HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարություն Առաքելյանի «Բաց ֆաքս-7»-ը ՀՀ վարչապետին

 Պարոն վարչապետ,  այս  «բաց  ֆաքսը»  ընդունեք  որպես նախորդ «բաց ֆաքս-6»-ի շարունակություն, քանի որ իմ ուսումնասիրությունների արդյունքում հարցից հարցեր են առաջանում: Խոսքը վերաբերում է Հնդկական օվկիանոսում գտնվող Սեյշելյան կղզիներում անհայտ անձանց կողմից գրանցված NUMARD  TRADING   LTD ընկերության և «Նաիրիտ» գործարանի «բարդ» հարաբերություններին:

Եվ այսպես: Դեռևս 2009 թվականին հայաստանյան լրատվամիջոցները մատնանշում էին այն շրջանառվող լուրերը, որ «Նաիրիտ» գործարանը մեծ ցանկություն է ցուցաբերում «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 40 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու հարցում և այդ կապակցությամբ նամակով դիմել է կառավարությանը: Իսկ մինչ այդ  2008 թվականին  90 տոկոս մասնավոր բաժնեմաս ունեցող «Նաիրիտ» գործարանը շուրջ 4,2 միլիարդ դրամի դատ էր շահել  100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի հանդեպ:

Իմ ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այդ պարտքն առաջացել է Չինաստան առաքված կաուչուկի արտադրության համար նախատեսված հոսքագծի պատճառով: Զարմանալին այն է, որ այդ հոսքագիծը (ոչ լիակազմ) գնահատվել է 14 միլիոն դոլար, իսկ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ին  «Նաիրիտ» գործարանը «վաճառելու» ժամանակ այդ նույն հոսքագծից գործարանում կար ևս երկուսը: Այսինքն, եթե ամբողջ գործարանը վաճառվել է 40 միլիոն դոլարով, ապա միայն այդ երկու հոսքագծի արժեքը կազմում է 28 միլիոն դոլար, այն դեպքում, երբ կաուչուկի արտադրամասը (որտեղ տեղակայված են հոսքագծերը) կազմում է գործարանի ընդհանուր արժեքի շուրջ 10 տոկոսը: Այստեղ պարզ հետևություն կարելի է անել, որ ոչ լիակազմ մեկ հոսքագիծը չէր կարող արժենալ  14 միլիոն դոլար կամ գործարանն է «վաճառվել» շատ էժան գնով: Խորանալով  4,2 միլիարդ պարտքի գոյացման հարցում, պարզեցի, որ զավեշտալի իրողություն է կատարվել  դատավարության ընթացքում:  

«Նաիրիտ» գործարանը որպես հայցի պահանջի հիմնավորում դատարանին է ներկայացրել միայն իր կողմից` որպես վաճառող  ստորագրած  հաշիվ-ապրանքագիր, որն ստորագրված չէր եղել  գնորդի` «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի կողմից: Վերջինիս ղեկավարությունը համաձայն չի եղել այդ հաշիվ-ապրանքագրում նշված հոսքագծի արժեքին` համարելով, որ այն մի քանի անգամ գերազանցում է նույն հոսքագծի իրական արժեքը:

Փաստորեն ստացվում է, որ  ցանկացած ոք իր երևակայությունը և ագահությունը համատեղելով կարող է միակողմանի հաշիվ-ապրանքագիր գրել, մտնել դատարան և դատ շահել, իսկ դատարանն էլ ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով կարող է հաշիվ-ապրանքագիրն ընդունել հիմք, որոշում կայացնել  ընդդեմ պետական ձեռնարկություն հանդիսացող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի դեմ:  

Զարմանալի է նաև, որ  «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց բաժնետեր ՀՀ  էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը որևէ քայլ չի կատարել իր շահերը պաշտպանելու համար` չի բողոքարկել վերին դատական ատյաններում այս անօրինական վճիռը: Ինչևիցե…

Այս ամենի մեջ տարօրինակ է նաև այն, ինչպես նշել էի ֆաքս-6-ում, որ ՀՀ ֆինանսների նախարարը նամակ է գրում և գումար է հատկացնում «Նաիրիտ» գործարանում 3,5 տոկոս բաժնեմաս ունեցող ՀԱՅԳԱԶԱՐԴ ՓԲԸ-ին NUMARD TRADING LTD օֆշորային  ընկերության հանդեպ դատում պարտված բաժնետիրոջ շահերը պաշտպանելու համար, իսկ այս դեպքում` 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ պարագայում որևիցե քայլ չի ձեռնարկում պետական ունեցվածքը պաշտպանելու համար:

Իմ խորին համոզմամբ այս ամենի իմաստը արհեստական պարտք գոյացնելն էր, որի նպատակը պարզվեց այն ժամանակ, երբ «Նաիրիտ» գործարանը` ի դեմս Վահան Մելքոնյանի,  գրությունով դիմեց ՀՀ վարչապետին` առաջարկելով պետական «Նաիրիտ-2»  ՓԲԸ-ն  4,2  միլիարդ  դրամ  արհեստածին պարտքի  դիմաց հանձնել  90 տոկոս  մասնավոր  «Նաիրիտ»  գործարանին:

Այդ հարցի հետ կապված նաև որոշվել էր ստեղծել հասարակական կարծիք,  իրականացվել էր քարոզչություն և հարցը նույնիսկ քննարկվել էր ՀՀ Նախագահին առընթեր Հանրային խորհրդի ենթահանձնաժողովում, որը նախագահել էր Վազգեն Սաֆարյանը, իսկ հանձնաժողովի եզրակացությունը այդպես էլ մնաց մամուլից  գաղտնի:

Վերադառնալով  նախատեսված  գործարքի  բուն  նպատակին ցանկանում եմ նշել, որ  ինձ համար պարզ դարձավ, որ «Նաիրիտ» գործարանը դառնալով  «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի սեփականատեր, մեխանիկորեն դառնալու  էր հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկության 40 տոկոս բաժնետեր: Սակայն հայաստանյան լրատվամիջոցները երբ սկսեցին անդրադառնալ այս պատմությանը, չմոռանալով մատնանշել Չինաստանում ՀՀ դեսպան` ՀՀ վարչապետի եղբոր նախապատրաստական գործունեությունը այս հարցում, այս գործարքը սառեցվեց:

Բայց հետագայում «Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը չհրաժարվեց իր «նախաձեռնությունից»` կազմակերպելով առավել զավեշտալի քայլ, որին անդրադարձել  եմ  իմ  «Բաց ֆաքս-6»-ում:

Ինձ համար ակնհայտ է, որ եթե չլիներ ՀՀ Ֆիննախի կողմից կազմված Միջանկյալ ակտը, ապա Վահան Մելքոնյանի նկրտումները կյանքի կկոչվեին հետևյալ կերպ.

«Նաիրիտ» գործարանը չկարողանալով կատարել 4,9 միլիարդ դրամի պարտավորությունը NUMARD TRADING LTD օֆշորային  ընկերության հանդեպ, «ստիպված» էր լինելու «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 4,2 միլիարդ դրամի ունեցած պարտավորությունը «Նաիրիտ» գործարանին  պարտքի զիջման պայմանագրով զիջել

NUMARD  TRADING   LTD  օֆշորային  ընկերությանը, որի արդյունքում «Նաիրիտ-2» ՓԲԸ –ը  պարտք  կլիներ  օֆշորային  ընկերությանը  4,2  միլիարդ  դրամ: Նաև հաշվի առնելով, որ «Նաիրիտ-2» ՓԲԸ  չէր կարողանալու այդ պարտքը մարել և նրա միակ ակտիվը հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկության 40 տոկոս բաժնեթղթերն է, ապա պարզ է դառնում, որ Հնդկական օվկիանոսում գտնվող Սեյշելյան կղզիներում անհայտ անձանց կողմից գրանցված NUMARD TRADING LTD–ն դառնալու էր Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկության 40 տոկոսի բաժնետեր: Եթե գործարքն իրականություն դառնար, ապա պետությունը ստիպված պետք է լիներ կամ մարել «Նաիրիտ-2» ՓԲԸ   4,2 միլիարդ դրամի պարտավորությունը, կամ ստիպված պետք է համաձայնվեր հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկության 40 տոկոս բաժնեթղթերն հանձնել NUMARD TRADING LTD օֆշորային  ընկերությանը:

Ահա ողջ իրողությունը…

Այժմ  կներկայացնեմ հարցեր, որոնց պատասխանը իրավապահների համար ցանկալի կլինի  լսել  հենց  ՀՀ վարչապետից.

-արդյո՞ք  միակողմանի  ստորագրված  հաշիվ-ապրանքագրի հիման վրա կայացված դատական  վճիռը  դատավարության  ընթացքում կարելի է դիտարկել  որպես  նախադեպ.

-արդո՞ք դատավորը պարտավոր  չէր  նմանատիպ  ոչ հիմնավոր գործը  վերադարձնել հայցատիրոջը կամ գոնե դատավարության ընթացքում նշանակեր ապրանքագիտական-փորձագիտական քննություն և ստանար եզրակացություն` հոսքագծի իրական արժեքի վերաբերյալ.

-արդո՞ք  Չինաստանում  ՀՀ  դեսպան ձեր եղբայրը երբևիցե առնչություն ունեցել է հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկությանը…

Մնացեք խաղաղությամբ և «բաց ֆաքս-8»-ին սպասող…

 ՀՀ  քաղաքացի  Հարություն  Առաքելյան,

համատեղությամբ՝  ՀՌԱԿ  ատենապետ,

Աշխարհասփյուռ  Ռամկավար   Ազատական  Կուսակցության  

Գործադիր-փոխատենապետ

Երևան,  26  հունվարի,  2012թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter