HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրի մեջ բարձր է ամոնիումի քանակությունը

Երկու տարի է` դադարեցվել է Ախթալայի Սվինեց թաղամաս տանող ճանապարհաեզրին, Ս.Մարիամ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ գտնվող պոչամբարի շահագործումը, սակայն այստեղ այդպես էլ չեն իրականացվել ռեկուլտիվացիոն աշխատանքներ:

Վերջին ամիսների ձյան եւ անձրեւների հորդառատ տեղումներից պոչամբարում կուտակված պոչանքների դիրքի տեղաշարժ է նկատվում: Այն նպաստավոր վիճակ է ստեղծել թունավոր պոչանքների հոսքերի համար, որոնք կարող են թափվել Ախթալա գետը, այստեղից էլ լցվել Դեբեդ: Պոչամբարն անտերության է մատնված: Այն ցանցապատված չէ, նախազգուշացնող նշաններ չկան:

Պոչամբարում կատարվում է թունավոր նյութերի օքսիդացում: Պոչամբարի վտանգները կանխելու մասին «Հետքի» հարցմանը Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը պատասխանեց. «Ես ոչ միայն Ախթալայի Սվինեց թաղամաս տանող ճանապարհաեզրին տեղավորված, այլ Փոքր Այրում գյուղ գնացող ճանապարհին գտնվող «Մեթըլ Փրինս» կորպորացիային պատկանող պոչամբարների վտանգը կանխելու համար 2011 թ. մարտի 15-ին գրություն եմ ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարին, որի պատասխանը դեռեւս չեմ ստացել»:

Լոռու մարզի պոչամբարների անմխիթար վիճակի եւ դրանց անվտանգությունը ապահովելու անհրաժեշտության մասին «Հետքը» նույնպես իր 28.03.2011 թ. N32-h1 գրությամբ տեղեկացրել եւ ձեռնարկվող միջոցառումների մասին տեղեկատվություն է խնդրել ՀՀ բնապահպանության նախարարությունից, որին նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը պատասխանել է մոտ մեկ ամիս հետո` ապրիլի 26-ին. «...Ինչ վերաբերում է տուգանքների մասին հարցին, ապա 2009 թ. Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը տուգանվել է 10.141 մլն դրամ գումարով` ջրային աղտոտման համար, ինչպես նաեւ կիրառվել է վարչական տույժ 150 հազար դրամ գումարի չափով»:

Բնապահպանության նախարարության պատասխան-գրությամբ նաեւ հայտնվում է, որ նախարարության գործառույթների մեջ չի մտնում խրամակուտակիչների անվտանգության ապահովումը: Այդ խնդիրը կարգավորում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Վանաձորի թափոնակուտակիչներում տիրող վիճակի մասին Է. Փիրումյանը հայտնել է հետեւյալը. «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի հաշվեկշռում ընդգրկված թափոնակուտակիչը չի շահագործվում 1988-ից, ամոնիակի եւ ամոնիակային միացությունների արտադրության դադարեցման հետ միաժամանակ: Թափոնակուտակիչի շահագործման դեպքում անհրաժեշտ կլինի գործարանից թափոնակուտակիչ մղվող պոչույթի խողովակաշարի կապիտալ վերանորոգում: Որպես արգելված գոտի թափոնակուտակիչը ցանցապատված չէ, չունի անվտանգության համապատասխան գոտիներ, մուտքը արգելող ցուցատախտակներ: Թերի է գործում թափոնակուտակիչը շրջանցող անձրեւաջրերի եւ այլ ջրերի դրենաժային համակարգը»:

Պարզվում է` Վանաձորի թափոնակուտակիչում ետխորհրդային տարիներին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժինը պարբերաբար ուսումնասիրություններ է կատարել, մասնավորապես` անալիտիկ հետազոտություններ են կատարվել թափոնակուտակիչից դուրս եկող խողովակի ջրից: Վերջին 3 տարվա ընթացքում վերցվել է ջրի 22 նմուշ եւ կատարվել 290 անալիզ: Անալիտիկ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թափոնակուտակիչից դուրս եկող ջրի մեջ բարձր է ամոնիումը, չոր մնացորդները, սուլֆատը:

«Թափոնակուտակիչից դուրս եկող ջուրը` մոտավորապես 3 լ/վրկ, մոտ 2 կմ հոսքով խառնվում է Փամբակ գետին: Փամբակ գետից 31.03.2011 թ. վերցված ջրի անալիտիկ հետազոտության արդյունքում ամոնիում չի հայտնաբերվել»,- հայտնում է բնապահպանության նախարարությունը:

Գրությամբ տեղեկացնում են նաեւ, որ վերջին տարիներին «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ում, որի հաշվեկշռում է թափոնակուտակիչը, կատարվել են ուսումնասիրություններ եւ ստուգումներ, 2009 թ. տեսչական ստուգումների արդյունքում «Վանաձոր-Պրոմեթեյ» ՓԲԸ-ն տուգանվել է 500 հազար դրամ (150 հազար դրամ վարչական տուգանք, 350 հազար դրամ բնությանը պատճառած վնաս), 2010 թ. տուգանվել է 498132 դրամով:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 21-ին «Հետքի» հարցին, թե ի վիճակի՞ չեն թափոնակուտակիչը մեկուսացնելու համար ցանցապատել, «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի նոր տեխնոլոգիաների գծով տեղակալ Ֆեոդոր Աբաջեւը պատասխանել է. «Դեռ ոչ»: Այս պարագայում ի՞նչ իմաստ ունեն տնտեսական հոգեվարքի մեջ գտնվող ընկերության նկատմամբ բնապահպանական տեսչության կողմից կիրառվող ամենամյա տուգանքները, երբ դրանք չեն փոխում իրավիճակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter