HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Ստերլիտ գոլդի» բաժնեմասերի գինը շարունակում է իջնել

««Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկության» հայկական բաժնեմասի ներկայացուցիչները սկսեցին զարմանալ, երբ խոստացվածի համաձայն համատեղ աշխատանք սկսելու փոխարեն հնդիկները պարզապես արհամարհեցին հայկական կողմի առաջարկները: Իսկ որոշ ժամանակ անց դադարեցին հրավիրել տնօրենների խորհրդի նիստեր եւ սկսեցին պնդել, որպեսզի համատեղ ձեռնարկության հայկական բաժնեմասը փոխանցվի իրենց:

Ձեռնարկության պետական մասնաբաժինը 2002թ. ամբողջովին վաճառվեց Անիլ Ագարվալի ընկերությանը' «Ստերլիտ գոլդ» - ին ( «Sterlite Gold» ) : Անիլ Ագարվալը դարձավ հայկական ոսկու միակ սեփականատերը (Տես նաեւ' Հայկական ոսկին Անիլ Ագարվալի պատճառով կորցնում է փայլը):

«Ստերլիտ գոլդ»-ը հայտարարեց, որ 2002թ.-ին արտադրել է 102 960 ունցիա ոսկի, հիմնականում' պոչանքներից, սակայն դրանց ծավալի կրճատման հետ անկում են ապրում նաեւ ընկերության արտադրական ծավալները։ 2003-ին արտադրությունը նվազեց մինչեւ 59000 ունցիա: Ընկերությունը դա պատճառաբանեց պոչանքների նվազմամբ, չնայած գործարանն ունի տարեկան մոտ 1 մլն տոննա հանքանյութի վերամշակման հնարավորություն:

Համաձայն ընկերության տեղեկության' 2005թ. առաջին եռամսյակում պոչանքներից եւ հանքաքարից արտադրված ոսկու ծավալը կազմել է 12 519 ունցիա: Այն կազմում է 2004թ. առաջին եռամսյակի 1% եկամուտը:

Բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, որ 2005թ. ընկերությունը պետությունից թաքցրել է հանքարդյունահանված ոսկու իրական ծավալները։ Ընկերության եւ բնապահպանության նախարարության միջեւ այդ խնդրով ծագած դատական գործընթացն ավարտվեց հաշտությամբ: Դատարանում կնքված հաշտությունն իրականում մի կասկածելի գործարք էր:

Կասկածների տեղիք են տալիս հենց արտադրության ծավալների անկման ընկերության պատճառաբանությունները: Ընկերությունը նախ պնդում էր, թե իբր Սոթքի հանքում ոսկու պարունակությունն ավելի պակաս է, քան նախկինում հայտնի էր՝ ակնարկելով խորհրդային ժամանակաշրջանի տվյալների ոչ իրական լինելը:

Մինչդեռ հանքավայրում ոսկու պարունակությունը հաստատվել է ոչ միայն ուսումնասիրությունների, այլեւ փաստացի հանքարդյունահանման ընթացքում, ներառյալ խորհրդային ժամանակաշրջանում, երբ ոսկու պարունակությունն արհեստականորեն բարձրացնելու որեւէ պատճառ չկար։ Հանքանյութի տեղափոխման ճանապարհածախսի վերաբերյալ ընկերության բողոքները, ինչպես արդեն նշել ենք, զավեշտական են:

Հայտնի է, որ ոսկու միջազգային գների աննախադեպ աճի պայմաններում, ինչը շարունակվել է 2002թ.–ից սկսված, հանքանյութի տեղափոխման ճանապարհածախսը մնացել է նույնը, եւ նույնիսկ վերջին երկու տարվա ընթացքում պակասել է ամերիկյան դոլարի արժեզրկման արդյունքում։

Պոչանքների ծավալի կրճատման հանգամանքով արտադրական ծավալների կրճատումը, թերեւս, կարելի է ընդունել: Դատելով «Ստերլիտ գոլդ»–ի ինտերնետային կայքում տեղադրված հաշվեկշռից' ընկերությունը, փաստորեն, միջոցներ չունի հանքաքարի արդյունահանման մեջ լուրջ ներդրումներ կատարելու համար, ուստի եւ արտադրական ծավալները պետք է կրճատվեն։

«Ստերլիտ գոլդ»–ի ինտերնետային կայքում նշված տեղեկատվության համաձայն' Սոթքում երկրաբանական տեղեկությունների լուրջ անճշտություններ են արձանագրվել, մինչդեռ տեղի մասնագետները լուրջ կասկածներ են հայտնում ընկերության' Սոթքի պաշարների աննախադեպ անկում արձանագրելու պնդումների վերաբերյալ:

Հայտնի է նաեւ, որ Սոթքի պաշարները հաստատվել են միջազգային հեղինակավոր ընկերությունների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում, մինչդեռ «Ստերլիտ գոլդ»–ի պնդումները հանքավայրի պաշարների հետեւողական նվազեցման ուղղությամբ մնում են չպարզաբանված։

Կայքում նշված է նաեւ, որ երկրորդ փուլի հանքանյութի ծավալն ավելի ցածր է, քան նախատեսվում էր, այդ իսկ պատճառով ոսկու արտադրությունը հնարավորինս բարձր մակարդակի վրա պահելու նպատակով ընկերությունը փորձում է մեծացնել բաց հանքի խորությունը նախատեսվածից ավելի շուտ:

Այժմ «Ստերլիտ գոլդ»–ը սկսում է հիմնական հորատման ծրագիրը, որն իրականացվելու է հանքի արեւմտյան մասում P1 (կանխատեսվող) պաշարները պարզելու նպատակով: Ենթադրվում է, որ սպասվելիք այս նոր պաշարները մեծացման հիմք կդառնան երրորդ փուլը սկսելու համար:

Այս ամենով հանդերձ' ընկերությունը արտադրության ծավալների մեծացման մասին հայտարարություններ է անում, որոնք, կարծես թե, հետապնդում են մեկ նպատակ' համոզել կառավարությանը թույլատրել ոսկու կորզման նոր գործարանի կառուցումը Սոթքի հանքի մոտակայքում։ Ոսկու ձեռնարկությունը պոտենցիալ ներդրողներին կամ գնորդներին ներկայացնում է Սոթքի եւ Մեղրաձորի ծրագրերի վերաբերյալ տրամագծորեն հակառակ պատկերներ։

Ներկայումս Անիլ Ագարվալը խոստանում է հսկայական ներդրումներ՝ պայմանով, որ գործարանի կառուցման թույլտվություն տրվի: Անհասկանալի է, թե այդ հսկայական ներդրումներն ինչու հիմա չեն կատարվում, առանց շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցություն ունեցող գործարանը կառուցելու:

Սոթքի եւ Մեղրաձորի հանքավայրերը հնդիկների կողմից Հայաստանից դուրս գտնվող ընկերություններին արված հայտարարությունների համաձայն' մետաղների միջազգային գների ներկա պայմաններում կարող են մեծ շահույթ ապահովել: Դա հաստատվել է նաեւ ««Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկության» տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստած միջազգային հեղինակավոր ընկերությունների կողմից։

Իսկ մինչ այդ Լոնդոնի բորսայում «Ստերլիտ գոլդ»-ի բաժնեմասերի գինը շարունակում է իջնել իր առավելագույն 21 ցենտ գնից, որն արձանագրվել էր 2004թ. օգոստոսին: Սեպտեմբերին ՀՀ կառավարության հետ սկսված կոնֆլիկտը բաժնեմասերի գինն իջեցրեց մինչեւ 3 ցենտ: Այժմ այն 4 ցենտ է: Սա տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ ոսկու համաշխարհային գները վերջին մի քանի ամիսների ընթացքում աննախադեպ աճ են գրանցել:

Բաժնետոմսերի գումարը հաշվարկելիս ստացվում է, որ «Ստերլիտ գոլդ»-ի այսօրվա բաժեմասերը Ագարվալը կարող է վաճառել 10-12 մլն դոլարով: Բնականաբար, հարց է ծագում. ո՞րն է միլիարդատեր Անիլ Ագարվալի շահը այս ամենում:

Նշենք, որ «Ստերլիտ գոլդ»-ի բաժնեմասերի միայն 45 տոկոսն է Ագարվալի սեփականությունը, երկրորդ մեծ մասնաբաժինը պատկանում է մի ամերիկացու, մնացածը' մի քանի հազար այլ բաժնետերերի: Իջեցնելով «Ստերլիտ գոլդ»-ի բաժնեմասերի գինը' այն ամբողջությամբ, ամենայն հավանակնությամբ, ձեռք կբերի Անիլ Ագարվալի «Վեդանտա Ռեսոուրսես» ընկերությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter