HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հայկական ոսկին Անիլ Ագարվալի պատճառով կորցնում է փայլը

Ըստ խորհրդային գիտնականների' Հայաստանում էր գտնվում Կովկասի ոսկու հաշվառված պաշարների 80 տոկոսը: Հետազոտված պաշարները բնութագրվում են մի քանի հարյուր տոննա մաքուր ոսկու համարժեքով (Տես նաեւ՝ Հնդիկները չեն հրաժարվում թունավորելու մտքից):

Սոթքը ոսկու' ստորգետնյա եղանակով մշակվող աշխարհում խոշորագույն հանքավայրերի թվին է պատկանում: 1976թ.-ից գործող Արարատի ոսկու կորզման հսկայական ֆաբրիկան կառուցվել է ոչ միայն Կովկասի, այլեւ Միջին Ասիայի բոլոր հանրապետությունների պաշարների հաշվառմամբ:

Հայաստան հանքանյութ էր բերվում նաեւ այդ հանրապետություններից: Հայաստանը Խորհրդային Միության գանձարան էր փոխանցում տարեկան երեք տոննա ոսկի: Կառուցված լինելով հիմնական հանքավայրից՝ Սոթքից 260 կմ հեռավորության վրա, այն խլում է ինքնարժեքի 20 տոկոսը՝ ճանապարհային ծախսերի ձեւով: Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը անուշադրության մատնվեց: Տեխնոլոգիական պրոցեսներն արդեն անարդյունավետ էին, եւ ձեռնարկությունը բարոյապես մաշվել էր: Տարեցտարի սկսեց կրճատվել ոսկու արդյունահանումը: 1996-ին արտադրվեց ընդամենը 172 կգ ոսկի եւ, ի վերջո, ձեռնարկությունը դադարեց գործել: Ֆաբրիկան հսկայական պարտքեր ուներ պետությանը: Հարցականի տակ էր ընդհանրապես ոսկու արդյունահանման նպատակահարմարությունը:

1996-ին «Հայոսկի» պետական ձեռնարկության եւ ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ընկերության նախաձեռնությամբ ստեղծվեց համատեղ ձեռնարկություն, որը պետք է մշակեր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի 12 մլն տոննա թափոնները եւ ձեռնամուխ լիներ Սոթքի եւ Մեղրաձորի հանքավայրերի զարգացմանը: 1996թ.-ի հունվարին կնքված պայմանագրի արդյունքում «Գլոբալ գոլդը» 12 միլիոն դոլար է ներդրել, որով Արարատում 13 ամսվա ընթացքում կառուցվել է ոսկու մշակման գործարանը:

1997-ին կանադական «First Dynasty Mines» ընկերությունը գնեց «Գլոբալ Գոլդի» բաժնեմասը: 1998-ին Հայաստանի կառավարության եւ «First Dynasty Mines»-ի միջեւ ստորագրվեց նոր պայմանագիր. ստեղծվեց «Ararat Gold Recovery Company» ( AGRC, թարգմանաբար' «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն») համատեղ ձեռնարկությունը: Ձեռնարկությանը հանձնվեցին նաեւ Սոթքի եւ Մեղրաձորի հանքավայրերը: Համատեղ ձեռնարկության ստեղծման հիմնադիր փաթեթը բաղկացած էր 2 պայմանագրից՝ համատեղ ձեռնարկության հիմնադրման պայմանագիր, ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության եւ ներդրողի միջեւ ծրագրի իրականացման պայմանագիր, ինչպես նաեւ կանադական ընկերության պարտավորագիր: Նախատեսվում էր կատարել 50 մլն դոլարի ներդրում: Որոշվեց Մեղրաձորի եւ Զոդու ոսկու պաշարների մշակումը կատարել Արարատի գործարանում: Հանքանյութը նախատեսվում էր տեղափոխել գոյություն ունեցող երկաթգծով:

Համատեղ ձեռնարկության կանոնադրական կապիտալը կազմում էր մոտ 40 մլն դոլար, որի մի կեսը պատկանում է հայկական կողմին, մյուս կեսը՝ կանադականին: Առաջին երեք տարիներին շահույթը պետք է բաշխվեր անհավասար' 70 տոկոսը կանադական կողմին, 30-ը՝ հայկականին: Միայն կանադական կողմի ներդրած գումարի վերականգնումից հետո շահույթի բաշխումը պետք է հավասարեցվեր: Ձեռնարկության արտադրողականությունը տարեկան կազմում էր 160 հազար ունցիա ոսկի:

Առհասարակ, Հայաստանում արդյունահանման ծախսերը միջինից բավական ցածր են եւ գրավում են ներդրողերին:

Աշխարհում կան վայրեր, որտեղ ոսկին մակերես է դուրս գալիս բնածին զտված քարերի տեսքով: Հայկական ոսկին դժվար կորզվող է: Զոդի 1 տոննա հանքաքարը պարունակում է ընդամենը 5-7 գրամ ոսկի: Այդ իսկ պատճառով Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի գործունեության 20 տարիների ընթացքում կուտակվել է 12 մլն տոննա ավազ: Այս ավազի ամեն մի տոննան պարունակում էր 1 եւ ավելի գրամ ոսկի, որը չի հաջողվել կորզել նախկինում: Եվ ստեղծված հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը վերամշակում էր, այսպես կոչվող, պոչհանքերը՝ տոննայում մեկ գրամ ոսկի պարունակող ավազից կորզելով կես գրամը: Վերամշակելուց հետո այս ավազը նորից ետ է մղվում պոչամբար: Իրականում այս պարզ գործողությունը առանձնակի ներդրումներ չի պահանջում։

AGRC ձեռնարկությունը սկսել է գործել 1999թ. հունիսից: Աշխատողների 95 տոկոսը հայեր են: Արարատում 1 ունցիա (31,1 գ) ոսկի ստանալու համար ծախսվում էր 222 դոլար: Վերջնական արտադրանքը արծաթագույն ձուլակտորներն են: Այս ձուլակտորների մեջ ոսկու պարունակությունը 30-35 տոկոս է, արծաթինը' 63 տոկոս, մնացածը այլ մետաղներ են: Այդ մետաղների վերջնական անջատումը կատարվում է Մեծ Բրիտանիայում:

Հնդիկ միլիարդատեր Անիլ Ագարվալի ճանապարհը դեպի «հայկական ոսկի» շատերին գուցե յուրօրինակ թվա, բայց ոչ նրանց համար, ովքեր հետեւում են այդ մարդու գործունեությանը։ 1997-98թթ. կանադա-ամերիկյան «First Dynasty Mines» ընկերությունը, որին պատկանում էր AGRC համատեղ ձեռնարկության օտարերկրյա բաժնեմասը, Արարատում ոսկու կորզման գործարանը կառուցելուց հետո զբաղված էր Զոդի եւ Մեղրաձորի զարգացման ծրագրի ֆինանսավորման համար միջոցների հայթայթմամբ։ AGRC–ի ուղղակի վարկավորումը միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից դժվարանում էր այն պատճառով, որ ընկերության 50%–ը պատկանում էր պետությանը:

Ամեն անգամ, երբ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսավորումը մոտենում էր վճռական փուլին, պետական բաժնեմասը տնօրինող մարմինները տարբեր ձեւերով, կամ ուղղակի բյուրոկրատական քաշքշուկ ստեղծելով, խափանում էին միջոցների ներգրավումը՝ հրաժարվում էին նամակներ կամ անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել ֆինանսավորող կազմակերպություններին եւ այլն։ Ուստի, ծրագրերի ֆինանսավորման ծանրությունը հիմնականում պետք է կրեին «First Dynasty Mines» ընկերության բաժնետերերը՝ նաեւ նոր բաժնետերեր ներգրավելու միջոցով։ Անձամբ ճանաչելով «First Dynasty Mines»-ի բաժնետերերից մեկին' Անիլ Ագարվալն իրեն պատկանող «Twinstar Holdings» ընկերության միջոցով ձեռք է բերում «First Dynasty Mines» ընկերության մի փոքր բաժնեմաս: Միաժամանակ «First Dynasty Mines»-ին տրամադրում է «փոխարկելի» վարկ' պայմանով, որ վարկի դիմաց Ագարվալի ընկերությանը տրամադրվի «First Dynasty Mines» ընկերության որոշակի հավելյալ բաժնեմաս։ Հետո Ագարվալը ստիպում է «First Dynasty Mines» ընկերության նախագահ Մարկուս Ռանդոլֆին հեռանալ ընկերությունից: Ագարվալը հայկական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բողոքում է, թե իբր Ռանդոլֆն իր ընկերությունից ստացված միջոցները չի ներդնում Հայաստանի ծրագրերում, հաշվի չի առնում հայկական բաժնեմասը ներկայացնողների կարծիքը ձեռնարկությունը կառավարելու հարցում: Նա նաեւ բողոքում է, թե իբր «First Dynasty Mines» ընկերության բաժնեմասն իրեն են վաճառել ավելի թանկ գնով, այլապես նա կարող էր ավելի շատ գումարներ ներդնել Հայաստանի ծրագրերի վրա:

Այս ամենին զուգահեռ, Ագարվալն ուշացնում է վարկի գումարների վճարումը «First Dynasty Mines» ընկերությանը, ինչը հանգեցնում է հայկական կողմի դժգոհությանը կանադա–ամերիկյան ղեկավարության նկատմամբ։ Արդյունքում հեռանում է «First Dynasty Mines» ընկերության նախագահ Մարկուս Ռանդոլֆը: Ընկերության խորհրդից հեռանում են նաեւ այն անդամները, ովքեր, հավանաբար, չէին ցանկանում վնասել իրենց հեղինակությունը Ագարվալի հետ աշխատելով, ինչպես, օրինակ, ամերիկահայ հայտնի գործարար Զավեն Դադեկյանը: Արդյունքում Անիլ Ագարվալը «First Dynasty Mines» ընկերության խորհրդում ձեռք է բերում հսկողություն։ Իրավիճակից օգտվելով' Ագարվալը պարզապես իջեցնում է իրեն պատկանող «Twinstar»–ի կողմից «First Dynasty Mines» ընկերությանը տրամադրված փոխարկելի վարկի դիմաց տրամադրվող «First Dynasty Mines»-ի բաժնեմասի գինը, նույն գումարի դիմաց ձեռք է բերում «First Dynasty Mines» ընկերության անհամեմատ ավելի մեծ բաժնեմաս եւ, փաստորեն, տիրանում AGRC ընկերության 50% օտարերկրյա բաժնեմասին։ Արդունքում Հայաստան է ուղարկվում AGRC համատեղ ձեռնարկության ազգությամբ հնդիկ նոր ղեկավարություն, որը մեկ առ մեկ, սակայն հետեւողականորեն ձերբազատվում է ձեռնարկության կանադացի, ամերիկացի եւ ավստրալացի գրեթե բոլոր մասնագետներից եւ բոլոր նրանցից, ովքեր, հնդիկների կարծիքով, ղեկավարությանը կուրորեն հնազանդվելու սովորություն չունեին։

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter