HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ-թուրքական առեւտուր՝ ի շահ… Վրաստանի

«Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ վրացական կողմն անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր արգելել է Ստամբուլից Երեւան ժամանող թուրքական ավտոբուսների տարանցիկ մուտքը Վրաստան: Թուրքական մարդատար ավտոբուսները փոխադրումներ են իրականացնում Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ ուղղությամբ: Դրանցից հիմնականում օգտվում են հայ առեւտրականները: Հայկական համարանիշներով միկրոավտոբուսներ նույնպես մեկնում են Թուրքիա, սակայն վերջինիս կողմից արգելվում է 16-ից ավել տեղ ունեցող հայաստանյան մեքենաների մուտքն իր տարածք: Եվ որպես կանոն հայ վաճառականները օգտվում են հենց թուրքական մեծ ավտոբուսներից, որոնք մինչեւ վերջերս պարբերաբար շարժվում էին Երեւանի ավտոկայանից: Այժմ դրանց փոխարինել են վրացական մեքենաները, ինչի ականատեսը եղանք նաեւ մենք: 

Վրացական կողմի քայլը առաջին հայացքից կարող է անակնկալ թվալ, սակայն իրականում դա այդպես չէ. այս ամենը տրամաբանական շարունակությունն է նրա, ինչ կատարվում է մեր հյուսիսային հարեւանների կողմից: Ժամանակին, երբ հայկական ու թուրքական համարանիշներով ավտոբուսներն անցնում էին Վրաստանի տարածքով, որեւէ խնդիր չկար: Սակայն հետագայում վրացիները սկսեցին կնքել դրանց բեռնախցիկները՝ պատճառաբանությամբ, որ չմաքսազերծված ապրանքն իրենց տարածքում չդառնա վաճառքի առարկա: Եղել են դեպքեր, երբ վարորդը ստիպված պոկել է կնիքը՝ վնասված անվադողը բեռնախցիկում եղածով փոխելու համար, ինչի համար էլ երկրորդ անգամ սահմանը հատելիս «բռնվել» է մաքսավորների կողմից ու տուգանվել 3000 դոլարով: Վրացիները նման իրավիճակներից խուսափելու համար առաջարկում էին այլընտրանքային տարբերակ. Վրաստանի տարածք մտնելուց հետո չմաքսազերծված ուղեբեռները տեղավորել առանձին վրացական մեքենայում, որը դրանք կհասցնի մինչեւ թուրք-վրացական կամ հայ-վրացական սահման ու հետո կհանձնի տերերին:

Թուրքական մեքենաները վրացականներով փոխարինելուց հետո ծագեց այն սկանդալը, որը տեղի ունեցավ հունվարի 20-ին, երբ թուրք ու վրացի վարորդները հրաժարվել էին մտնել Հայաստան՝ պատճառաբանելով, որ հայկական գործակալությունը, որը ուղերթի պատվիրատուն է, չի վճարել իրենց գումարը: Արդյունքում երկար քաշքշուկներից հետո 47 ուղեւորները ոտքով էին հատել հայ-վրացական սահմանը:

Հայ-թուրքական փակ սահմանը միանգամայն վրացիների սրտով է, որոնք, խստացնելով մաքսային քաղաքականությունը իրենց հարեւանների նկատմամբ, ամեն կերպ փորձել ու փորձում են ավելի մեծ օգուտներ քաղել հայ-թուրքական առեւտրային հարաբերություններից:

«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ բանը հասել է նրան, որ խնդրին ներգրավվել է Հայաստանի արտգործնախարարությունը: Նախարարության Թուրքիայի բաժնի պետ Արսեն Ավագյանը խնդրեց այդ հարցով դիմել մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին, վերջինս էլ հորդորեց նախ վրացական իշխանություններից պաշտոնապես ճշտել՝ նման արգելք կա արդյոք իրականում, որից հետո միայն ՀՀ ԱԳՆ-ն հանդես կգա մեկնաբանությամբ: Չնայած ՀՀ-ում Վրաստանի դեսպանատնից մեր զանգերին պատասխանող չկա, սակայն առաջիկայում կփորձենք խնդրի շուրջ ներկայացնել այդ երկրի պաշտոնական տեսակետը:    

Վերադառնալով հայ-թուրքական առեւտրային համագործակցությանը՝ նշենք, որ, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանն ու փակ սահմաններին, 2010-ին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 212 մլն դոլար: Սրան «Հետքն» անդրադարձել է: Հիշեցնենք, որ այս թվի միայն 0,5 տոկոսը կամ 1,2 մլն դոլարն են կազմում հայաստանյան արտահանումները: Այլ ձեւակերպմամբ՝ մեր երկիրը Թուրքիա է արտահանել 2900 տ ապրանք, ներկրել՝ 112000 տ:

Այդ 2900 տ-ի 93 տոկոսը (2700 տ) եղել է «չմշակված մորթիներ եւ կաշի» խմբի ապրանք, փոքր ծավալ են կազմել «քարից, գիպսից, ցեմենտից եւ նմանատիպ նյութերից իրեր», «միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ եւ մեխանիկական մասեր», «ծխախոտ եւ ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ», «ալյումին եւ դրանից պատրաստված իրեր» ապրանքախմբերի արտադրատեսակները:  

Իսկ թուրքական ներկրումները ոչ միայն մեծածավալ են, այլեւ բազմազան: Նշենք միայն ապրանքային խմբերից մի քանիսը. «փայտ և փայտից իրեր, փայտածուխ», «պլաստմասսա և դրանից իրեր», «սև մետաղներ», «իրեր սև մետաղներից», «կերամիկական իրեր», «օճառ, մակերեսային ակտիվ օրգանական միջոցներ, մաքրող միջոցներ եւ քսուկներ, մոմեր եւ հարդարանքի միջոցներ», «աղ, ծծումբ, հող եւ քար, սվաղման նյութեր, կրաքար եւ ցեմենտ», «ներկանյութեր, պիգմենտներ եւ այլ ներկող նյութեր, լաքեր, թանաք», «թուղթ, ստվարաթուղթ, դրանից պատրաստված իրեր», «սպիտակուցային նյութեր, սոսինձ, մոդիֆիկացված օսլա, ֆերմենտներ», «ապակի եւ դրանից իրեր», «տրիկոտաժե պաստառ մեքենայական կամ ձեռքի գործվածքով»: 

Մեկնաբանություններ (1)

Yerkragorc
Ընդհանրապես զզվելի է երբ Հայաստանի քաղաքացիները 2 միլիոն Հայեր մորթած թուրքերի հետ առևտուր են անում, այսինքն նպաստում են Հայաստանի արևմտյան տարածքները զավթած կիսամարդ հանցագործների հարստանալուն տարեկան մոտ $300 միլիոնով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter