HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Սենատի որոշումը ոչ թե հայասիրական, այլ քաղաքական քայլ էր

«Ֆրանսիայի Սենատի որոշումը աննախադեպ էր,- այսօր լրագրողներին ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը,- որովհետև թեպետ Թուրքիան օգտագործեց իր բոլոր լծակները և փորձեց բազմաթիվ ճնշումների դիմել, սակայն ի վերջո ընդունվեց Հայոց ցեղասպանությունը քրեականացնող  օրինագիծը»:

Չնայած մենք չենք խնայում Ֆրանսիային ուղղված «շնորհակալություն»-ները, բայց, ըստ բանախոսի, ավելորդ ցնծության կարիք չկա. Ֆրանսիայի այս քայլը բխում էր նրա հեռանկարային քաղաքական շահերից: «Ֆրանսիայի քաղաքական նպատակները ստիպեցին  զսպել Թուրքիային, որ չափազանց հավակնոտ է դարձել քաղաքականության մեջ,- նշեց Անուշ Հովհաննիսյանը,- մենք պետք է գիտակցենք , որ Ցեղասպանության փաստը մեծ տերությունների կողմից օգտագործվում է որպես զսպման միջոց` զսպաշապիկ, Թուրքիայի հավակնությունները Հյուսիսային Աֆրիկայի կամ Մերձավոր Արևելքի տարածքում զսպելու համար»:

Սահմանադրագետ Վլադիմիր Վարդանյանը դեմ է  արտասահմանյան լրատվամիջոցների կողմից տարածված այն կարծիքին, թե Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը` ելնելով նախընտրական շահից. «Վատ է, որ ՀՀ-ում և հայկական համայնքներում այդ կարծիքին հակազդելու լուրջ փորձ չարվեց, մինչդեռ կարելի էր շեշտել, որ քաղաքական գործիչները ընդամենը տեր են իրենց նախընտրական խոստումներին և դրանք ի կատար են ածում: Եվ բացի այդ՝ 600 հազարանոց հայկական համայնքին աջակցելը կարող է հանգեցնել նաև նրան, որ Ֆրանսիայի`  թվաքանակով ավելի մեծ մահմեդական համայնքը Սարկոզիի համար լուրջ վտանգ ներկայացնի»:

Այն, որ Ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումը Նիկոլա Սարկոզիի նախընտրական շահերից բխող քայլ էր, տարածել են հիմնականում ռուսական լրատվամիջոցները: Մինչդեռ նույնիսկ թուրքական լրատվամիջոցների ու վերլուծաբանների մեջ են գտնվել այնպիսի ողջամիտներ, որ սեփական պետությանն առաջարկել են վերջ տալ անօգուտ հակաքայլերին, սպառնալիքներին և ընտրել փակուղուց դուրս գալու միակ ելքը: «Եվ այդ ելքը, ըստ թուրք շատ վերլուծաբանների, այն է, որ պետք է շտապ բարելավել հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ»,- ասում է Անուշ Հովհաննիսյանը: 

Զսպաշապիկ հագած Թուրքիան բանախոսների ու լրագրողների ծիծաղն առաջացնող քայլեր է ձեռնարկում: Օրինակ` հորինվել է ինտերնետային մի խաղ, որով հնարավոր է ապտակել Նիկոլա Սարկոզիին:  Զայրույթը բազմապատկել է նրանց երևակայությունը. Թուրքիայում արդեն արտադրվում են պահպանակներ, որոնց վրա սենատորների նկարներն են: Վարչապետ Էրդողանն էլ ընդհանրապես մի կողմ է թողել դիվանագիտական բառամթերքը և հաստատում է իր դիրքերը որպես անզուսպ քաղաքական գործիչ` կարծում է Անուշ Հովհաննիսյանը: Ֆրանսիական Սենատի կողմից ընդունված օրինագիծը, ըստ բանախոսին, խախտել է նաև Թուրքիայի ներքաղաքական կյանքի անդորրը. «Երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները արդեն իսկ օգտագործեցին Սենատի որոշումը, որպեսզի սուր քննադատության ենթարկեն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը»:

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ օրինագծի ընդունումը կարող է խնդիրներ առաջացնել պոլսահայ համայնքի կյանքում, բայց այդ փաստը ևս մեկ անգամ կապացուցի, որ Թուրքիան  ժողովրդավարությունից դեռևս շատ հեռու կանգնած երկիր է: «Ֆրանսիայի Հանրապետությունը ընդունում է օրենք, որը տարածվում է միայն Ֆրանսիայի իրավազորության տակ գտնվող տարածքների վրա,- նշեց Վ. Վարդանյանը,- թուրքահայ համայնքը որևէ դերակատարություն չի ունեցել այդ գործընթացում, բայց վերածվում է թիրախի»:

Խնդիրներ պոլսահայ համայնքում գուցե առաջանան, քանի որ, ըստ Անուշ Հովհաննիսյանին, եթե նախորդ տարիներին համայնքը հաջողությամբ օգտագործվում էր թուրքական պրոպագնադայի կողմից, ապա օրինագծի ընդունումից հետո թուրքահայերը չեզոք դիրքում են. «Պոլսահայերը հաճախ տարբեր ելույթներում  նշում էին, թե հայերի և թուրքերի միջև պետք չէ սեպ խրել, չէ՞ որ միասին կողք կողքի են ապրում, միասին «դոլմա»  են ուտում. հիմա այդ «դոլմայի քաղաքականությունը» փոփոխության է ենթարկվում: Նույնիսկ չեզոք դիրքորոշումը ցույց է տալիս, որ հայկական համայնքում որակական առումով  դրական փոփոխություններ են տեղի ունենում»:

Այն 86 սենատորները, ովքեր Ֆրանսիական սենատում դեմ քվեարկեցին օրինագծին, ըստ բանախոսների, կարող են դառնալ եվրոպական այն հասարակության կորիզը, որը թուրքական դիվանագիտության զոհն է: «Չժխտելով բուն Ցեղասպանության հարցը` այդ սենատորներն այն կարծիքն էին արտահայտում, որը ես համարում եմ թուրքական դիվանագիտության արդյունքը,- նշում է Անուշ Հովհաննիսյանը,- նրանք ասում էին, որ չի կարելի պատմություն դարձած փաստերը բերել քաղաքական դաշտ և քննարկել խորհրդարաններում: Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին, սա բոլոր սենատորների ելույթներում հնչում էր: Իհարկե, Ցեղասպանությունը պատմության փաստ է, բայց նաև ոճիր է, որը չունի պատժելիության ժամկետներ»:

«Պետք է լինել առավել նախաձեռնողական,- խորհուրդ է տալիս Վլադիմիր Վարդանյանը,-  երբ մեր քաղաքական դաշտում տեղի է ունենում նշանակալի իրադարձություն, մենք, իհարկե, արձագանքում ենք, ուրախանում ենք, շնորհակալություն ենք հայտնում, բայց մեր արտաքին քաղաքականության բացերից մեկը հենց այն է, որ մինչ այդ մեզ համար ամենից առաջնահերթ խնդիրներին մենք չենք ադրադառնում պարբերաբար»:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինձ համար ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆԿԱՐԵՎՈՐ է Ֆրանսիայի Սենատի որոշման դրդապատճառները: Իմ սեղանին միայն ՉՈՐ ՓԱՍՏԵՐ դրեք:.................................... Հայաստանի ապագան կախված է Քրդական հարցից: Հայաստանում Քրդագետներ ՉԵՄ տեսնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter