HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարի մարդիկ դեռ կան...»

«Ձմեռ պապը եկավ»,-բացականչեց Սուսանը, երբ նվերները ձեռքներին կաթսայատան տարածք մտան մի խումբ երիտասարդներ:

«Ծառայություն հանուն խաղաղության» միջազգային երիտասարդական շարժման հայաստանյան մասնաճյուղի կամավորները հյուր էին եկել Կայարանի կաթսայատանը ձմեռող անտուն մարդկանց:

«Մենք այցելում ենք մանկատներ, տարբեր թեմաներով դասախոսություններ ենք կարդում երեխաների համար: Երբ լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանից իմացանք անօթեւանների մասին, որոշեցինք ինչ-որ կերպ օգնել նրանց»,-ասում է երիտասարդական շարժման պատասխանատուն' Զարուհի Գեւորգյանը:

«Հաճարով փլավ է, մրգեղեն: Հագուստն էլ մեր ծանոթներից, բարեկամներից ենք հավաքել: Գիտեմ, որ շատ չի, բայց արեցինք, ինչ որ կարող էինք»,-ասում է կամավորներից մեկը' Շուշանը:

Երբ ուսանողները նվերների կապոցն առաջարկեցին ազգությամբ ռուս 50-ամյա Սաշային, նա գլխարկով ծածկեց դեմքն ու լաց եղավ: Շուշանը փորձեց հանգստացնել նրան. «Ոչինչ, պապիկ ջան, վերցրու, մի մտածիր»:

Հանգստանալուց հետո վերցրեց ուտելիքն էլ, հագուստն էլ: «Այս ամենն ինձ շատ պետք կգա,-ասաց Սաշան' զննելով ստացած հագուստը:-Տեսնում եք, թե ինչի մեջ եմ: Վերջին մաշված շալվարս է»:

Գոհ էր նաեւ նոր կոշիկներից. հներն արդեն մաշվել էին, իսկ ոտքը շատ վատ վիճակում է. 2 տարի առաջ ինքն էլ չի զգացել թե ինչպես, վառել է: «Դեկտեմբերն էր, ընկերոջս հետ մի շիշ օղի վերցրինք, կրակ վառեցինք: Սոված մարդուն ի՞նչ է պետք. մի բաժակից հարբեցի ու քնեցի: Երբ արթնացա, անտանելի ցավ զգացի: Տեսա' ոտքս վառվում է, վերարկուով հանգցրի կրակը: Էդպես մինչեւ հիմա էլ ցավում է»,-պատմեց Սաշան:

Արամը նոր վերարկու ստացավ: «Շատ էի սիրում վերարկուս, բայց դե արդեն կարճացել է, ես էլ որոշեցի տալ մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն»,-ասաց մեկ այլ կամավոր' Երեմը:

Սուսանը, ով այդ օրը ուշ արթնանալու պատճառով աշխատանքի չէր գնացել (նա հավաքարարուհի է շուկաներից մեկում), ուրախացել էր նոր զգեստներով. «Ապրե՜ք, դուք բարի մարդիկ եք: Բարի մարդիկ դեռ կան»:

Կամավորներն այդ օրն այցելեցին նաեւ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, ուր բուժվում են մի քանի անտուններ: Զարուհու ասելով' հիվանդները գոհ էին բուժքույրերի ուշադրությունից ու հիվանդանոցային պայմաններից, բայց շատ ուրախացան ուտելիքի եւ հագուստի համար: Հաջորդ օրը, երբ հիվանդանոց տեղափոխվեց Հրանտը, երիտասարդները նրան էլ մի քանի օրվա ուտելիքի պաշար հասցրեցին:

Լուսինե Գրիգորյան
Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter