HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Թուրքական ընկերությունը հետազոտել է Հայաստանի սահմանամերձ ընդերքը

«Ստերլիտ գոլդ»ընկերությանը պատկանող «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն»ՍՊԸ-ի գործունեության որոշ հանգամանքներ լուրջ անհանգստության առիթ են: Ընկերության հիմնական բաժնետեր, ազգությամբ հնդիկ, Լոնդոնում ապրող միլիարդատեր Անիլ Ագարվալը աշխարհում հայտնի է նաեւ իր կասկածելի գործերով (Տես նաեւ` Հայկական ոսկին Անիլ Ագարվալի պատճառով կորցնում է փայլը): 

2005թ.-ին բավական երկար ժամանակ «SPEKTRA JEOTEK» թուրքական ընկերությունը «Ստերլիտ գոլդ»-ի պատվերով հետազոտություն էր կատարել Սոթքի հանքավայրում, որը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում: 

Սովորաբար, «Ստերլիտ գոլդ» ընկերության պաշտոնական կայքում տեղեկատվություն է տեղադրվում բոլոր օտարերկրյա կազմակերպությունների կատարած աշխատանքների մասին: Սակայն թուրքական այդ ընկերության` Հայաստանում կատարած աշխատանքների մասին որեւէ բան կայքում նշված չէ: 

Փաստորեն` ռազմավարական նշանակության նման հանքավայրում ուսումնասիրություն է կատարել թուրքական ընկերությունը: Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի:

Ավելին` Թուրքիան հանդես է գալիս Ադրբեջանի շահերի պաշտպանության դիրքից եւ տարբեր պահանջներ է դնում Հայաստանի առջեւ: Անհասկանալի է, թե հանքավայրում հետազոտական աշխատանքներ կատարելու համար ինչու է ընտրվել հենց թուրքական ընկերությունը:

Մեր տեղեկություններով` թուրքական ընկերության Հայաստանում գտնվելու մասին տեղյակ չի եղել նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը: ԱԱԾ-ն այդ մասին տեղեկացել էր  SPEKTRA JEOTEK-ի աշխատակիցների Թուրքիա մեկնելուց մեկ օր առաջ միայն: 

Սա առաջին դեպքը չէ, երբ թուրքական ընկերությունը հայտնվում է Հայաստանի ազգային անվտանգությանն առնչվող ոլորտներում: 2004-ին «Inta Space Turk» կազմակերպությանը պատկանող թուրք-ռուսական «IBM» ընկերությունը հաղթել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հայտարարած քարտեզագրության մրցույթում:

Կատարված աշխատանքներն օգտագործվել են քարտեզագրության մեջ: Այդ քարտեզները գաղտնի գրիֆի տակ են, այսինքն` անհասանելի են սովորական մահկանացուներիս: Ամիսներ առաջ երկու պետական գերատեսչություններից մեզ հվաստիացրին, որ աշխատանքներն իրականացրած ընկերությունը կապ չուներ քարտեզի կազմման հետ:

«Նրանք միայն արբանյակից լուսանկարել են տեղանքը»,-այն ժամանակ ասաց ԱԱ ծառայության աշխատակիցներից մեկը: Նշենք, որ քարտեզագրվող տեղանքը Գյումրիի շրջակայքում էր` Թուրքիայի եւ Վրաստանի հետ սահմանին: 

Սոթքում հետազոտություններ կատարած ընկերության ներկայացուցիչների մեկնումից հետո, որոշ ժամանակ անց, Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Բաքվում Հնդկաստանի դեսպանին` նշելով, որ հնդկական ընկերությունը ոսկու արդյունահանման աշխատանքներ է տանում Ադրբեջանի տարածքում: Բաքվում Հնդկաստանի դեսպանը պատասխան-հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում հնդկական որեւէ ընկերություն ոսկու արդյունահանմամբ չի զբաղվում: 

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ միլիարդատեր Անիլ Ագարվալը հունվարի 15-ին այցելելու է Հայաստան: Նա փորձ է արել հանդիպումներ կազմակերպել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սակայն առայժմ որեւէ մեկը նրան հանդիպելու ցանկություն չի հայտնել:

Մեր կարծիքով` Ագարվալի այցն ունի երկու նպատակ. Նախ` հարթել մոտ մեկ տոննա ոսկու պաշարները թաքցնելու շուրջ ՀՀ կառավարության հետ վերջերս ծագած հակասությունները (այս հարցը, թերեւս, արդեն լուծված է), ապա` ՀՀ իշխանություններին համոզել Սոթքի հանքավայրի մոտակայքում` Սեւանի ավազանում, ոսկու կորզման նոր գործարան կառուցել: 

Անիլ Ագարվալի գործունեությանը ծանոթանալուց հետո կարելի է պատկերացնել, թե ինչ ՙհնարքներ՚ նա կարող է օգտագործել իր գործարքը հաջողելու համար: Հնդկաստանում, որտեղ իրենց հիմնական գործունեությունն են ծավալել Անիլ Ագարվալի մեկ տասնյակի հասնող ընկերությունները, նրա համար փակ դռներ չկան:

Նրա գործարանների մեծ մասը կառուցվել է առանց թույլտվությունների, ու հետո միայն բոլորն «օրինականացվել» են:

Ագարվալը նախարարներին կամ նրանց հարազատներին դարձրել է իր ընկերությունների կառավարման խորհուրդների անդամներ կամ օգտագործել «գործ սարքելու»` Հնդկաստանում ընդունված այլ միջոցներ: Բավական է նշել միայն, որ Հնդկաստանը համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը:

Չի բացառվում, որ Անիլ Ագարվալը Հայաստանում «գործը գլուխ բերելու համար» փորձի օգտագործել իր բազմիցս կիրառած «հնարքները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter