HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Կիբեռհանցագործությունը մեկ հոգու ձեռքի գործ չէ». Վահագն Հարությունյան

Հմուտ կիբեռհանցագործին փակել բանտո՞ւմ, թե՞ ձերբակալել և օգտագործել  նրա ուղեղը: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ Վահագն Հարությունյանի կարծիքով` ճիշտ է առաջին տարբերակը: Նա համաձայն է, որ չպետք է միմյանց հավասարեցվեն «տուն թալանող ավազակն» ու «լայն մտահորիզոն ունեցող, ծրագրավորման մի քանի լեզուների տիրապետող կիբեռհանցագործը»: «Բայց միևնույն ժամանակ օրենքն ասում է, որ չկան ներելի հանցագործություններ,- ասում է Վ. Հարությունյանը,- ըստ հին ասացվածքի` ձու գողացողը ձի էլ կգողանա:  Երբ դու մեկ անգամ ձու ես գողացել, ապա վաղը որևէ բանկից հսկայական գումար կգողանաս: Այսինքն` փոքր հանցանք չկա»:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժինը սկսել է գործել  2009 թ. սկզբից: Առաջին տարում բացահայտվել է կիբեռհանցագործության 13 դեպք, որոնցից  9-ը եղել են պոռնոգրական նյութերի տարածման դեպքեր: 2010 թ. հարուցվել է 15 քրեական գործ: 2011 թ.  նախնական արդյունքներով` արդեն ունենք հարուցված 20 քրեական գործ: Իհարկե, որոշ խնդիրներ կան, որոնք մի փոքր խոչընդոտում են քրեադատավարական փուլերով նախատեսված գործընթացները. հիմնական խնդիրներն են բաժնի տեխնիկական ոչ հագեցվածությունը, փորձաքննությունների բավական երկարաձգվելը մասնագետների քիչ լինելու պատճառով, իսկ աշխատանքների ծավալը հսկայական է:

Ռեա՞լ,  թե՞ վիրտուալ հանցագործին է ավելի դժվար բացահայտելը: Օրինակ` բանկ կտրողի՞ն, թե՞ բանկային քարտը կոտրողին:

Վիրտուալ տարածքում ապացուցողական մասը շատ դժվար է հաղթահարել: Իրական հանցագործությունը կատարվում է բոլորի աչքի առջև, տեսնողներ  կան, պատահական անցորդները կարող են վկա լինել: Իսկ  որպեսզի վիրտուալ տարածքում օրինազանցը բացահայտվի, պետք է կարողանալ արարքի թաքնված մասից ի հայտ բերել այն ամենն, ինչը բացահայտ բնույթ է կրում: Այնուհետև բացահայտ բնույթ կրող հատվածում պետք է կարողանալ ապացույցներ հավաքել: Հենց այդ ապացուցողական աշխատանքն է շատ դժվար իրականացնելը: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժինը  շատ սերտորեն համագործակցում է բազմաթիվ  միջազգային կառույցների հետ. այդ համագործակցության արդյունքում մենք ստացանք «սկայպ», որի միջոցով կարելի է իմանալ հաղորդակցական համակարգի օգտագործողի տվյալները: Այդ հնարավորության շնորհիվ  կարողացանք բացահայտել, օրինակ, հետևյալ դեպքը:   Անցյալ տարի` մարտ ամսին,  Մարտունիից մի երիտասարդ` տասնմեկերորդ դասարանի աշակերտ, կոտրել էր odnoklassniki.ru կայքի 57 օգտատերերի էջերը, մուտք  գործել քաղաքացիների անկետաներն ու իր հաշվին փոխանցել Poker world club խաղի` նրանց միավորները: Երիտասարդը, փաստորեն, տիրացել էր բավական մեծ գումարի` 57 օգտատերերի թողնելով  առանց իրենց պոկերի` բոնուսային հաշվեկշռի: Իհարկե, արարքը համարվեց քրեորեն պատժելի, բայց, ելնելով այն հանգամանքից, որ քաղաքացին դա կատարել էր առաջին անգամ, դատախազը ներել էր նրան.  քրեական գործի հարուցումը, եթե չեմ սխալվում, մերժվեց նվազ կարևորություն ունենալու պատճառով:

Սոցցանցերում այլ անվան տակ մեկին վիրավորանք հասցնելը հանցագործությո՞ւն է:

Քանի որ 2010 թ. հուլիսի 3-ին ՀՀ նախագահի կողմից «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին օրենսգրքի 135 և 136 հոդվածները, ՀՀ-ում վիրավորելու կամ զրպարտելու համար որևէ մեկը քրեական պատասխանատվություն չի կրում: Մի դեպքում միայն Քրեական օրենսգրքի 151 հոդվածով քրեորեն պատժելի է ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի կուսակցության վերաբերյալ զրպարտչական տեղեկությունների տարածումը: Նման դեպքերը կարելի է դիտարկել քաղաքացիաիրավական հարթության մեջ: ՀՀ ցանկացած քաղաքացի վիրավորանք ստանալու դեպքում կարող է դիմել ընդհանուր իրավասության  ցանկացած դատարան և պահանջել փոխհատուցում մինչև մեկ միլիոն դրամ վիրավորանքի և 2 միլիոն դրամ զրպարտության համար:

Ինտերնետ ոլորտում սա առաջ բերեց նոր խնդիրներ: Ենթադրենք` քաղաքացին դիմում է դատարան և ասում, որ ինքը քաղաքացիական հայց է ներկայացնում, որովհետև իրեն վիրավորել են odnoklassniki.ru  կայքում:  Բայց քանի որ ՀՀ-ում դատավարությունը ընթանում է  մրցակցային կարգով, դատարանը ստիպված է կանչել նաև երկրորդ` պատասխանող կողմին: Ո՞վ է պատասխանողը: Եթե odnoklassniki.ru կայքում վիրավորանք ստացած քաղաքացին չգիտի, թե ով է իրեն վիրավորողը, այսինքն` քանի դեռ պարզված չէ վիրավորողի անձը, դատարանը պարզապես իրավունք չունի դատական հայցը  ընդունել:

Այս դեպքում ինչպե՞ս պետք է լուծվի հարցը, եթե քաղաքացին իր միջոցներով հնարավորություն չունի պարզելու, թե ով է իրեն վիրավորողը:

Սա դեռևս օրենսդրական բաց է: Մեր կողմից կան օրենսդրական մի քանի առաջարկություններ, որոնցից մեկն է վերականգնել 136 հոդվածը այլ խմբագրությամբ` վիրավորանք ինտերնետում. չէ՞ որ ինտերնետում վիրավորանքը կարող է տարբերվել դրսի վիրավորանքից: Վիրտուալ տարածքում հասցված վիրավորանքը հաճախ մարդուն ամեն ինչի կարող է հասցնել: Բոլորիս մեջ թարմ է դեռ Գյումրիում տեղի ունեցած դեպքը, երբ քաղաքացուն սպանեցին odnoklassniki.ru կայքում վիրավորանք հասցնելու համար: Այսինքն` ունենք նույնիսկ մահվան ելքով դեպք, որը  ինտերնետում վիրավորանք հասցնելու հետևանք էր: Բազմաթիվ ինքնասպանությունների փորձեր ենք գրանցել, որոնք նույնպես սոցկայքերում տարբեր շփումների հետևանք են: Մենք արդեն  կանգնած ենք մարտահրավերի առջև. վիրտուալ տարածք տեղափոխվելը կարող է  հանգեցնել մարդու հոգեբանական լուրջ փոփոխությունների:

Շատ երկրներում կիբեռհանցագործության տարածված տեսակ է մանկական պոռնոգրական նյութերի տեղադրումը համացանցում: Հայաստանում նման դեպք եղե՞լ է:

Այո: ՀՀ Քրեական օրենսգրքի 263 հոդվածի 2-րդ մասը նախատեսում է հետևյալը. մանկական պոռնոգրական նյութերի համակարգչային համակարգում պահպանելը ևս համարվում է քրեորեն պատժելի արարք: Եվ հիմնականում բացահայտվում են  համակարգչում նման նյութերի պահպանման դեպքերը: Որքան խեղաթյուրված հոգեբանություն պետք է ունենա մարդը, որ համակարգչում կամ բջջային հեռախոսում պահպանի երեխայի մերկ լուսանկարներ, որոնք ակնհայտ պոռնոգրական բնույթի են, երբ դեռ փորձագետի եղրակացություն էլ չի տրվել: Հիմա ունենք նման մի դեպք, որ ուղարկված է փորձաքննության. նախաքննական գաղտնիքից ելնելով` չեմ կարող դեպքը շատ մանրամասնել:

Եվրախորհրդի կիբեռհանցագործության մասին կոնվենցիայում, որին  ՀՀ միացել է 2006 թ.-ին,   լուրջ տեղ է հատկացվում մանկական պոռնոգրական նյութերի տարածմանը վերաբերող հարցերին: Առհասարակ միջազգային համագործակցության հարցում կիբեռհանցագործության դեմ պայքարի բաժինը շատ ակտիվ է աշխատում: Դա մեր աշխատանքի բավական լայնածավալ մի հատվածն է: Օրինակ` այս բաժնում գործում է կոնվենցիայով նախատեսված 24/7 կետ: Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շաբաթվա բոլոր օրերին և ժամերին կարող է զանգահարել և ահազանգել, ինչպես նաև էլեկտրոնային փոստով ուղարկել իր նկատմամբ կամ ընդհանրապես իրեն հայտնի դարձած կիբեռհանցագործության դեպքի մասին:

Ահազանգ երբևէ ստացե՞լ եք:

Այո: Օրինակ` մի անգամ ՀՀ մի քաղաքացի  զանգահարեց և ասաց, որ իր համակարգիչ հակեր է  մտել: Ահազանգն ընդունելուց հետո ստուգեցինք և պարզեցինք, որ hակերները ոչինչ էլ  չէին արել, պարզապես քաղաքացին մի փոքր վատ էր տիրապետում իր համակարգչին: Բայց կարևորն այն է, որ ահազանգը ժամանակին տեղ հասավ, և մենք ժամանակին արձագանքեցինք: Ունեցել ենք նաև դեպքեր, երբ մեզ դիմել է այլ պետության քաղաքացի: Այդ դեպքում նրան մենք միանգամից ուղարկում ենք համապատասխան կոնտակտային կետ:  Կոնտակտային կետերը ամբողջ աշխարհում 69-ն են: Կիբեռհանցագործությունների մասին կոնվենցիայով նախատեսվում է, որ դրանք պետք է շատանան:

Հայաստանում կիբեռհանցագործության ո՞ր տեսակներն էլ առավել շատ տարածված:

Երբ դիտարկումը կատարում ենք տոկոսային առումով, շատ մեծ թիվ են կազմում սոցիալական կայքերի օգտագործմամբ կատարված հանցագործությունները` շորթումները, սպառնալիքները, անձնական տվյալների ապօրինի տարածումն ու հրապարակումը, տեղեկատվական բազաների անօրինական օգտագործումը:  Կուզենայի խորհուրդ տալ հասարակության մի ստվար զանգվածին չօգտագործել ուրիշի տեղեկատվական բազաները, որոնք ստեղծված են բջջային օպերատորների կամ  ֆիքսված հեռախոսացանցի կողմից, քանի որ դրանք, ըստ «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի, հարակից իրավունքի օբյեկտներ են:  Այդ  պատճառով երբ ինչ-որ մեկը հայտարարություն է տալիս, թե, օրինակ, 1000 դրամով կասի տվյալ բաժանորդին զանգահարած մարդու  տվյալները, այսինքն` վաճառում է տեղեկատվական բազա, ապա նա կատարում է քրեորեն պատժելի արարք` տեղեկատվական համակարգ ապօրինի մուտք գործելը: Իհարկե չեմ կարող ասել` ինչպես են բջջային օպերատորների կողմից ծառայողական նպատակներով ստեղծված տեղեկատվական բազաներն ընկնում քաղաքացիների ձեռքը: Վերջերս ունեցել ենք նման մի դեպք, որը գտնվում է քննչական մարմնի վարույթում: 

Կիբեռհանցագործությունների հետևում սովորաբար մե՞կ հանցագործ է կանգնած, թե՞ հանցախումբ:

Նախ նշեմ` որպեսզի դեպքը մեր բաժնի կողմից բացահայտվի, պարտադիր չէ, որ վիրտուալ տարածքում կատարված լինի, կարող է պարզապես որևէ առնչություն ունեցած լինի համակարգչային տեխնիկայի հետ: Մենք բացահայտել էինք մի խմբի, որը քաղաքացիներից գումար էր կորզում աշխատանքի տեղավորելու պատրվակով: Նրանք հայտարարություն էին տվել նաև ինտերնետում, հանդիպել ու ծանոթացել  էին մարդկանց հետ, ձեռքներից փողը վերցրել ու  գնացել էին. տուժողներից շատերը հանցագործների ծանոթներն էին: Այս հանցագործության հետևում խումբ էր կանգնած, բայց այն կազմակերպված բնույթ չէր կրում: Ամեն դեպքում վիրտուալ տիրույթում կատարվող հանցագործությունները մի հոգու ձեռքի գործ շատ հազվադեպ են լինում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter