HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Չսկսված և չավարտված պատերազմ»

«Նախանձեցեք նրանց, ովքեր կրում են հայրենիքն իրենց կրծքի վրա որպես քրքված փամփշտակալ, որպես մեռած ընկերների և  անմեռ դրոշների առաջ պատվի առնող ինքնաձիգ»:

1991-1993թթ.-ին «Երկիր» օրաթերթի գլխավոր խմաբագիր Աղվան Վարդանյանի կարծիքով՝ բանաստեղծ, Արցախյան պատերազմի մասնակից Արմեն Դավթյանի այս խոսքերն են բնութագրում Արցախյան պատերազմի ոգին, հայ զինվորի կերպարը, այն ժամանակի մթնոլորտը:

Ա. Վարդանյանի խոսքով՝ Արցախյան պատերազմի շրջանն «ուրիշ աշխարհ էր»: Թերթի նպատակն էր ամեն օր լուր հաղորդել Արցախից, պահել մարտական ոգին: Շուշին, երբ լուսադեմին ազատագրվեց,  «Երկիրը» միակ թերթն էր, որ առավոտյան այդ լուրը տարածեց: «Երկիր» օրաթերթի, ինչպես նաև «Հայ զինվոր» թերթի այդ տարիների թղթակից Վարդան Դևրիկյանի, արձակագաիր, ռեժիսոր Գրիգոր Բաբայանի, Հակոբ Սողոմոնյանի հրապարակումները Ա. Վարդանյանի խոսքերով՝ մթնոլորտ էին ստեղծում: Իսկ թերթը, որ լույս էր տեսնում ամեն օր 50-55 հազար տպաքանակով, միանգամից սպառվում էր:

Վարդան Դևրիկյանի խոսքով՝ Արցախյան պատերազմը այսօր մի կողմից թվում է՝ անցյալ է, մյուս կողմից` ներկա է. այն դեռ բաց վերք է: Այսօր շատ իրողություններ պայմանավորված են այդ պատերազմով:

Նա հիշում է, որ այն ժամանակ իր նյութերի մեծ մասը հապճեպ էին ու հրատապ, բայց դրանք անկեղծ էին. առաջին տպավորություններն ու զգացողություններն էին: Այսօր հետադարձ հայացք ձգելով անցյալի վրա, նա իրեն փոքր-ինչ մեղավոր է զգում. բաներ կար, որ չպետք է գրեր, և բաներ կար, որ պետք է գրեր: Դժվար ճանապարհ է անցել հայ ժողովուրդը, բայց արդյունքում ստեղծվեց Հայոց բանակը` ԶՈւ-ն:

2004թ.-ին՝ Արցախյան պատերազմի զինադադրի 10-ամյակի կապակցությամբ լույս է տեսել Վ. Դևրիկյանի գիրքը՝ «Չսկսված և չավարտաված պատերազմ»: Հեղինակը գիրքն այդպես է վերանգրել, որովհետև ի տարբերություն այլ պատերազմների՝ Արցախյան պատերազմը հստակ սկիզբ չունի և այսօր էլ դեռ չի ավարտվել: 

Ա. Վարդանյանի կարծիքով՝ այն ժամանակ կար գիտակցություն, որ պետք է շարունակել պայքարը, և թշնամություն չկար քաղաքական ուժերի և անհատների միջև: Նա կցանկանար, որ այսօր էլ հասարակությունը նույն ոգևորությամբ վերաբերվեր բանակին, սակայն հիմա այդպես չէ. խնդիրներ կան ոչ միայն բանակում, այլև հասարակության մեջ: Ա. Վարդանյանի խոսքով՝ հաճախ ռազմական փորձագետները փորձում են իրավիճակն արդարացնել՝ նշելով, որ բանակը հասարակության հայելին է: Սակայն նա համաձայն չէ դրան, որովհետև բանակն այլ օրենքներով է ապրում:

Վ. Դևրիկյանի խոսքով՝ հոբելյանական օրերը պետք է լինեն իմաստավորման, արժևորման օրեր: Հայ ժողովուրդը տարիներ շարունակ ստեղծել և կորցրել է իր արժեքների մի մասը, քանի որ բանակ չի ունեցել: Եթե բանակը կա, երկիրը պաշտպանված է, այն արժեքներ ստեղծելու երաշխիք է: Իսկ քննադատությունը, ըստ բանախոսի, միայն պետք է նպաստի հասարակության մեջ առողջ մթնոլորտի ձևավորմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter