HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցի տնօրենին չեն ընդունում

Երեկ` ժամը 10:30-ի սահմաններում, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը և նույն վարչության կրթության մասնագետ Կարինե Մելիքսեթյանը Աքորու միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվին ներկայացնելու նպատակով դպրոց են ուղեկցել 2011թ.-ի դեկտեմբերի 20-ին դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ տնօրեն ընտրված և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից օրերս տնօրեն նշանակված Անահիտ Մուսայելյանին:

Աքորիի դպրոցում արդեն 2 օր վերսկսված դասերը Անահիտ Մուսայելյանի հայտնվելուց հետո անմիջապես դադարեցվել են, ուսուցիչներն ու աշակերտները լքել են դպրոցի շենքը: Անահիտ Մուսայելյանը, այնուամենայնիվ, տնօրենի պաշտոնակատար Կիմիկ Պետրոսյանից ընդունել է դպրոցի կնիքն ու մյուս փաստաթղթերը:

Այսօր առավոտյան` ժամը 9-ին, ուսուցիչները կազմակերպված մտել են ուսուցչանոց, երբ ուսուցչանոց է մտել նաև Անահիտ Մուսայելյանը, նրանք ցուցադրաբար հեռացել են դպրոցից:

«Մի հեռացեք, ես էլ եմ խաբված, դուք էլ: Սպասեք, ես ուզում եմ ձեզ հետ խոսել»,- ուսուցիչների հետևից կանչել է մերժված տնօրենը, սակայն ուսուցիչները չեն պատասխանել նրա կանչին և հեռացել են:

Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավելի է` Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, գյուղապետ Կամո Սիմոնյանի կողմից տնօրենի, ըստ ուսուցիչների, ընտրությունների ընթացքում թույլ տված կեղծիքների պատճառով անօրինական է համարում Անահիտ Մուսայելյանի ընտրությունը:

Ուսուցիչները պահանջում են տնօրենի արդար ընտրություն: Մոտ մեկամսյա բողոքի ընթացքում դպրոցում ուսումնական պարապմունքներ չեն անցկացվել: Երեկ Աքորիի դպրոցում էր գտնվում ՀՀ կրթության պետական տեսչության հանձնաժողովը:

Հանձնաժողի նախագահ, տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը «Հետքին» հայտնեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2011թ.-ի դեկտեմբերի 28-ի N 561-Ա հրամանի համաձայն` ՀՀ կրթության պետական տեսչության կողմից Աքորիի դպրոցում կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ 2011թ.-ի դեկտեմբերի 20-ին դպրոցի տնօրենի ընտրության մրցույթն անց է կացվել ՀՀ կառավարության 2010թ.-ի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշման պահանջներին համապատասխան:

Այսինքն` ընտրությունը, ըստ կրթության պետական տեսչության, անցել է օրինական:

Ասենք, որ դպրոցի կառավարման խորհրդում Անահիտ Մուսայելյանին դեմ 4 անդամները և ուսուցիչները որպես անօրինականության փաստարկներ մատնանշում են Կամո Սիմոնյանի կողմից իր տեղակալի, կնոջ և ենթակայության տակ աշխատող մանկապարտեզի տնտեսվարի հետ թիմով կառավարման խորհուրդ կազմելու հանգամանքը, տնօրենի ընտրությունից հետո քվեաթերթիկները իր գրպանում տանելը եւ այլն: Այս փաստարկները չեն ընդունվել կրթության պետական տեսչության հանձնաժողովի կողմից: Վերջիններս ուսուցիչներին համոզում են, որ տեղակալով, կնոջով և մանկապարտեզի տնտեսվարով գյուղապետ Կամո Սիմոնյանի կողմից կառավարման խորհուդ կազմելը օրենքի որևէ կետով չի արգելվում:

Ըստ նրանց` օրենքը չի արգելում նաև Կամո Սիմոնյանի կողմից կասկածելի քվեաթերթիկը քվեարկության չդնելը, քվեաթերթիկները գրպանում դնելն ու հանձնաժողովից հեռանալը, հետագայում կասկածելի քվեաթերթիկը փոխելը:

Այս փաստարկները մի կողմ դնելուց հետո է կրթության պետական տեսչության հանձնաժողովը Աքորիի միջնակարգ դպրոցի տնօրենի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ընտրությունը ճանաչել օրինական: Սամսոն Սահակյանը «Հետքին» տեղեկացրեց, որ կրթության պետական տեսչության հանձնաժողովը այս անգամ էլ ուսումնասիրում է դպրոցի կառավարման խորհրդի ձևավորման հետ կապված ԱԺ «Ժառանգություն» խմբակության պատգամավոր Անահիտ Բախշյանի գրությունը և տնօրենի թեկնածու Արմեն Նիազյանի դիմումը:

Պատգամավոր Անահիտ Բախշյանը ՀՀ կրթության պետական տեսչությունից խնդրել է տեղեկատվություն, թե ինչ սկզբունքներով են ընտրվել Աքորիի դպրոցի կառավարման խորհուրդում մանկավարժական խորհրդի և ծնողական կոմիտեների անդամները: Ուսումնասիրությանը ներկա էր Անահիտ Մուսայելյանը և խորհրդում նրան դեմ քվեարկած խորհրդի անդամները:

«Ինչու մինչև դպրոցի կնիքը ընդունելը չներկայացաք դպրոցի կոլեկտիվին»,- նրան հարցրեց խորհրդի քարտուղար Սեդա Թոմոյանը:

«Հանձնում-ընդունումից հետո են ներկայանում կոլեկտիվին: Ես այսքան ժամանակ լռում եմ տիկին Թոմոյան, բայց …. »,- եղավ պատասխանը:

«Բարևն էլ են հանձնում-ընդունումից հետո տալիս»,- Մուսայելյանին ընդհատեց Սեդա Թոմոյանը: «Էդ բարևը մի շահարկեք, հա, ես բարևի մեկնաբանությունն ունեմ: Ես գիտեմ, որ Դուք հավատացյալ կին եք, ավելորդ ոչինչ չեմ ասում: Դուք անհարմար չեք զգում, երբ ես այցելել եմ Ձեզ, ասել եմ, որ Ձեզ այնպիսի լավություն կանեմ, որ Դուք երկար կաշխատեք: Դուք չե՞ք ամաչում, որ տեղական հեռուստատեսության եթերում ասում եք, որ ես Ձեզ փող եմ առաջարկել»,- ասած դպրոցի տնօրենը:

«Դուք ինձ չե՞ք ասել, ես Ձեզ մեծ գումար կտամ»,- նրան հարցրեց Սեդա Թոմոյանը:

«Ոչ, ոչ, միանշանակ ոչ: Միանշանակ: Եթե դուք լավություն անելը հասկանում եք միայն փողի տեսքով պատիվ անել, դա Ձեր խնդիրն է: Այսինքն` ամեն մարդ, ով ուզում է Ձեզ լավություն անի, պետք ա փող առաջարկի, հա՞, տիկին Թոմոյան: Ես չեմ հրաժարվում, չեմ հրաժարվում, ուղղակի ամոթ է»:

Պարզ է մի բան, Աքորիի միջնակարգ դպրոցում Անահիտ Մուսայելյանի տնօրեն աշխատելու դեպքում դպրոցում կրքերը չեն հանդարտվելու: 

Մեկնաբանություններ (2)

Լավատես
Կեցցես, Անահիտ, այդպես էլ շարունակիր, քեզ դեռ շատ-շատ բարձր աթոռներ են սպասում: Բա ոնց:Ուռա...........
Գայանե
Եւ ով է ամոթից խոսում..ով է ում ամոթանք տալիս...դուէ էս ցինիկին տեսեք...չէ, մենք ձեզ հետ միասին իզուր ենք թերագնահատել հազվագյուտ լկտիությամբ ու պնդերեսությամբ օժտված էս տիկնոջն, ընկերներ: Մարդը գիշերով խցկվում է Թոմոյանի տուն` իր մանկության ընկերուհու հետ միասին, նրան կաշառք առաջարկում, ի պատասխան ասում են` ես իմ ձայնը չեմ վաճառում, եւ հիմա հանկարծ պարզվում է` լավություն է կամեցել անել տիկինը: Իսկ ինչու միանգամից չի բացատրել, թե լավություն ասելով` ինչ է հասկացել? Կամ` ինչ է նշանակում երկար աշխատել? Ով է էդ ոչնչությունը? Թոմոյանը տասնվեց տարեկանից դպրոցում է, նրա հայտնվելով պիտի աշխատի կամ չաշխատի? Ահավոր է ուղղակի: Տեսնես` դա ինքն իրեն հայելու մեջ նայում է?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter