HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատախազությունը հերթական անգամ «բացահայտում» է Մելիք Գասպարյանի մեքենայի պայթյունը

2005թ.-ի սեպտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց մի աղմկոտ գործի բացահայտման մասին, որի հարցում տարիներ առաջ ձախողվել էր: Դատախազությունը կրկին հայտարարեց, որ բացահայտել է նախկին ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի ավտոմեքենայի պայթյունի գործը, որի համար երեք տարի առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը մեղադրեց 19-ամյա մի պատանու՝ Երեւանի բնակիչ Վարուժան Գյուրջինյանին:

Ինը ամիս կալանքի տակ պահելուց հետո դատախազությունը հարկադրված եղավ կալանքից ազատել նրան, բայց երկու տարի հետո նույն մեղադրանքի համար ձերբակալեց նրա մորը՝ Սիլվա Ասատրյանին: Վերջինիս պաշտպանները՝ փաստաբաններ Մարինե Ջանոյանը, Ինեսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը օրերս հայտարարեցին, որ իրենց պաշտպանյալին դատախազությունն ապօրինի զրկել է ազատությունից:

«Ս. Ասատրյանին մեղադրանք առաջադրելիս դատախազությունը ոչ մի անուղղակի ապացույց անգամ չի ունեցել, որ նա տեղյակ է եղել պայթունի մասին»,-հայտարարեցին նրանք օրերս Փաստաբանների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ահաբեկչության մեղադրանքով կալանավորված անձը հայտնել է միայն, որ «ահաբեկչության պատվիրատուն»՝ Սիլվա Ասատրյանը, խնդրել է իրեն վախեցնել Մելիքին»: Այս մի նախադասությամբ նրան կալանքի տակ են պահել երկու ամիս:

Ս. Ասատրյանի կալանավորման ժամկետը լրացել է նոյեմբերի 23-ին, ժամը 17:45-ին: Կալանավորման ժամկետը լրանալուց մեկ օր առաջ Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած ' կալանքի ժամկետը լրացնելու մասին միջնորդությունը:

Նոյեմբերի 23-ին, ժամը 11-ին դատարանի որոշումը պաշտպանները ներկայացրել են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Ս. Ասատրյանին կալանքից ազատելու վարչարարությունն ավարտելու համար: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է դատարանի որոշումը: Ս. Ասատրյանին ԱԱ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ տարել են ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան, այն դեպքում, երբ օրենքը չի նախատեսել մեղադրյալի ներկայությունը դատական նիստին:

«Դատարանը 17:45-ին, ճիշտ այն պահին, երբ լրանում էր մեր պաշտպանյալին կալանքի տակ պահելու ժամանակը եւ նրան պարտավոր էին ազատ արձակել կալանքից, բողոքն ընդունում է վարույթ: Դատական նիստը սկսվել է աշխատաժամն ավարտվելուց հետո' 18:10 րոպեին: Մինչեւ ժամը 20:30 րոպե մեր պաշտպանյալը գտնվել է անազատության մեջ, որին հսկել են ԱԱ 4 աշխատակիցներ»,-ասուլիսում հայտնեցին պաշտպանները:

Փաստաբանների ասելով' Ս. Ասատրյանի վրա գործադրված ֆիզիկական ու բարոյական ճնշման արդյունքում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Պաշտպան Կարեն Մեժլումյանի միջնորդությամբ ժամը 20-ի սահմաններում դատարան հրավիրված բժշկական անձնակազմն ախտորոշել է սրտի անբավարարություն եւ արյան ճնշման կտրուկ բարձրացում, որի հետեւանքով դատական նիստը հետաձգվել է:

Սակայն ԱԱ ծառայության աշխատակիցները Ս. Ասատրյանին ապօրինի զրկելով ազատությունից՝ տեղափոխել են ԱԱ ծառայության մեկուսարան: Հաջորդ օրը դատարանը շարունակել է ընդհատված դատական նիստը եւ, չնայած այն բանին, որ քննիչները փաստաբան Մարինե Ջանոյանին հայտնել են, թե «վկաների ցուցմունք կդնեն դատավորի սեղանին», այդպես էլ ոչինչ չեն ներկայացրել:

Վերջինիս ասելով' կ ալանավորումը երկարացնելու համար դատախազության բերած միջնորդության միակ փաստարկն այն է, որ չեն ստացվել նշանակված փորձաքննությունների արդյունքները, եւ անհրաժեշտ է կատարել այլ դատավարական գործողություններ: Պաշտպանները պնդում են, որ նշված փաստարկները չեն կարող կալանքի ժամկետը երկարացնելու հիմք հանդիսանալ, քննիչը պետք է իր միջնորդությունը ներկայացներ պատճառաբանված:

Ս. Ասատրյանի հետ վերջին քննչական գործողությունը կատարվել է հոկտեմբերի 10-ին: Ս. Աս ատրյանին կալանքից ազատելու համար երաշխավորագրեր են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը:

Սակայն վե րաքննիչ դատարանի որոշման մեջ անգամ անդրադարձ չկա դրանց, երբ Միջազգային իրավունքի եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն' դա նույնպես կալանավորված անձին ազատ արձակելու հիմք է: «Փաստորեն' նոյեմբերի 23-ից, ժամը 17:45 րոպեից սկսած' մեր պաշտպանյալն առանց որեւէ իրավական հիմքի գտնվում է անազատության մեջ»,- հայտարարեցին պաշտպանները:

2005թ.-ի դեկտեմբերի 6-ին Ս. Ասատրյանի պաշտպանները, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, երեք իրավապաշտպան կազմակերպություններ՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Հայաստանի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեան, Սախարովի անվան հիմնադրամը, գրավոր հայտարարությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազությանը:

Կատարվածը գնահատելով իբրեւ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» 5-րդ հոդվածի խախտում' նրանք պահանջել են ուսումնասիրություն սկսել այս գործով: Սակայն լրացել է օրենքով նախատեսված ժամանակը, եւ որեւէ պատասխան չի ստացվել, նյութեր չեն նախապատրաստվել, եւ հայտարարության բովանդակությունը չի ստուգվել: Պաշտպանները դրանից հետեւություն են անում, որ այդ ամենը տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազի տված իրական երաշխիքների առկայության պայմաններում:

«Քրեական հետապնդման պետք է ենթարկվի ՀՀ գլխավոր դատախազը»,-ասում են նրանք: Ս. Ասատրյանին ապօրինի անազատության մեջ պահելու մեջ մեղավոր անձանց՝ ՀՀ գլխավոր դատախազին, վարույթն իրականացնող քննիչներին եւ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն ընդունող դատավորներին պատժելու համար նրանք դիմել են ՀՀ նախագահին:

Նախկին ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի ավտոմեքենայի պայթյունի մասին Գլխավոր դատախազությունն առաջին հայտարարությունն արեց 2002թ.-ի դեկտեմբերի 29-ին «Հայոց աշխարհ» օրաթերթի 2002թ.-ի հունվարի 9-ի համարում:

«Երեւանի բնակիչ, 19-ամյա Վարուժան Գյուրջինյանը մեղադրվում է դեկտեմբերի 29-ին ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի ավտոմեքենան պայթեցնելու միջոցով նրա դեմ մահափորձ կատարելու մեջ եւ իրեն մեղավոր է ճանաչել»: Վարուժան Գյուրջինյանին 9 ամիս կալանքի տակ պահելուց եւ 10 հատոր քրեական գործ քննելուց հետո դատախազությունը չկարողացավ ապացուցել նրա հանցավորությունը եւ ազատ արձակեց:

Երկու տարի հետո կրկին «բացահայտելով» գործը' դատախազությունն արդեն ահաբեկչության պատվիրատու ներկայացրեց Վարուժան Գյուրջինյանի մորը' Սիլվա Ասատրյանին, իսկ ահաբեկիչը Ազգային անվտանգության աշխատակից Յուրի Վոլսոնն է:

Այս անգամ Հանրային հեռուստատեսությամբ հայտարարելով այդ մասին՝ տեսաժապավենը ցուցադրեց մի ողջ զինապահեստ' ասելով, թե այն հայտնաբերել են Վոլսոնի բնակարանում: Այս անգամ դարձյալ գործը քննում է նույն քննիչը' Աշոտ Նադոյանը, որը դրա իրավունքը չուներ ո՛չ իրավաբանորեն, ո՛չ էլ բարոյապես:

Դատելով պաշտպանական կողմի տպավորությունից' Աշոտ Նադոյանը ներկայումս գործում է նույն փութաջանությամբ, ինչպես երկու տարի առաջ ջանք չէր խնայում հիմնավորել իր կազմած 10 հատորների ճշմարտացիությունը:

Ներկայումս էլ պաշտպանները կարծում են, որ իրականում վերաքննիչ դատարանում աշխատաժամի ավարտից հետո դատական նիստ հրավիրել է միակ շահագրգիռ անձ, ՀՀ գլխավոր դատախազության քննիչ Ա. Նադոյանը: Այսպիսի եզրահանգման հիմք են հանդիսացել Ա. Նադոյանի գործողությունները, երբ նա անձամբ է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից գործի նյութերի մի մասն աննախադեպ արագությամբ վերաքննիչ դատարան հասցրել:

Դատարանն էլ, չստանալով գործի նյութերի կարեւոր մասը կազմող դատական նիստի արձանագրությունները, որոնք պարունակում են նաեւ պաշտպանական կողմի բացատրությունները, սկսել է առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության ստուգումը աշխատաժամի ավարտից հետո, որի իրավունքը չուներ:

«Կալանավորելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը եւ հիմնավորվածությունը դատարանը ստուգում է ընտրված խափանման միջոցի օրինականությունը եւ հիմնավորվածությունը հաստատող նյութերը ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում»,-այսպիսին է օրենքի պահանջը:

Վերաքննիչ դատարանի վճիռը պաշտպանները բողոքարկեցին Քրեական ու զինվորական գործերով վճռաբեկ դատարան, որը վերադարձրել է բողոքը' հայտնելով, թե նոր Սահմանադրության ընդունումից հետո դատարանը կալանքի հետ կապված որոշումներ չի քննարկում:

Ավելորդ չի լինի ընթերցողներին հիշեցնել, թե որտեղից է սկիզբ առել Գյուրջինյանների եւ Մելիք Գասպարյանի միջեւ եղած հակամարտությունը, եւ թե ինչու է այս գործի «բացահայտմամբ» այդքան շահագրգիռ ՀՀ գլխավոր դատախազությունը (Տես նաեւ' Ո՞վ պայթեցրեց ԱԺ պատգամավորի մեքենան)

Հայ-սիրիական ՀՁ «Արմենյըն Թրեյդրզ» ՍՊԸ նախագահ Արթուր Գյուրջինյանը 1998թ. մարտի 19-ին «Արարատ» Լիակատար Տնտեսական Ընկերակցության (ԼՏԸ) նախագահ Մելիք Գասպարյանին պատվիրում է իր վարձակալած տարածքում' Ամիրյան 4/20 հասցեում, բնակչության սպասարկման ոլորտի հինգհարկանի շենք կառուցել:

Շինությունը կառուցելու համար կապալի պայմանագրով 99 տարի ժամկետով Մ. Գասպարյանին է հանձնում իր վարձակալած Ամիրյան 4/20 հասցեի տարածքը: Ըստ պայմանագրի' կապալառուն' Մ. Գասպարյանը, ստանձնած պարտավորությունները պետք է կատարեր եւ ավարտեր 8 ամսում, այսինքն' 1998թ.-ի նոյեմբերին, ինչը չի արել:

Պայմանագիրը կնքելուց հետո Մ. Գասպարյանն ընդլայնել է տարածքը' մի քանի տներ գնելով նաեւ Ամիրյան 4/18, 4/20 եւ 4/22 հասցեներից, այդ թվում նաեւ վերջին հասցեում գտնվող Արթուր Գյուրջինյանի երկու տներից մեկը: Այնուհետեւ դիմել է Կենտրոնի դատարան եւ 4/20 հասցեի տարածքը ներկայացրել իբրեւ 4/22-ի տնամերձ հողամաս:

Հիմք ընդունելով Մ. Գասպարյանի այս հայտարարությունը' դատարանը հողահատկացում է կատարել. 96թ.-ին 99 տարի ժամկետով «Արմենյըն Թրեյդրզ» ՍՊԸ-ի վարձակալած հողատարածքը հատկացրել է Մ. Գասպարյանին' այդպիսի լիազորություն չունենալով: Այսինքն' դատարանի վճռով Մ. Գասպարյանը դարձել է կապալի պայմանագրով, շինարարություն կատարելու համար իրեն հանձնված հողատարածքի սեփականատերը:

Արթուր Գյուրջինյանը դիմում է դատարան՝ օրինականությունը վերականգնելու պահանջով: Դատական վեճը տեւեց ավելի քան երկու տարի, եւ դատարանը բոլոր վճիռները կայացրեց հօգուտ Մելիք Գասպարյանի: Փաստաբանները, վերլուծելով դատարանի վճիռները, միանշանակ պնդում էին, որ դրանք անօրինական են, դա հաստատեց նաեւ գործողությունների հետագա ընթացքը:

Կողմերի միջեւ հողային վեճը դրանով չավարտվեց: Հայ-սիրիական ՀՁ «Արմենյըն Թրեյդրզ» ՍՊԸ նախագահ Արթուր Գյուրջինյանի, նրա սիրիահայ գործընկերոջ' Ավետիս Կարագյուլեյանի ու Մելիք Գասպարյանի միջեւ բանակցությունները շարունակվեցին նաեւ դատական վեճից հետո:

Դատարանի վճռով հողատարածքը մնաց Մելիք Գասպարյանին, ավելին' մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին նա ձեռք բերեց նաեւ դրա շարունակությունը՝ Հյուսիսային պողոտայի հողատարածքի մաս կազմող Ամիրյան փողոցի մի ամբողջ հատված:

Սակայն Մ. Գասպարյանը բանակցությունների արդյունքում հարկադրված եղավ վերադարձնել 300 հազար ԱՄՆ դոլար՝ խլված հողատարածքի դիմաց: ՀՀ գլխավոր դատախազությունում տեղեկացել են այդ մասին, սակայն, թերեւս, անտեղյակ են եղել, որ այդ գումարից Արթուր Գյուրջինյանին ոչինչ չի հասել:

Այնուամենայնիվ, դրանից մի քանի օր հետո դատախազությունը Արթուր Գյուրջինյանի կնոջը' Սիլվա Ասատրյանին կալանելու որոշում է կայացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter