HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Պետության կարիքներ = Գագիկ Ծառուկյանի շահ

Հայաստանի եռաստիճան անկախ դատական համակարգի վճիռների համաձայն' Ռաֆիկ Չիչակյանը պետք է ազատի Աբովյան 5/1-ի իր թիվ 3 սեփական բնակարանը: Բնակարանից վտարման գործընթացը սկզբում իրականացնում էր կառավարությունը, հետո դատարաններն իրենց վճիռներով «օրինականացրին» բնակչին իր սեփական տնից վտարումը:

Երեւանի կենտրոնի Աբովյան փողոցի թիվ 5 շենքի հարակից տարածքը կառուցապատման իրացման նպատակով պետության կարիքների անվան տակ կառավարությունը (N 1047 որոշում, 2004թ. հուլիսի 8) վերցրել եւ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով առանց մրցույթի տրամադրել է «Մուլտի Գրուպ» ՍՊԸ-ին: ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին:

Կառավարությունն առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով 1430 քմ հող է հատկացրել Գ. Ծառուկյանին, չնայած այդ հողը, գործող օրենքների համաձայն, պետք է հանվեր աճուրդի եւ, ըստ աճուրդի անցկացման կարգի, տրվեր ամենաբարձր գին առաջարկողին:

Ինչու՞ է կառավարությունն այդչափ սիրում Գագիկ Ծառուկյանին: Նշված հասցեից մի քանի տասնյակ մետր վերեւ Գ. Ծառուկյանը ներկայումս կառուցում է մի բազմահարկ շենք (Տե՛ս լուսանկարը): Մեր տեղեկություններով՝ Գ. Ծառուկյանը Աբովյան 5-ում որոշել է կառուցել բնակելի շենք:

Ի՞նչ է նշանակում «պետության կարիքների համար»: Աբովյան 5 շենքի դեպքում «պետության կարիքը» Գ. Ծառուկյանին մեծ շահույթ ստանալու հնարավորություն տալն է' դրա համար զոհաբերելով ՀՀ որոշ քաղաքացիների: Կառավարության այս որոշումը կոռուպցիայի դասական օրինակ է ( քաղաքի կենտրոնում հողահատկացումների մասին կառավարության բոլոր որոշումներն են այսպիսին ):

Կոռուպցիայի դրսեւորման կոնկրետ փաստեր փնտրող, բայց չգտնող' նախագահի կոռուպցիայի գծով խորհրդական Բագրատ Եսայանին առաջարկում ենք վերցնել կառավարության այդ որոշումներն ու որպես կոռուպցիայի դասական օրինակներ ներկայացնել իր բոլոր հանդիպումներում: Այլապես իր եւ կոռուպցիայի մոնիտորինգի հանձնաժողովի գործունեությունը գրոշ չարժե, եւ իմաստ չունի միջոցներ ծախսել սեմինարների, քննարկումների եւ արտասահմանյան ուղեւորությունների վրա:

Աբովյան փողոցի 5/1 հասցեում Ռաֆիկ Չիչակյանն ապրում է 42 տարի' 1963թ.-ից: Նրա զբաղեցրած տարածքը սկզբում 19,6 քմ էր: Երբ ծնվեցին տղան ու աղջիկը, Ռ. Չիչակյանն ավելացրեց բնակմակերեսը' տան վրա կառուցելով եւս երկու հարկ:

Առաջին հարկում դեռեւս 1970-ական ներ ին կառուցել են խանութ, որն էլ դարձել է արդեն 2-րդ կարգի հաշմանդամ Ռաֆիկի ընտանիքի ապրուստի միջոցը: Մինչեւ այժմ այդ խանութը գործում է, որի համար Չիչակյանը վճարում է բոլոր հարկերը: Արդեն տասը տարի է նրանց զբաղեցրած տարածքը կազմում է 76 քմ:

«Բազմիցս նամակներ ենք գրել, որ մեր կառույցներն օրինականացնեն, օրենքը դա թույլ էր տալիս, բայց չարեցին: Էս տարի էլ դատարանի որոշում բերեցին, թե սա իրացման գոտի է, եւ պետք է ազատենք մեր տունը»,-ասում է Ռաֆիկ Չիչակյանի կինը' Գոհար Մանուկյանը:

2002թ.-ին որդին' Եղիշե Չիչակյանը, ամուսնացել է եւ ունեցել զավակ: Այս տանը գրանցված են նաեւ Եղիշեի կինը եւ որդին:

«ԾԻԳ-ի աշխատողներն ինձ ասում են' ինչու՞ տղադ շուտ չի ամուսնացել, ես էլ ասում եմ' փոքր էր, ինչպե՞ս ամուսնանար, հո տասը տարեկանում չէ՞ր ամուսնանալու: Ասում են՝ դիտավորյալ եմ ամուսնացրել: Դիտավորյալ բարեկամներիս կբերեի, կգրանցեի, ինչու՞ պիտի տղայիս ամուսնացնեի: Կադաստրում էլ մեր տան թղթերից ոչ մի բան չկար, լավ է ես պահել էի: Դրանք թուղթ չեն թողնում, վերացնում են»,-շարունակում է Գոհարը:

«Այս դատավարությունները թատրոն են' լրիվ իրենցով արված: Մենք դա գիտենք, բայց ուրիշ ճար չունենք: Վերաքննիչում դատավորը լսեց, լսեց, ասաց՝ դուք իրավացի եք, բայց պրեզիդենտի որոշումն է, ի օգուտ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի» պիտի լուծվի: Լրիվ էլ գիտեն, որ անօրինական է էս ամեն ինչը»,-ավելացնում է Ռաֆիկը:

«Չես իմանում՝ ում դիմես, մեք էստեղ համ աշխատում ենք, համ ապրում, մեր վիճակն ի՞նչ է լինելու՝ չգիտենք: Գագիկ Ծառուկյանին նամակներ ենք գրել ԱԺ, մեկն էլ տարել ենք Առինջ գյուղ, իր տանն ենք հանձնել, ոչ մի պատասխան չկա»,-ասում է Գոհարը:

Վեց հոգանոց ընտանիքին իր տնից վռնդելու դիմաց ԾԻԳ-ը որոշել է վճարել 10 հազար 870 ԱՄՆ դոլար եւ նույնչափ գումար՝ որպես խրախուսում: Եթե, ըստ գործող կարգի, այս ամբողջ գումարից հանենք ավելացված արժեքի հարկը, ապա կմնա մոտ 19 հազար ԱՄՆ դոլար: Փաստորեն' Չիչակյանենց վեց հոգանոց ընտանիքը քաղաքում պետք է 19 հազար դոլարով գնի բնակարան: Իսկ դա պարզապես հնարավոր չէ:

«Մենք իրենց ասում ենք՝ փող չենք ուզում, տվեք մեզ մի բնակարան, որտեղ կարող է ապրել վեց հոգի: Թող իրենք գտնեն, տան մեզ, մենք էլ այստեղից դուրս կգանք»,-շարունակում է Գոհարը:

Ռաֆիկ Չիչակյանը, չհամաձայնվելով իրենց առաջարկված պայմաններին, դիմել է դատարան: Իսկ երբ բնակիչը դիմում է դատարան, նրան զրկում են խրախուսման գումարից: Այսինքն՝ Չիչակյանն այժմ ստանալու է 9500 ԱՄՆ դոլար: Դատարաններն իրենց վճիռներով դա արդեն հաստատել են:

«Հայցվոր կողմի այն պնդումները, թե բնակելի տնով զբաղեցրած հողամասը վերցվում է «պետական կարիքներ»-ի համար, դատաքննությամբ չի հիմնավորվել, չնայած նշված հանգամանքն ինքնին դեռեւս հիմք չէ անձի բնակարանի անձեռմխելիությունը խախտելու համար»,- ասում է դատարանում Չիչակյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը:

Չիչակյանների տունը գնահատել է «Արթին Էնթերփրայս» ՍՊԸ-ն: Երեւանի կենտրոնում իրացվող բոլոր տարածքները գնահատում է այս կազմակերպությունը:

««Արթին Էնթերփրայս»-ը չի կարող համարվել անկախ գնահատող կազմակերպություն, քանի որ հանդիսանում է «ԵԿՆ ԾԻԳ»-ի պատվիրակատարը»,-ասում է Ա. Գրիգորյանը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2004թ. տարեկան զեկույցում այս կապակցությամբ նշված է. «Վերցվող անշարժ գույքի գնահատումները կատարվել են «Արթին էնթերփրայս» ՍՊԸ-ի կողմից, որի հետ պայմանագիր կնքելով՝ ԾԻԳ-ը նրան տվել է գնահատման մենաշնորհ եւ դարձրել շահագրգիռ կողմ գույքը հնարավորինս ցածր գնահատելու հարցում»:

Այսօր իրացվող տարածքներում քաղաքացիների դիմումով անշարժի գույքի որեւէ գործակալություն գնահատման աշխատանք չի տանում: Նրանց խստիվ արգելվել է նման ծառայություն մատուցել: Դեռ ավելին, մի քանի կազմակերպություններ, որոնք ժամանակին կատարել են նման աշխատանք եւ տվել են «Արթին էնթերփրայս»-ի ներկայացրած եզրակացությանը չհամապատասխանող եզրակացություններ (նրանք բարձր էին գնահատել բնակիչների գույքը), զրկվել են լիցենզիայից, նրանց մոտ ստուգումներ են սկսվել, հարուցվել են քրեական գործեր: Սա առանձին պատմություն է, որին առաջիկայում կանդրադառնանք:

«Դատարանները, այսպես կոչված կառուցապատման ծրագրի իրականացման գործերով, հանդես չեն գալիս որպես արդարադատություն իրականացնող մարմիններ: Նրանք ընդամենը մի բան են անում՝ լեգալիզացնում են ԾԻԳ-ի կողմից ներկայացված հայցերը' դրանց վրա դնելով իրենց կնիքները եւ ստորագրությունները: Քաղաքացիները բացարձակապես զրկված են դատական պաշտպանության իրավունքից»,-ասում է Արթուր Գրիգորյանը:

Դատարանում Ա. Գրիգորյանը նաեւ փորձել է պարզել, թե ինչ ասել է «պետական կարիքներ», եւ երբվանի՞ց են «Մուլտի գրուպ» ընկերության շահերը համընկել պետական շահերի հետ: Հայաստանում բոլորն էլ գիտեն, որ «Մուլտի գրուպ»-ի սեփականատիրոջ' Գագիկ Ծառուկյանի թիկունքում կանգնած է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ու միայն դա բավական է, որպեսզի նա հայտնվի «պետության կարիքների» ցանկում:

Ռաֆիկ Չիչակյանը որոշել է իր իրավունքները պաշտպանել Ստրասբուրգում' Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter