն ընդունեց նաեւ Խ. Բաբայանը. «Բանվորների հերթափոխները պետք է կանոնավոր ու ժամանակին լինեն, իսկ նրանք 3 օր անընդմեջ աշխատել են, բնականաբար հոգնել են: Այդ օրը աշխատել են 12 ժամ, աշխատանքային օրենսգիրքը թույլ է տալիս շաբաթվա ընթացքում սահմանվածից 4 ժամ ավել աշխատացնել»:

Մեր ունեցած տեղեկություններով հանքավայրի ղեկավարությունը նրանց մահվան ծախսերը գանձել է հանքավայրի աշխատակիցների աշխատավարձից:

Ամռանը Սոթքի հանքավայրում նոր հնդիկ տնօրեն է նշանակվել, որը Խ. Բաբայանի ասելով, լավ է հասկանում հանքահորի աշխատանքից: Վերջինիս հավաստմամբ, նրա նշանակումից հետո անվտանգության ապահովման տեսանկյունից շատ բան է փոխվել Սոթքի հանքավայրում՝ հանքավայրի տարածքում կարգի են բերվել ճանապարհները, հորատանցքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter