HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդցի վկաները չեն ներկայանում դատարան

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում,  դատավոր Նարինե Մելքոնյանի նախագահությամբ շարունակվեց Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոբերտ Մոսինյանի սպանության մեջ մեղադրվող Կամո Շահվերդյանի դատաքննությունը: 

Մոսինյանը սպանվել է  2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Ալավերդի քաղաքի բնակիչ  Կամո Շահվերդյանին պատկանող քարի արտադրամասում  տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Ամբաստանյալ Կամո Շահվերդյանին նախաքննող մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քր. օրենսգրքի 34, 104 հոդվածների 2-րդ մասով և 258 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով:

«Պաշտպանական կողմը ընդհանրապես մտքովը չի անցկացնում, որ երբևիցե հնարավոր է Կամո Շահվերդյանին դատարանում մեղադրող դատավճիռ արձակեն»,- ասաց  Շահվերդյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը:

Վերջինս նաև հայտնեց, որ թեև դատաքննությունը սկսվել է 2011թ.-ի հոկտեմբերի 4-ից, սակայն  անցած ժամանակահատվածում  հրավիրված 8 դատական  նիստերում   քրեական գործով ընդգրկված 20-ից ավելի վկաներից դատարանում ցուցմունք են տվել ընդամենը 3-ը, որոնցից 2-ը Կամո Շահվերդյանի արտադրամասի բանվորներն են:

Դատաքննության  վերջին 2 դատական նիստերը  հետաձգվել  են ամբաստանյալ   Ռոմիկ Մոսինյանի դատարան չներկայանալու պատճառով: Ըստ պաշտպան Արսենյանի` Ռոմիկ Մոսինյանը դատարան չի ներկայացել անհարգելի պատճառով: Ամբաստանյալ Ռոմիկ Մոսինյանին մեղադրանք է առաջադրված  ՀՀ քր. օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով:

«Հետքը»  մինչև դատաքննության սկսվելը, ձգձգվող դատական նիստերի և  դատական վերջին 2  նիստերին դատարան չներկայացող իր պաշտպանյալի մասին  փորձեց տեղեկություն ստանալ Ռոմիկ Մոսինյանի պաշտպան Ադելինա Հակոբյանից: «Ոչ մի բան չեմ ցանկանում խոսել, գիտեք ինչի համար, որովհետև ուզում եմ իմ պաշտպանյալի հետ  համաձայնեցնել, կներեք»,- ասաց պաշտպանը:  

Դատական նիստը  սկսվեց 1 ժամ ուշացումով` դատարանի որոշմամբ Ռոմիկ  Մոսինյանին բերման ենթարկելու պատճառով: Դատական նիստին  ներկայացել էր  միայն վկա Մխիթար Գիշյանը: Մինչ վկայի հարցաքննությունը,  դատավոր  Նարինե Մելքոնյանը  ամբաստանյալ  Ռոմիկ Մոսինյանին հարցրեց, թե  ինչու նա չի ներկայացել նախորդ դատական նիստերին: Ռոմիկ Մոսինյանը դատարանին հայտնեց, որ  հիվանդ պառկած է եղել:

«Լսում ենք կողմերի կարծիքը Ռոմիկ Մոսինյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Ներկայացրել է բժշկի թուղթ»,- ասաց դատավորը: Պաշտպանական կողերը  Ռոմիկ Մոսինյանի խափանման միջոցը փոխելու   նպատակահարմարությունը թողեցին  դատարանի հայեցողությանը:

«Ինձ թվում է բոլորս հասկացանք այս փաստաթղթի իմաստը և  ոնց  է ձեռք բերվել այս փաստաթուղթը: Ուղղակի այս անգամ դատարանը ևս մեկ անգամ ու վերջին անգամ Ձեր նկատմամբ բարեհաճ վերաբերմունք է դրսևորվում  ու Ձեր  խափանման  միջոցը անփոփոխ է թողնում: Դուք տանն էլ չեք եղել,  Ձեր տուն էլ են այցելել և  դուք տանը չեք եղել:  Ուղղակի այս բժշկական թղթի հետևից էլ չեմ ուզում ինչ-որ  վերաբերմունք դրսևորել: Հաջորդ անգամ, եթե կկրկնվի Ձեր նման վերաբերմունքը  դատարանի նկատմամբ,  Ձեր խափանման միջոցը  անմիջապես կփոխվի: Պա՞րզ է»,- ամբաստանյալին ասաց  դատավոր Մելքոնյանը:

«Բայց ես հիվանդ եմ եղել»,- արդարացավ ամբաստանյալը: 

Դատավոր Մեքոնյանը հայտնեց, որ նախորդ դատական նիստին բերման որոշում է կայացվել մի քանի վկաների համար,  ովքեր այսօր նույնպես չեն ներկայացել դատարան:  Դատարան ներկայացած միակ վկայի` Ճանապարհային ոստիկանության  հետաքննող սպա Մխիթար Գիշյանի ցուցմունքները գործի համար բացահայտողական որևէ նշանակություն չունեցան: Նա ասաց, որ ամբաստանյալներին չի ճանաչում: Վկան դեպքի վայրում լսել է մի քանի  տղամարդկանց օգնության ձայն, այդ տղամարդկանց մթության մեջ չի ճանաչել: Վիրավոր Ռոբերտ Մոսինյանի որովայնի շրջանում նկատել է արյուն, սակայն  չհիշեց, թե  վիրավորին օգնելիս նրան հարցրել է, թե ինչ է պատահել:

Մխիթար Գիշյանը խոստովանեց, որ անփորձության պատճառով միջադեպից վախեցել և խառնվել է, այդ պատճառով էլ մասնագիտական կողմնորոշում չի ցուցաբերել, սակայն մի քանի տղամարդկանց հետ օգնել է վիրավոր երիտասարդին հիվանդանոց տեղափոխելուն:

«Ես կրկին հարց եմ ուզում ուղղել Ձեզ, այդ պահին դուք ինչո՞ւ որոշակի միջոցառումներ ձեռք չառաք, երբ Ձեր ներկայությամբ  հրազենով վիրավորված մարդու բերել են հիվանդանոց»,- հարցրեց դատավորը:

«Ես հետո եմ իմացել, որ վիրավորը հրազենի կրակոցի հետևանք է»,-պատասխանեց Գիշյանը: 

«Այդ դեպքում ինչու եք ներկաներին հարցրել. «Բաժին զանգահարե՞լ եք, թե՞ ոչ»:

«Արյուն էի տեսել, դրա համար եմ հարցրել»,- դատավորին պատասխանեց վկա Գիշյանը: 

Դատական նիստին այլ վկաներ չներկայացան:  Լսելով կողմերին` դատարանը  վճռեց դատարան չներկայացած վկաների համար կրկին  բերման որոշում կայացնել: Կամո Շահվերդյանի շահերի պաշտպան  Հովիկ Արսենյանը  դատարանից   պահանջեց  հաջորդ դատական նիստերին գործով ներգրավված  բոլոր  վկաների ներկայությունը դատարանում  ապահովել` ելնելով իր պաշտպանյալի առողջական վիճակից: 

Նիստի ավարտից հետո պաշտան Հովիկ Արսենյանը  «Հետքին» ասաց, որ հատկապես  Ալավերդիում կատարված վերջին սպանությունից հետո  վկաները  հրաժարվում են ներկայանալ դատարան: «Սա վկաների չպաշտպանված  զգալու և  վախի դրսևորում է»,- ասաց պաշտպանը: 

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին: 

Մեկնաբանություններ (4)

GOR
Shat apres Edgar jan,,,
MARIANA KIRAKOSSYAN
HARGELI ARMEN ASTVAC VEREVIC HETEVUMA BOLORIS ARARQNERIN____TOX IRENQ MTACEN,VOR AYRVELU EN DJOXQI KRAKNERUM
GOR
Armen jan, shat apres qo chisht tramabanakan toxerid hamar...
Armen
Isk datakan bjishkn inch e asum,,karox e mot taracuthjunic en spanel, karox e mutqi ancqi ezrer@ lav chen najel: isk virahatox bjishner@ ev datakan bjisk@ karox e irenc anglux tnoreni horexbortxaji tasibin kangnel en u verq@ sxal en nkaragrel: isk spanvaci koxqin qip-qip ov e exel shpotvac - kangnac?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter