HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հայկական ոսկու շուրջ կրքերը բորբոքվում են

««Ալռոսա»-ն չի կարողացել պայմանավորվել Sterlite Industries Limited-ի հետ Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության (ԱՈԱՁ) գնման վերաբերյալ»:

Այսպիսի վերնագրով հունվարի 11-ին «Արմինֆո» լրատվական գործակալությունը տարածեց մի հաղորդագրություն, ըստ որի ռուսական «Ալռոսա» ալմաստի արդյունահանման ընկերությունը ցանկանում էր ձեռք բերել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն»-ը: Գործարքը, սակայն, չի հաջողվել: Հաղորդագրության համաձայն' Երեւանում բանակցում էին «Sterlite Industries Limited» հնդկական ընկերության եւ «Ալռոսա»-ի ներկայացուցիչները:

«...կողմերը չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել, քանի որ «Ալռոսա»-ն շատ ցածր գին է առաջարկել ԱՈԱՁ-ի համար: Նշենք, որ ԱՈԱՁ-ի լիիրավ սեփականատերը հնդկական Sterlite Industries Limited ընկերությունն է: Վերջին տարիներին հնդկական ընկերությունն ավելի քան 40 մլն դոլար է ներդրել ԱՈԱՁ-ում»,-ասվում էր հաղորդագրության մեջ:

Մեր աղբյուրները հայտնում են, որ գործարքի համար ռուսներն առաջարկել են 25 մլն դոլար: Բացի այդ, ռուսներն առաջարկել են նաեւ 10 մլն դոլար' գործարքից դուրս:

Այս ոլորտի մասնագետները համոզված են, որ եթե ռուսները որոշել են գնել, ապա անպայման հասնելու են իրենց նպատակին: «Ալռոսան» պետական ձեռնարկություն է: Այն աշխարհում խոշորագույն ընկերություններից է, որը զբաղվում է ալմաստի հետախուզմամբ, արդյունահանմամբ եւ իրացմամբ, ադամանդի արտադրությամբ: Ռուսաստանի ալմաստի արդյունահանման 100%- ը «Ալռոսա»-ինն է, այն կազմում է աշխարհի ալմաստի արդյունահանման 23%-ը:

«Եթե ռուսական այդ հսկան ձեռք բերի հայկական ոսկու ամենամեծ հանքը, ապա միանգամից կլուծվի Սոթքում կառուցվելիք գործարանի հարցը: Ռազմավարական գործընկերոջը ոչ ոք չի կարող ընդդիմանալ Հայաստանում»,-ասում է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մի պաշտոնյա, որը չցանկացավ հրապարակել իր անունը:

Մեր ունեցած տվյալներով' Հայաստանի Հանրապետությունը մեծ պարտք ունի «Ալռոսա»-ին, եւ սա նույնպես կարող է ազդել ոսկու գործարանի հետագա ճկատագրի վրա:

Ըստ երեւույթին, ԱՈԱՁ-ի աշխատանքներից գոհ չէ հիմնական սեփականատեր Անիլ Ագարվալը: Հունվարի 9-ին ԱՈԱՁ-ի նախագահ Սանջեյ Դալմիան «սեփական դիմումի» համաձայն ազատվել է աշխատանքից:

Անիլ Ագարվալը հետաձգեց հունվարի 15-ին Հայաստան կատարելիք այցը: Այցի հիմնական նպատակը հանդիպումն էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Մեր ունեցած տեղեկություններով' նախագահը չի ցանկացել հանդիպել Ա. Ագարվալին: Վերջինս ուզում էր համոզել Նախագահին' ստանալու Սեւանի ավազանում ոսկու կորզման նոր գործարան կառուցելու համաձայնությունը:

Նախարարության նույն աղբյուրի հավաստմամբ' «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկություն»-ը ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նման հետաքրքրություն ցուցաբերել են նաեւ արտասահմանյան այլ ընկերություններ, սակայն ԱՈԱՁ-ի փաստաթղթերին ծանոթանալուց հետո հրաժարվել են£

Հավանաբար, աշխարհում ոսկու գնի աննախադեպ աճն է Հայաստանի ոսկու հանքերի շուրջ նման իրարանցման պատճառ դարձել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter