Ֆրանսայի ծերակուտարանն ու հայերը
Լիլիթ Սիմոնեան - Լե Կադր
Ո՞վ է հիմա յիշում հայերի Ցեղասպանութիւնը։
Ադոլֆ ՀԻՏԼԵՐ
Ֆրանսայի Ծերակուտարանն ընդունեց ցեղասպանութիւնը ժխտող քրէկանացման Օրէնքը: Եւ կրկին հայերը կիսուեցին-բաժանուեցին մի քանի բանակի, մի քանի կարծիքի, որոնցից շատերը վտանգաւոր են հէնց մեր` հայերիս մտածողութեան համար։ Բազմաթիւ քննարկումների ընթացքին, բազմաթիւ վերլուծութիւնների շրջանակների մէջ ակնյայտ եւ «աշխարհի հայերին» միացնող ընդհանրութիւնը՝ ծայրայեղութիւնների հասցնելով խնդիրը ընկալելն է։ Մի կողմից, երախտագիտութեան երթ ենք կազմակերպում Հայաստանի մէջ դէպի Ֆրանսայի դեսպանատուն, փառաբանում ենք ֆրանսական ժողովրդականութիւնն ու միւս կողմից «վախենում», թէ Ֆրանսայի այս որոշումով, «ոտքի տակ է գնալու Հայաստանը իր հարեւանների ու առհասարակ աշխարհա-քաղաքական իր ոչ բարեբաստիկ դիրքի պատճառով»…
Ես Ֆրանսայի մէջ ապրող հա՛յ եմ։ Ֆրանսահայ չե՛մ։ Սփիւռքահայ չե՛մ։ Բայց այսքան «անհասկանալի» տեսակ լինելով, նոյնքան էլ հասկանալի` արդէն վաղուց հայաստանցի չեմ եւ դեռ ֆրանսացի էլ չեմ հասցրել դառնալ։ Ֆրանսայի մէջ որեւէ խնդիր չունեցող մէկն եմ։ Իմ ազգութեամբ ու մշակոյթով ֆրանսացի զաւակների մայր եմ, որ ամէն օր ու ժամ, աշխատում է «հայութիւնը» պահպանել իր ֆրանսացի զաւակների մէջ, նրանց հետ հայերեն, գրակա՛ն հայերեն խօսելով, հայերեն օրօրոցայիններ երգելով, հայկական հեքիաթներ պատմելով…
Երբէ՛ք երեխաներիս «հայերե՛ն խօսիր» չպարտադրած հայ մայր եմ որ ինքն է յաճախ նրանց հետ ֆրանսերեն զրուցում… Ֆրանսայի մէջ ապրելով, երկրի հարկերը վճարող հայ եմ, որեւէ ընտրութեան ժամանակ ձայնս որեւէ քաղաքական գործիչի տալու պարագային՝ նրա հայասիրութիւնը հաշուի չառնող հայ եմ, որովհետեւ այս երկրում ապրող ու մեծացող իմ երեխաներին ոչ թէ «հայասէր», բայց տափակ երկիր է պէտք, այլ ժողովրդական ու օրինական… Որեւէ աւանդական ու ոչ աւանդական հայ կուսակցութեան հետ յոյսեր չկապող հայ եմ։
Ինձ «հայկական ծագումով ֆրանսացի արուեստագէտ» կոչող լրագրողներին ճշտելով, ինքս ինձ՝ ֆրանսահպատակ հայ համարող արուեստագէտ եմ։ Ֆրանսայից ոչ շնորհակալ եմ ու ոչ էլ երբեւէ ակնկալիքներ ունեցած մէկն եմ, որովհետեւ լիարժէք քաղաքացի եմ, որի արժէքը երկրի որեւէ այլ հպատակից ոչ աւելի եւ ոչ նուազ է։
Ֆրանսան ժողովրդական երկիր համարելս էլ պայմանաւորուած չէ նրա «հայամէտութեան» հետ։ Դէմ չեմ, ճիշտ հակառակը՝ անտարբեր եմ, թէ տղաներս հայուհիների հետ կ’ամուսնանան, կամ` ոչ։ Որովհետեւ յոյս ունեմ, թէ այնքան ողջ եւ առողջ կը մնամ, որպէսզի մեծ մայր դառնալով եւ երեխաներիս հոգսը թեթեւացնելու համար թոռներիս խնամելիս իրենց էլ եմ Կանաչեանի օրօրոցայինը երգելու ու հայկական հեքիաթներ պատմելու, իրենց հետ էլ եմ հայերէն խօսելու։ Որովհետեւ, «հայկականութեան» միակ գրաւականը հայկական ճաշատեսակներով ընտանիքիս կերակրելը չէ, այլ լիարժէք մարդիկ մեծացնելը, որոնք ո՛չ երախտագիտութեան եւ ո՛չ էլ ատելութեան զգացում պէտք է ունենան իրենց երկրի` Ֆրանսայի նկատմամբ, այլ երկրի Տիրոջ պատասխանատուութեան … Եւ կարծես թէ մասամբ յաջողել եմ։
Բնականաբար, հէնց այս տեսակին պատկանելով է որ նորից զուարճալի պահեր ապրեցի համացանցը հեղեղած հայերի մի քանի տեսակի վերաբերմունքից Ֆրանսայի Ծերակուտարանի ընդունած որոշումի կապակցութեամբ:
Ինչո՞ւ չենք կարողանում ո՛չ արժանապատուօրէն թշնամանալ ու ոչ էլ բարեկամանալ։ Ինչու՞ ո՛չ ատել ու ո՛չ էլ սիրել գիտենք։
Ինչո՞ւ ստրկամտութիւնը եւ հաւատարմութիւնը իրար հետ շփոթած դեռ շարունակում ենք ոչ իրա՛ր հետ լեզու գտնել եւ ո՛չ էլ աշխարհի :
Այն, ինչ կատարուեց, վերաբերում է Ֆրանսային եւ միա՛յն Ֆրանսային։ Սա բնաւ որեւէ կերպ չի «խանգարելու» Հայաստանին շարունակել իր գետնաքարշ գոյութիւնը, բնաւ չի խանգարելու Հայաստանին իր անհեթեթ «ֆուտբոլային քաղաքականութիւնը» բանեցնել հարեւանների հետ յարաբերութիւնների մէջ մտնելիս, եւ ոչ միայն հայ մարդուն յանկարծ օգնելու է վերջապէս ինքնագիտակցութեան գալով ոտքի ելնել սեփական մարդկային ու ազգային արժանապատուութիւնը հաստատելու, այլ ընդհանրապէս որեւէ բան չի փոխելու Հայաստանի մեջ ապրող հայ մարդու ստրկական կեանքի մէջ : Եւ քանի որ նոյնիսկ բացայայտ ռուսամէտներն են խանդավառուած Ֆրանսայի պառլամենտի մէջ հաստատուած այս օրէնքի առկայութեամբ, ապա ես խորապէս կասկածում եմ, թէ որեւէ մէկը որեւէ բան հասկացել է անցուդարձից :
Մի կողմից հայաստանեան իշխանամէտ ուժերը Ֆրանսայի վճռականութիւնը մեկնաբանում են որպէս Հայաստանի «դրական ազդեցութեան» հետեւանք, միւս կողմից էլ «սփիւռքի» անգործ ու պարապ հայութիւնն իր կուսակցութիւններով է վերմակը իր վրայ քաշում։ Պարզւում է որ եթէ մեր աւանդական կուսակցութիւններից մէկի «ջանքերը» չլինէին, այսօր «հայերը այսպիսի յաղթանակի չէին հասնի»…
Մոռանալով, սակայն, թէ իրենք, բոլո՛ր աւանդական կուսակցութիւնները, որ նաեւ ներկայ են Հայաստանի մէջ՝ արդէն քանի-քանի տարի եւ ոչ միայն մատները մատներին չեն խփում, այլ հակառակը` ամէն հերթական դրածոյ նախագահի հետ լեզու գտնելով, շարունակում են երկիրն արագօրէն անդունդը գլորելով, հայաստանցուն լլկելու «աւանդական» գործը իրականացնել։ Շարունակում են հային թմբիրի, վախի, սարսափի ու ահաբեկչութեան մէջ պահելով՝ առաւել եւս սաստկացնել կայսրական քարոզչութիւնը՝ Հայի համար միակ թշնամու եւ միակ բարեկամի պատկերը թանձրացնելով։
Ի՞նչ օգուտ հայերին այս օրէնքից…
Ո՛չ մի օգուտ։
Որովհետեւ այդ էր պակաս, որ ուրիշ երկրների ընդունած Օրէնքներից հայերը որեւէ օգուտ ունենային, երբ սեփական երկրի Օրէնքները չեն «աշխատում», սեփական Սահմանադրութեան երաշխաւորը իրաւազանց մէկն է։
Ի՞նչ օգուտ հայերին, կամ Հայաստանին…
Ո՛չ մի օգուտ։
Որովհետեւ Ֆրանսան այս օրէնքը չընդունե՛ց բարձրացնելու համար ներկայ նախագահի վարկը, չընդունե՛ց իր սերն ու հաւատարմութիւնը յայտնելու համար հայութեանը, չընդունե՛ց հայաստանեան իշխանությունների կամ իշխանամէտ ընդդիմության «ճնշումի» տակ…
Որովհետեւ Ֆրանսան, որպէս իրապէս ժողովրդական երկիր, նախ եւ առաջ ի՛ր ազգային շահն ունի, որովհետեւ եթէ վաղն էլ անդրադառնայ Չինաստանում եղած ցեղասպանութեանը, բոլորովին էլ չինացիների նկատմամբ ունեցած սիրուց չի անելու, այլ ի՛ր երկրի, ի՛ր ժողովրդի բարոյական կողմնորոշիչները ճշտելու, ի՛ր երկրի եւ ի՛ր ժողովրդի տնտեսական շահը պաշտպանելու համար է լինելու։ Ի՛ր երկրի եւ ի՛ր ժողովրդի անվտանգութեան մասին մտահոգութեամբ։
Բայց մենք նաեւ անկարող ենք իրական գնահատումով սահմանափակուել։ Անկարող ենք ոչ միայն օտարից, այլեւ սեփական պատմութիւնից եկած դասերը քաղել։ Անկարող ենք մէջքներս ուղղել եւ գոնէ Ֆրանսայի ժողովրդականութիւնից խանդավառուած մեր ընտրութիւնը կատարել ոչ թե վատի-վատագոյնի-վատթարագոյնի մէջ, այլ վերջապես ըմբռնել, թե չնայած հոռետեսական քարոզչությանը, մեր ընտրութիւնը երբէք էլ, ինչպէս արդէն ասուել է՝ ոչ թէ կարուսելային երեք ձիերի միջեւ է, այլ ռուսական կարուսելից դուրս գտնուող ցեղական, այսինքն ազնուական, այսինքն բարեկիրթ եւ իմաստուն նժոյգների միջեւ, որոնց թիւն անցնում է երկու ձեռքերի մատների հաշուից։
Մեր այդ նժոյգներին տեսնելու, Ժողովրդի՛ Իշխանութեան մեր կառքին նրանց լծելու փոխարէն շարունակում ենք հանդուրժել քնձռոտ ձիերի, որոնք չենթարկուելով Ժողովրդի կամքին, մեզ քարշ են տալիս չգիտես, թէ դէպի ուր, բայց քաջ յայտնի է, թէ ինչո՛ւ… Այս ամէնի մասին «փիքր անելու» փոխարէն ծակ ու պռատ եզրակացութիւններով ինքներս մեզ անպայման փորձում ենք համոզել, թէ աշխարհի մի մասը հայերին սիրում է, իսկ միւս մասը` ատում։
Բայց սիրողների մէջ անպայման առաջին տեղում մնում է հիւսիսային նուաճողը, չնայած իր երկրի որեւէ Օրէնք չի հաստատել այդ սերը եւ ընդհանրապես 70+24 տարիների ընթացքին առհասարակ որեւէ կերպ այդ սէրը չի արտահայտուել։ Բայց մենք պատրանքներով ու երազներով ապրելու հակուած ժողովուրդ ենք։
Մենք կարող ենք երեւակայել նաեւ, թէ սիրուած ենք եւ շարունակել պարսաւել բոլորին, եւ «հաւատարիմ» կնոջ կեցուածք ընդունելով շարունակել պառկել մեզ ստորացնողի տակ, մեզ նուաստացնողի տակ, մեզ հանգիստ մատաղացու գառան նման մորթողի տակ… Հէնց «յաւերժական ու դարաւոր բարեկամի» հետ լրբենի սէր անելու այս պահից էլ արթնանում է մեր «ազգային ինքագիտակցութիւնը»… Այն խաբէութիւնը, որ մեզ քարոզուել է, թէ ՄԻԱՅՆ թո՛ւրքն է մեզ կոտորել, ՄԻԱՅՆ թո՛ւրքն է մեզ վտարել, մեր Էրգիրը հայաթափել, ՄԻԱՅՆ թո՛ւրքն է մեզ հալածել…
Որովհետեւ դեռեւս անցեալ դարասկզբին մի՞թէ մեր «սիրելին ու յաւերժականը» չէր, որ վերջնականպես պատառ-պատառ անելով մեր երկիրը, պարսկահայաստանից մեզ մնացած չորս նահանգներից միայն Էրիւանսկայա գուբերնիան թողնելով որպես երկիր, պարտադրեց, որ հէնց այս ռուսական ծայրամասային նահանգն էլ անուանենք ու կոչենք Հայաստան, իսկ մնացած երեքը մեր աչքի առաջ նուիրելով «մեր յաւիտենական թշնամուն» շարունակում է մեզ իր սապոգի տակ պահելով, սարսափեցնել «յաւիտենական թշնամու»՝ իր իսկ ստեղծած կերպարով։ Թուրքի կերպարով, որի ոճրագործութիւնների անմիջական մասնակիցն է նաեւ հէնց ինքը՝ մեր «յաւերժ սիրելին»…
Որովհետեւ, Լեւ Տրոցկիի վկայութեամբ «Այսպիսով, հայկական հարցը նորից ստանում է այժմէականութիւն։ Ճիշտ ասելով՝ այն երբէք էլ չի մեռել»։ Եւ չի մեռել ոչ միայն Թուքիայի, այլեւ Ռուսաստանի համար։ Եւ չի մեռնելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայի «Լինե՞լ, թէ չլինելու» շեքսպիրեան հարցը, որ այս պարագային Հայկական Հարցն է, նրանք երկուսով փորձում են լուծել իւրովի։
Եւ մենք էլ մոռանալով կամ ընդհանրապէս անտեղեակ՝ մեր «ատելի» եւ «սիրելի» ոխերիմ թշնամիների այս հանգամանքը, շարունակում ենք մեղադրել «գարշելի արեւմուտքին», որ ներկայ լինելով հայոց ցեղասպանութեան շրջանին` չհասաւ օգնութեան։
Նա՝ Արեւմուտքը, քրիստոնէական մարդասիրութեան պարտուիրանը կատարեց իր նաւով Թուրքերի ճիրաններից փրկելու համար Մովսէսի լերան պաշտպաններին։
Այսքանը։
Եւ ականջներիս օղ անենք, որ այսօ՛ր էլ չի օգնելու։ Եթէ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ անընդունակ ենք։
«Գարշելի արեւմուտքն» առհասարակ չի օգնում իր ստրկութեանը համակերպուած որեւէ ժողովրդի:
«Գարշելի արեւմուտքը» որեւէ ժողովրդի դէմ կատարուած ոճրագործութիւնը յանուն տուեալ ժողովրդի չէ, որ ընդունում է, այլ իր երկրի Ազգային Գերագոյն Շահից ելնելով։
«Գարշելի արեւմուտքը» նաեւ անտարբեր է հայի երախտապարտ եւ նոյնքան կրքոտ երախտամոռ տեսակի նկատմամբ։ Որովհետեւ, երբ ինքն իր շահի եւ ընդհանրապէս աշխարհը կայուն պահելու համար օգնութեան է հասնում ու տապալում է այս ու այն բռնապետին, բարեբախտաբար չի լսում հայ «ազատամիտների», այն կարծիքը, թէ «արեւմուտքն քարիւղի համար է կռւում» եւ կամ «Ֆրանսան իր ընդունած Օրէնքով մեզ կրակն է գցում» արտայայտութիւնները :
Ֆրանսայի Ծերակուտարանի ժողովի ընթացքին հետեւելով, ու միայն երեկոյեան արդիւնքներն ստանալով, նոյն վայրկեանին ոչ թէ ուրախութեան, այլ ափսոսանքի արցունքներով լաց եղայ։
Ափսոսացի, որ մեծ հայրերս ու մեծ մայրերս, այդպէս էլ աչքները թաց գնացին…
Ափսոսացի, որ տղաներս երկրորդ եւ սովետական ճերմակ «ցեղասպանութեան» զոհերն են դարձել եւ հետեւաբար՝ Հայաստանն ազատագրուած չէ…Շոյվեցի, որ Ֆրանսան նոյնիսկ «իրեն չվերաբերող» Օրէնքներ ընդունելով, նախ եւ առաջ ապահովում է իր իսկ հասարակութեան բարոյական կողմնորոշիչները պահպանելու խնդիրը։ Իսկ ծննդավայրս ու հայրերի երկրից ինձ մնացած հողակտորն այսօր դեռեւս ընդամէնը խոր թմբիրի մէջ ընկած մի գաղութ է…
Ափսոսացի, երբ յանկարծ անդրադարձայ, թէ ինձնից առաւելագոյնը երկու սերունդ յետոյ, այլեւս հայ չեն լինելու թոռներս ու ծոռներս…
Ինձ մնում է միայն ամէն կիրակնամուտի մի մոմ վառել, խունկ ծխել եւ երեխաներիս հետ Տէրունական աղօթքը ՀԱՅԵՐԵՆ աղօթել…
Եւ այլեւս բոլորովին կարեւոր չէ, թէ երեխաներիս մասին խօսելիս ասում են՝ «մայրը հայ է»…
Նրանք իրենք իրենց ճանաչելու են Տէրունական աղօթքի Հայերէնով… Գուցէ եւ այդ աղօթքով մեծացնեն իրենց զաւակներին ու թոռներին։
Որպէսզի ռուսական ՃԵՐՄԱԿ Ցեղասպանութեան եւ արմատախիլ լինելու մասին չմոռանան իրենց սերունդները…
Յունուար, 2012
Փարիզ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել