Կիրակի, 23 սեպտեմբերի

Վթարային շենքում նորաբնակների մուտքը չեն խոչընդոտել, բայց սահմանափակել են այլ իրավունքներ



Չորս անչափահաս երեխաների մայր Անյուտա Հակոբյանի ընտանիքը երեք տարի առաջ է հաստատվել Նոր Նորքի 1-ին զանգվածի Ջուղայի 5 շենքում:

Ընտանիքը 2006 թ. լքել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղը, որն իրենց ծննդավայրն էր եւ տեղափոխվել Երեւան` հույս ունենալով, որ բազմանդամ ընտանիքի սոցիալական խնդիրները մայրաքաղաքում ավելի հեշտությամբ կարող են լուծել: Մայրաքաղաքում բնակարան էին վարձել եւ մրգի ու բանջարեղենի վաճառքով էին զբաղվում: Հետո տեղեկանալով, որ Ջուղայի 5 շենքում ազատ բնակարաններ կան` տեղափոխվում են այնտեղ: Հիմա բանջարեղենի վաճառքն իրականացնում են շենքին հարակից կրպակում:

2006 թ.-ից երեխաները դպրոց են հաճախում, նրանցից ավագը 5-րդ դասարանում է սովորում, իսկ կրտսերը` առաջին դասարանում: Կարծես թե ամեն ինչ հարթ էր ընթանում մինչեւ այն պահը, երբ դպրոցներին հրահանգվեց, որպեսզի բոլոր երեխաները փաստաթղթով հաստատեն իրենց հաշվառման հասցեն: Նոր Նորքի անձնագրային բաժնում հրաժարվել են տեղեկանքներ տրամադրել, այն դեպքում, երբ իրենք փաստացի հաշվառված են այդ հասցեում: «Առաջին տարին` 2009 թ., երբ բնակության տեղափոխվեցինք այստեղ, նաեւ նպաստ էինք ստանում, իսկ հետո Նոր Նորքի անձնագրային բաժինը հրաժարվեց փաստացի բնակության մասին տեղեկանք տրամադրել, որի պատճառով զրկվեցինք նաեւ նպաստից»,- ասում է Անյուտան:

Անյուտան միակը չէ, ով հայտնվել է փակուղու առաջ, այդ շենքում մանկապարտեզ ու դպրոց հաճախող բազմաթիվ երեխաներ կան: Շենքի բնակչուհիներից Ալլա Աբովյանի երեխաները մանկապարտեզ են հաճախում: «Մանկապարտեզից ասում են` եթե հաշվառման թերթիկ չբերեք, վարձը կդարձնենք 8 հազար դրամ: Քաղաքապետարանը, երբ անվճար դարձրեց մանկապարտեզները, ասացին, թե ով գրանցում չունի, նրանց վարձը դառնում է 18 հազար դրամ, հետո էլ թե` 10 հազարը պետությունն է տրամադրում, իսկ 8 հազար դրամը ծնողները պետք է վճարեն: Ասում եմ` եթե ես այդ գումարն ունենամ, կգնամ նորմալ տան մեջ կապրեմ, ոչ թե այստեղ: Եթե մեզ փաստացի հաշվառել են, ինչո՞ւ տեղեկանք չեն տալիս, որ մեր երեխաները խնդիրներ չունենան»,- վրդովվում է Ալլան:

Բնակիչների ասելով` իրենց առանձնապես չեն խոչընդոտել նշված հասցեում բնակություն հաստատելու հարցում, եկել փաստացի հաշվառել են, գրանցումը վավերացրել են նաեւ իրենց անձնագրերում: Առաջին տարին տեղեկանքներ էին տրամադրում, նպաստ էին ստանում, իսկ հետո, անհասկանալի պատճառներով, հրաժարվեցին փաստացի բնակության մասին տեղեկանքներ տրամադրել: Շենքի նոր բնակիչներին հատկապես զարմացնում է այն, որ այդ հասցեից բանակ են զորակոչում, «ընտրության են տանում», բայց երբ իրենց է հասցեն անհրաժեշտ, չեն տրամադրում:

Ջուղայի 5 հասցեի մշտական բնակիչները 3 տարի առաջ են հեռացել շենքից, երբ այդ վթարային շենքի բնակիչներին ապահովել են բնակարանով: Նրանց հեռանալուց հետո շենքն արագ բնակեցվել է: Հիմա, նորաբնակների ասելով, 60 բնակարան ունեցող այդ շենքի 50 բնակարանները կրկին բնակեցված են: Շենքը վատթար վիճակում է, մշտական բնակիչների հեռանալուց հետո այն նաեւ թալանվել է` մուտքի դռները, պատուհանները, աստիճանի բազրիքները չկան, տանիքը կիսավեր վիճակում է: Նորեկները հաստատվել ու բնակության համար տանելի պայմաններ են փորձել ստեղծել, փոքր ի շատե բարեկարգել իրենց բնակարանները, հարեւան շենքերից հոսանքալարեր են անցկացրել ու միացրել բնակարանների հաշվիչներին: Նրանց ասելով` էլեկտրացանցում տեղյակ են, որ հոսանք ունենալու հարցն իրենք այդ կերպ են լուծել: Եղել է, որ շաբաթով անջատել են բնակարանների հոսանքը, բայց հետո հաշտվել են կատարվածի հետ, քանի որ երկու տարի առաջ, ընդառաջելով իրենց խնդրանքներին, շենքի էլեկտրամատակարարումն ապահովելու համար աշխատանքներ կատարեցին, սակայն անհասկանալի պատճառով ավարտին չհասցրին:

Այս շենքի նորաբնակները հիմնականում միայնակ մայրեր են, սոցիալապես անապահով ընտանիքներ, մարզերից Երեւան տեղափոխվածներ կամ տարբեր պատճառներով բնակարանից զրկվածներ: Նրանք գոհ են, որ չնայած ոչ բարվոք պայմաններին, այնուամենայնիվ, կտուր ունեն իրենց գլխավերեւում: Հիմա քննարկում են շենքի վթարայնության աստիճանը եւ, նմանատիպ այլ շինությունների հետ համեմատության մեջ դնելով, կարծում են, որ այն ոչ թե 4-րդ կարգի վթարայնության շենք է, այլ` 3-րդ, այսինքն` ամրացման ենթակա, որի դեպքում իրենց բնակարանի խնդիրը կարող է լուծվել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ