HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Անօթեւանն աղոթում է «ձմեռը հանելու համար»

Նրանց «թագավորությունը»

«Դեկտեմբերին մեր ծանոթ բոմժերից երեքը մահացել են' Զավենը, Գելոն ու Մուրադը: Դուրսը քնել, մահացել են»,-ասում է անօթեւան Սերյոժա Վարդազարյանը:

Ամեն օր պառկելուց առաջ եւ արթնանալուց հետո Սերյոժան աղոթում է.

«Ասում եմ' Տեր Աստված, դու մեզ պահիր, էսօր տուր մեզ մեր հացը, փրկարարը միայն դու ես: Աղաչում եմ քեզ, որ չմահանանք, ապրենք, որ էս ձմեռն էլ հանենք ու տեսնենք, թե ինչ կգա մեր գլուխը»:

Սերյոժա Վարդազարյանը ռուս Սերգեյի եւ Սուսանի հետ ապրում է Կայարանի մերձակայքում գտնվող մի կիսաքանդ կաթսայատանը:

Ս. Վարդազարյանը միանգամից ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է իր կենսագրությունը: Նա ծնվել է 1 948 թ. Շամշադինի շրջանի Արծվաբերդ գյուղում:

«Մեկ տարեկան էի, հայրս գնաց բանակ ու վերադարձավ ուրիշ կնոջ հետ: Հետո նա ինձ տարավ Բաքու: Հայրս ծեծում էր ինձ, խորթ մայրս էլ հետս անընդհատ կռվում էր, ես էլ աշխատում էի տուն քիչ գնալ, դասերից փախչում էի ու մի օր էլ հայտնվեցի անչափահասների գաղութում: Հետո, երբ դուրս եկա, հորս մոտ չվերադարձա, փախա, եկա Հայաստան' մորս մոտ: Երկաթգծում էի աշխատում, բանվորություն էի անում, մի որոշ ժամանակ գնացքի ուղեկցորդ էի աշխատում: Գնացի բանակ, այնտեղ վիրավորվել եմ եւ 11 ամիս հետո վերադարձել Երեւան: Կյանքիս մեջ գողություն արած չկամ: Մեր ազգի մեջ էլ գող չի եղել: Մեկը գողություն էր արել, ինձ տարան ծեծեցին ու ստիպեցին, որ իմ վրա վերցնեմ: Ասացին' դու ես գողացել: Նստել եմ տարի ու կես ու դրանից հետո պարբերաբար ինչ-որ պատմությունների մեջ եմ հայտնվում: Մեկին մի բան է լինում, գալիս ինձ են տանում»:

Մեր այցելության ժամանակ աօնթեւանների մոտ էր Անահիտ Գասպարյանը: Նա, ինչպես պատմեց Սերյոժան, պարբերաբար այցելում է իրենց ու օգնում:

«Խարբերդից եմ, պատահական եմ ծանոթացել ու միշտ գալիս եմ: Ճաշ եմ եփում մեկ-մեկ, բան-ման եմ բերում, ինչքան հնարավորությունս ներում է»,-ասում է Անահիտը: Անահիտն օգնում է նաեւ ուրիշ անօթեւանների, նա թվարկում էր մեզ արդեն ծանոթ անօթեւանների անունները, որոնց նույնպես այցելում է:

Անահիտին հարցնում ենք' ինչու՞ ես օգնում: «Բա ի՞նչ անեմ, որ չօգնեմ: Մեղք են, որ չօգնես, չի լինի: Մեր հայերն են, ի՞նչ անեմ: Որ ձեռք չմեկնես, կլինի՞, վերանա՞ հայ ազգը, ասում են, չէ՞' մի բուռ հայ ենք, բա էդ մի բուռ հային թողնենք վերանա՞ն: Էս մարդկանց պիտի օգնեն, ոչ թե էն ունեւորներին: Էդ հարուստները իրենց ունեցվածքի մի պատառ թող տան, էս մարդկանց համար մի անկյուն սարքեն, որ գնան էնտեղ սթրվեն: Բա մարդուն էս վիճակում կարելի՞ է թողնել: Բա պետությունը ու՞ր է, էդ որ ասում են պետություն ենք ստեղծել, ու՞ր է»,- վրդովված ասում է Անահիտը:

«Էս ձեւի ապրուստը ու՞մ է պետք: Գետնին պառկած ենք քնում: Ցելոֆան ենք վառում, կոշիկ, ինչ պատահի հավաքում, բերում ենք, որ չսառենք: Մոտ յոթ հարյուր հատ մեշոկ ենք հավաքել: Հատը քսանհինգ դրամով հանձնում ենք: Շշեր ենք հավաքում, դրանք էլ հատը տասը դրամ է: Էն էլ էդ մեշոկների մի մասը դրինք վառինք, մրսում էինք, չդիմացանք ու վառեցինք: Էսօր մի քիչ պղինձ ենք հավաքել, հանձնել ենք արդեն ու 600 դրամ ենք ստացել, 700 դրամի էլ շիշ ենք հավաքել: Ու հիմա երեք հոգով պիտի ապրենք»,-Անահիտին ընդհատում է Սերյոժան:

Կաթսայատանն է ապրում նաեւ Սուսանը: Սերյոժան ասում է, որ նրան փողոցում են գտել, բերել են, որ չսառչի: Սուսանն ունի երկու տղա ու մի աղջիկ: Հարազատները չգիտեն, որ նա այստեղ է: Մեր զրույցի ամբողջ ընթացքում նա գլուխը խոնարհած էր, եւ երբ իր մասին խոսք էր գնում, նյարդայնանում էր: Չէր ուզում, որ ընկերներն իր մասին պատմեն: Նա չուզեց նաեւ, որ իրեն լուսանկարենք:

Սուսանը շուկաներից մեկում հավաքարարուհի է աշխատում: «Սուսանը մի քիչ տարօրինակություններ ունի: Ինը տարի ամուսինը անհայտ կորած է, ինքն էլ դրանից հետո մի տեսակ է դարձել,-կնոջ լռությունը փորձեց բացատրել Սերյոժան ու հետո, խորը հառաչելով, ավելացրեց,-մեր թագավորությունը սհենց է ... :

Որտեղի՞ց պետությանը փող

Հրանտի մոտ մեզ տարավ անօթեւաններից մեկը: Երեւանի Արցախի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի նկուղում է նա ապրում: Մթության մեջ, մի անկյունում տախտակներից հարմարեցված «մահճակալին» պառկած' տնքում էր:

«Հիվանդանոց չես պառկի՞»,-տեսնելով նրա վիճակը' միանգամից հարցնում եմ:

«Բա փողը ո՞վ պիտի մուծի»,-զարմացած ասում է: «Պետությունը»,-պատասխանում եմ: «Պետությունը որտեղի՞ց պիտի մուծի, որտեղի՞ց պետությանը փող»,-ասում է նա: Սկսեցի բացատրել, որ պետպատվերով անվճար բուժում է նախատեսվում, որ ոչ ոք նրանից փող չի պահանջի: Հրանտը այդպես էլ չհավատաց ու ասաց, որ ավելի լավ է մնա իր «պադվալում»:

Հրանտ Հովսեփյանը Բաքվից ընտանիքով գաղթել է 1 988- ին: Ծնողները տեղափոխվել են Ռուսաստանի Մազդոկ քաղաք: Ինքը' կնոջ եւ աղջկա հետ, Ղափան: Հետո ամուսնալուծվել է. «Յոթ տարի է այսպես թափառում եմ: Մի հատ երեխա ունեմ, տասնյոթ տարեկան է»: Հարազատները գիտեն, որ Հրանտը փողոցում է ապրում:

Որտեղ աշխատանք է գտել, գնացել է այնտեղ' Գորիս, Թալին, Ղարաբաղ: Ի վերջո, հիսունամյա Հրանտ Հովսեփյանը մնացել է փողոցում: Բաքվում չորս սենյականոց բնակարան է ունեցել, ավտոմեքենա: Մասնագիտությամբ ոսկերիչ է ու շինարարության մեջ, իր ասելով, ցանկացած աշխատանք կարողանում է կատարել: Խոսելիս հազիվ էր արտաբերում բառերը:

Հարեւան շենքից մի կին ուտելիք ու մոմ է բերում Հրանտին: «Եթե էդ կինը չլիներ, ես վախուց մեռած կլինեի»,-ասում է Հրանտը:

«Ինձ մի պահակություն անելու տեղ գտեք, ես գնամ աշխատեմ, այնտեղ էլ մնամ: Մենակ դա եմ խնդրում: Ոտերս սառել են: Մի կերպ քայլում եմ: Հիմա ոչինչ չեմ զգում, երեւի ցրտահարվել են»:

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter