HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ովքե՞ր են ստանում աղքատության նպաստը

Հակոբյան Նվերը տասը տարեկան էր, երբ 1 986 թ.-ին 32 տարեկան հասակում Իջեւանի Խաշթառակ գյուղում մահացավ մայրը: Հայրն արդեն մի քանի տարի էր ամուսնացել էր ուրիշ կնոջ հետ: «Ու ես 10 տարեկանից մենակ եմ մեծացել: Հետո քեռուս տանն էի ապրում: Գյուղի սեփական տունը Իջեւանում ապրող մորաքույրս է վաճառել: Վաճառեց, գնաց Ռուսաստան: Երբ տասնութս լրացավ, տարան բանակ: Բանակից վերադարձա՝ քեռիս չկար, գնացել էր Ռուսաստան: Անձնագիրս չեմ կարողանում հանել, մորաքրոջս կեսրարի տան վրա եմ գրանցված, էդ տունն էլ են ծախել իրենք, երբ ես ծառայության եմ եղել: Մորքուրս ինձ բերել, այդ տանն էր գրանցել, որ մեր տունը վաճառի, ու հետո սա էլ վաճառել ու գնացել են Ստավրոպոլ: Արդեն քանի տարի է չեմ կարողանում անձնագիրս հանել: Զինգրքույկ ունեմ, բայց անձնագիրս չեմ կարողանում հանել»,-պատմում է Նվերը: Նվերը կնոջ՝ Մարինեի եւ երկու երեխաների հետ ապրում է Ներքին Չարբախ գյուղի «Սուրբ Խաչ» նորակառույց եկեղեցու հարեւանությամբ գտնվող հողե շինությունում: Ներքին Չարբախը Երեւանի Շենգավիթ համայնքի տարածքում է, այսինքն՝ այն Երեւանի թաղամասերից մեկն է համարվում:

Բանակից հետո, երբ Նվերը եկավ Երեւան, Քասախ գյուղում բարեկամների տանը ծանոթացավ ապագա կնոջ հորաքրոջը: «Սկսեցինք խոսել, ասաց' Նվե՛ր, մեղք ես, արի տնավորեմ, ախպորս աղջկան ուզի: Եկա Ներքին Չարբախ, Մարինեին տեսա ու ամուսնացանք: Այստեղ էլ' զոքանչիս տանը, բնակվեցի»,-շարունակում է Նորայրը:

Եկեղեցու հարեւանությամբ հողաշեն տանն արդեն յոթ տարի բնակվում է Նվերը կնոջ, երկու երեխաների եւ զոքանչի, այսինքն՝ տանտիրոջ' Լյուդմիլա Օհանյանի հետ: Լյուդմիլա Օհանյանն այս տունը ստացել է գյուղի կոլխոզում աշխատելու տարիներին' Խորհրդային Միության ժամանակ:

«Էս եկեղեցին որ սկսեցին սարքել, ասում էին՝ էս տները պիտի քանդեն»,- կիսաքանդ տան վառարանի կողքին պատսպարված՝ ասում է Նորայրի կինը՝ Մարինեն: Տան առաստաղը կախված է ներքեւ եւ ամեն պահի կարող է փուլ գալ, հատակին հսկայական ճեղքեր են, քայլելիս անընդհատ գետնին պետք է նայես, որպեսզի ոտքդ չհայտնվի հատակի բացված ճեղքում: Տանը ոչ ոք չի աշխատում. աշխատանք չեն գտնում: Ինքը՝ Նորայրը, ցանկացած աշխատանք կատարում է, որպեսզի տանեցիներին հաց հասցնի. «Երեւանում շենքի մուտք եմ ավլում, գարաժ, պադվալ եմ մաքրում, մեքենա եմ լվանում: Գնում եմ շենքերի բակերը, հարցնում եմ՝ ի՞նչ կա անելու, ու արդեն ծանոթ մարդիկ կան, որոնց մոտ մշտական էդ աշխատանքներն անում եմ: Մալաթիա եմ մեկ-մեկ գնում, շուկայում բեռներ եմ տեղափոխում: Մի 500-1000 հազար դրամ են տալիս, ու դրանով մի կերպ յոլա ենք գնում:

Բավական է մեկ անգամ լինել այս տանը՝ համոզվելու համար, որ այս ընտանիքը պետք է ընդգրկել աղքատության նպաստ ստացողների ցուցակում: Սակայն այդ նպաստը Նվերի ընտանիքը ստացել է ընդամենը երկու ամիս. «Ասացին՝ մեզ չի հասնում, մեր բալերը չեն հերիքում»: Ասել են Շենգավիթի սոցիալական ծառայությունում: Ասել են ու չեն բացատրել, թե ինչու «իրենց նպաստ չի հասնում»: Նրանք էլ միամիտ ու հավատացյալ մարդիկ են, վերադարձել են տուն՝ չհասկանալով, թե ինչ բալերի մասին է խոսքը, որ իրենք չունեն:

Հարցնում եմ՝ գուցե անասու՞ն ունեք: Նորայրը միամտորեն պատասխանում է' հա, մի շուն ունենք, բայց սրան նոր եմ բերել:

Նորայրի երկու երեխաներն էլ անչափահաս են՝ Անահիտը 7 տարեկան է, իսկ Թորոսը՝ 5: Զոքանչը՝ Լյուդմիլան, 600 քմ հողամաս ուներ, բայց ստիպված վաճառել է կուտակված պարտքերը մարելու համար:

Նորայրի ընտանիքի՝ նպաստ չստանալու պատճառը պարզելու համար դիմեցինք Շենգավիթ համայնքի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն.

«2001թ. հետո ընդհանրապես չեն դիմել, փաստագրում չեն ունեցել»,-ասաց գործակալության տեսուչ Ռուզաննա Կարապետյանը: Բայց չէ՞ որ այս ընտանիքի մասին գիտեն ծառայությունում, գիտի նաեւ Ներքին Չարբախի գյուղապետ Սամվել Շառոյանը:

Հողաշեն այս «տնակում» կա եւս երեք ընտանիք, բոլորն էլ՝ աղքատության ճիրաններում: Ամեն օր նրանք նայում են եկեղեցուն ու, ինչպես իրենք են ասում, աղոթում են, որ Աստված մի դուռ բացի:

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter