HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Դիրքերը փոխվում են. դասախոսն ընդդեմ ինստիտուտի

Հիմա էլ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանն է վիրավորանքի և զրպարտության հիմքով դատական հայց ներկայացրել ինստիտուտի մի շարք աշխատակիցների դեմ:

Նախկին դասախոսը դատական պատասխանատվության է կանչել բուհի 17 ղեկավար անձանց, որոնց թվում` 2 պրոռեկտոր, ռեկտորատի 2 խորհրդական, 5 դեկան, 5 ամբիոնի վարիչ, ուսումնական վարչության պետը, արհմիության նախագահը, տնտեսական մասի վարիչը:

Վանաձորի դատարանում այսօր դատավոր Աղասի Մկոյանի նախագահությամբ կայացավ առաջին դատական նիստը`կես ժամ ուշացումով:

Լուսինե Աշուղյանի հայցադիմումի համար հիմք է հանդիսացել 2011 թվականի օգոստոսի 26-ին բուհի նշված աշխատակիցների կողմից նրան ուղարկված «բաց նամակը», որը միաժամանակ հասցեագրվել է ԿԳ նախարարությանը և մի  շարք լրատվամիջոցների: «Բաց նամակում» տեղ գտած արտահայտությունները Լուսինե Աշուղյանը որակել է իր հասցեին արված վիրավորանք-զրպարտություններ, ինչի համար նախկին դասախոսը բուհի 17 աշխատակիցներից պահանջում է նույն լրատվամիջոցներով, որոնց հասցեագրվել է «բաց նամակը», հրապարակավ ներողություն խնդրել վիրավորանքի համար, հերքել զրպարտություն համարվող տվյալները և նրանցից յուրաքանչյուրից հօգուտ իրեն բռնագանձել 3 միլիոն դրամ`1 միլիոն վիրավորանքի, 2 միլիոն զրպարտության համար:

Լուսինե Աշուղյանը «բաց նամակից» մասնավորապես առանձնացնում է «իրականությանը չհամապատասխանող» և «իր անձը նսեմացնող» հետևյալ արտահայտությունները. «Սակայն երբեմն կոլեկտիվի մեջ հայտնվում են որևէ առիթով տվյալ պահին դժգոհ մարդիկ և ուղղորդվում արդեն պրոֆեսիոնալ (կարծում ենք) ամբաստանագիրների որջից», «Հավանաբար ինստիտուտում էլ կան մութ ուժեր, ովքեր անընդհատ աշուղյաններ են որսում ու փորձում իրենց ամբաստանությունների համար խոսափող դարձնել նրա նմաններին», «Ի գիտություն Լուսինե Աշուղյանի և նրա թիկունքում թաքնված բանսարկուների`մենք լուրջ գործով ենք զբաղված…», «…թեկուզ մեկ տարի այդ պաշտոնը զբաղեցրել է Լ. Աշուղյանի նման անշնորհակալ մարդը», «…փորձել ենք ձեռք մեկնել մի մարդու, ում ապագան, խիստ մշուշապատ էր (մեղմ ասած), իբրև դասախոս կայանալու և գիտական աշխատանք կատարելու առումներով», «Լ. Աշուղյանը հեռուստաեթերից չգնահատված գիտնականի կեցվածքով հայտարարում է» և այլն:

Լուսինե Աշուղյանի կարծիքով`այդ նամակով բուհի աշխատակիցները նպատակ են ունեցել ներկայացնել իրեն որպես «բանսարկու, ամբաստանագրեր գրող»:

«Այդ որ օրվանից են մարդիկ բնակվում որջերում, որտեղից, իրենց ասելով, ես ուղղորդվում եմ, ինչու են նշված`գիտական կոչում ունեցող անձինք մարդկանց կենդանիներ համարում, չէ որ միայն կենդանիներին են որսում, այդ որ օրվանից եմ ես դարձել անշունչ առարկա` խոսափող, իսկ Աշուղյան ազգանունը`հասարակ անուն»,-վրդովվում է նախկին դասախոսը:

Նրան հատկապես վիրավորում են այն արտահայտությունները, որոնք վերաբերում են իր մասնագիտական ունակություններին: Ինչպես` «Հաշվի առնելով Լ. Աշուղյանի ընտանեկան, սոցիալական անբարենպաստ պայմանները` նրան ընդունել ենք աշխատանքի», «Աշուղյանը դասախոսի պաշտոնում հայտնվել է միայն բուհի դիպլոմով (որից ունեն հազարավոր շրջանավարտներ, իսկ գերազանցության դիպլոմ` հարյուրավորներ), «Եթե հանենք նրա գիտական հոդվածներում կատարված մեջբերումները և հղումները, ապա կարծում ենք, իբրև Լ. Աշուղյանի «գիտական ձեռքբերումներ» կմնան հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառում կատարված ընդամենը մի քանի թոթովանքներ», «Միթե նրա տվյալներով մարդու համար բավական չէր հենց գործակարգավարի պաշտոնը, որում, ի դեպ,  նա ընդունվել է աշխատանքի» և այլն:

Այս արտահայտություններից վիրավորված Լուսինե Աշուղյանը դատարանին ներկայացրեց իր գիտելիքները գնահատող մի շարք փաստաթղթեր`իր հանձնած որակավորման քննությունների գնահատականները, հայցորդության ձևակերպման համար բուհի կողմից իրեն տրված երաշխավորագիրը, 2 գիտական կարծիք իր ատենախոսության վերաբերյալ, որից մեկը`Լեզվի ինստիտուտի կողմից: Ներկայացնելով`դասախոսի հետ կնքված աշխատանքային պայմանագրի օրինակ`հիմնավորեց, որ մրցույթով դասախոսի պաշտոնում կարող է ընտրվել մագիստրոսի աստիճան և բուհում 3 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ցանկացած անձ: Ինքը աշխատանքի ընդունվելու պահին ունեցել է 7 տարվա աշխատանքային ստաժ և գերազանցության դիպլոմ:

Դատարանում բուհի 17 աշխատակիցների շահերը ներկայացնող փաստաբան Ռուբեն Հակոբյանի կարծիքով`նշված արտահայտությունները մասնագիտական կարծիք չեն Աշուղյանի գիտելիքների վերաբերյալ:

«Մասնագիտական կարծիքը առանձին մասնագիտական ակտի ձևով է կայացվում: Մարդիկ ընդամենը իրենց պատասխանն են տվել Աշուղյանի`մամուլի հրապարակումներում առկա «ոչ վայել» արտահայտություններին»,-ասում է փաստաբանը: Նրա համոզմամբ` «բաց նամակում» տեղ գտած արտահայտությունները դատողական գնահատականներ են, բնութագրեր, որոնք վիրավորանք և զրպարտություն չեն պարունակում:

Լուսինե Աշուղյանը, սակայն, պնդում է, որ նամակում «4 թերթ վիրավորանք ու զրպարտություններ են»:  Ընդգծում է, որ նամակը գրողների մեջ ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանական և այլ ուղղվածության մասնագետներ են, որոնք, «լեզվաբանությունից հեռու կանգնած» լինելով, կարծիք են հայտնել իր մասնագիտական ունակությունների մասին:

«Նույնսիկ գրել են, որ, այսպես ասած, խղճալով են աշխատանքի ընդունել ինձ`նկատի ունենալով իմ սոցիալական վիճակը: Այնինչ, նամակը գրողներից շատերը այդ ժամանակ բուհում որևէ պաշտոն չէին զբաղեցնում, ուստի չէին կարող ինձ աշխատանքի ընդունել, իսկ արհմիության նախագահը այդ ժամանակ բուհում չէր էլ աշխատում: Բացի այդ, որքան գիտեմ`որևէ տեղ չի նշվում, որ մարդուն աշխատանքի են ընդունում խղճալով: Եթե այդպես է, խորհուրդ կտայի հարգարժան բարեգործներին, որ քաղաքի բոլոր տնանկներին ընդունեն աշխատանքի: Պիտի ապացուցեմ, որ վիրավորել ու զրպարտել են հրապարակավ»,-ասում է Լուսինե Աշուղյանը:

Իսկ «բաց նամակի» հրապարակայնությունը Լուսինե Աշուղյանը պնդում է`չնայած այն որևէ լրատվամիջոցով չի հրապարակվել: Տվյալ դեպքում նա մատնանշում է 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴ որոշուման այն դրույթը, որով, ի թիվս այլ հասկացողությունների, հստակեցվել է նաև «հրապարակային» եզրույթի բովանդակությունը. ըստ որի`«հանրության առջև առնվազն 3-րդ անձի ներկայությամբ անվանարկելը հրապարակային է»:

Մեկնաբանություններ (1)

Մարգար Մախսուդյան
Նույնիսկ անզեն աչքով է երևում, որ փաստարկներ չունենալով Աշուղյանի դեմ կոլեկտիվի անունից հանդես եկողները անցել են անձը նսեմացնելուն և վիրավորելուն, իսկ էդ արհկոմ կոչվածներն էլ ասես գլխիվայր շրջված լինեն. աշխատողին պաշտպանելու փոխարեն գործատուին են պաշտպանում. ՀՀ արհմիությունների մասին օրենքից մեջբերումներ. 2-րդ հոդվածից. արհեստակցական կազմակերպություն` հասարակական միավորում, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով. Հոդված 15. Արհեստակցական միության նպատակները Արհեստակցական միության նպատակներն են` ա) ներկայացնել և պաշտպանել աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական ու այլ շահերը և իրավունքները գործատուի և (կամ) երրորդ անձի մոտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter