HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Պաշտպանի հաստատությունը իշխանություններին պարտադրված էր»

Հարցազրույց Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ 

- Ձեզ լավ ճանաչելով հանդերձ` hասարակությունը բացասական արձագանքեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ձեր նշանակմանը` ղարաբաղցի լինելու հանգամանքը նկատի ունենալով: Միաժամանակ, բոլորը մտածում էին, որ սա այն ընտրությունն է, որը պետք է գործի: Այս դեպքում, սակայն, իրադարձություններն անսպասելի ընթացք ունեցան: Ո՞րն էր պատճառը: 

- Անսպասելի բոլորի համար, բացի այն մարդկանցից, ովքեր ինձ ճանաչում են հենց Ղարաբաղյան շարժումից: Հասարակության համար ես անհայտ անձ չէի, բայց իմ ծագումն ընդունեցին որպես թերություն: Այնինչ, 15 տարիների իմ իրավապաշտպան գործունեությունը նկատի ունենալով, ինչպիսին անհայտ կորածների որոնումն էր, պատանդների ու գերիների վերադարձը, կարծես այդպես չպետք է լիներ: Ես այդ մոտեցումը ճիշտ չեմ համարում, սխալ է, որ հասարակությունը, այնուամենայնիվ, կրում է այդ սինդրոմը: Պաշտպանը, եթե նույնիսկ Երեւանի ինչ-որ թաղամասից լիներ, ամեն դեպքում սինդրոմը կգտնեին: Այստեղ մի ուրիշ հանգամանք էլ կա. միշտ չէ, որ արմատներով ղարաբաղցիների նշանակումը ապացուցում է հասարակությանը, որ իրենք գալիս են հասարակական շահը պաշտպանելու, ոչ թե խմբակայինը: Այս առումով ես շատ սառնասիրտ եմ եղել, համարում եմ, որ սա այն իրավիճակն է, որի մեջ մենք ենք: Շատերն էին ինձ շնորհավորում եւ ասում, թե հուսադրվում են, որ իշխանությունը վերջապես ճիշտ ընտրություն է կատարել՝ այս ոլորտն ինձ վստահելով:

- Ձեր կարծիքով` Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնումը իշխանություններին պարտադրվա՞ծ քայլ էր, թե՞ նրանք որոշել էին, ի վերջո, ուշադրության արժանացնել երկրի քաղաքացիներին: 

- Հակված եմ կարծելու, որ այդ հաստատությունը ավելի շատ պարտադրված էր, քան իշխանության ներքին մղումով հիմնվեց: Հասարակությունն այդ հարցում ավելի պահանջատեր էր: Հիշեցնեմ, որ Եվրոպայի խորհրդի դրդմամբ, դեռեւս սահմանադրական փոփոխությունները չկատարված, պարտադրվեց օր առաջ ընդունել պաշտպանի մասին օրենքը: Իմ կողմից շատ հարգված մի շարք կազմակերպություններ այդ օրերին հանդես եկան հայտարարությամբ, թե Հայաստանը պատրաստ չէ դրան, եւ ցանկացած Պաշտպան այդ պաշտոնում խիստ ձեւական կլինի: Բացի այդ, քանի դեռ Հայաստանում չկա կայացած դատական իշխանություն, անհնարին կլինի այդ հաստատության ռեալ կայացումը: Վերջին զարգացումները մասամբ գալիս են ասելու, որ պրակտիկ գործունեության մեջ հենց այդ երկու խոչընդոտները բերեցին այս ոչ դրական վիճակին: Ստանձնելով այդ պաշտոնը` ես համակված էի մի շատ վեհ գաղափարով, որ առանց մարդու իրավունքների եւ օրինականության պաշտպանության հնարավոր չէ Հայաստանի զարգացումը: Երկրորդ՝ ես դա ընկալում էի իբրեւ Արցախյան շարժման շարունակություն: Եթե այն ժամանակ վտանգը դրսից էր եւ պետք էր դրսին դիմակայել, ապա հիմա դա մեր մեջ է: Կարծում եմ, որ եթե նույն ոգեւորությամբ ու նույն բարեխղճությամբ, ինչպես ես եմ արել, այդ հաստատության իրական կայացման ճանապարհը բռներ մեկ ուրիշը, նույն վերաբերմունքին կարժանանար: Այդ պատճառով էլ համաձայն չեմ, որ սա անձնավորված մոտեցում էր: Դա անձի հետ չի կապված, այլ այդ անձի գործունեության, նպատակների ու կարգախոսների հետ: 

- Հասարակությունը Ձեր հրաժարականն ակնկալում էր այն ժամանակ, երբ կառավարության նիստին ՀՀ նախագահը Ձեզ զրկեց ձայնի իրավունքից: Շատերը կարծում էին, որ դա հենց այն պահն էր, երբ պետք էր դիրքորոշում ցուցաբերել, եւ դա ավելի կնպաստեր Ձեր հեղինակությանը: Երբեւէ եղե՞լ է այնպիսի իրավիճակ, որ մտածեիք հրաժարականի մասին: 

- Դա տարածված կլիշե է, մինչ օրս էլ գտնում եմ, որ իմ վարմունքը ճիշտ էր: Այդ օրերին մի շատ տգեղ ալիք սկսվեց, որը, կարծես թե, պետք է ստիպեր ինձ հրաժարական տալ: Չեմ ուզում լեզվակռվի մեջ ապացուցել իմ ճշմարիտ լինելը: Կարծում եմ` իմ շարունակական աշխատանքով եւ սառնասիրտ մոտեցմամբ եմ ապացուցել, որ իմ տեղում եմ: Միայն այդ ձեւով կարող եմ ընդգծել, որ օրենքը մի բան Է ասում, իսկ երկրի նախագահին, ցավոք, այլ մեկնաբանություն են տվել: Այդ ժամանակվա անցկացրած սոցիոլոգիական վարկանիշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն հարցին, թե ում կդիմեք ձեր իրավունքների ոտնահարման դեպքում, 33%-ը պատասխանել է «ոչ ոքի», իսկ 25%-ից ավելին պատասխանել է` «Մարդու իրավունքների պաշտպանին»: Այնպես որ, դա հակառակ ուղղությամբ աշխատեց: 

- Երկրի առաջին դեմքի հրապարակավ արտահայտված անբարյացակամ վերաբերմունքը կառավարությանը, պաշտոնական այն շրջանակներին, որոնց հետ Դուք պետք է լուծեիք մարդկանց իրավունքների պաշտպանության խնդիրները, առիթ չտվե՞ց անտեսելու Ձեզ: 

- Հակառակը, պաշտոնյաները դրանից հետո շատ ավելի մեծ հարգանքով էին ինձ վերաբերվում: Բոլորովին այլ է, երբ որոշում ընդունելը կախված էր ավելի բարձր մակարդակից, այո՛, այդ դեպքերում ազդանշանը տրված էր: Լինելով տղամարդկային մշակույթի կրող` Հայաստանն իր մեջ կրում է նաեւ այլ բան: Շատերն էին հաճախ արտահայտվում, որ կանեին, բայց կա այլ թելադրանք: Դրա համար եմ ասում, որ դա իմ անձին չի վերաբերում, այլ վարքագծին: 

- Կին լինելու հանգամանքը խոչընդոտո՞ւմ էր իշխանությունների հետ Ձեր փոխըմբռնմանը: 

- Իշխանության ներկայացուցիչները եւս մեծի մասամբ ոչ պաշտոնական շփումների ընթացքում է, որ հասնում են կա՛մ փոխհամաձայնության, կա՛մ հարցեր են լուծում: Անշուշտ, կանանց փոքրաթիվ լինելն այդ դաշտում, ամենաազդեցիկ պաշտոններ չգրավելը ստեղծում է այդ վիճակը, եւ ես այդ հարցում բացառություն չեմ: Հաճախ, երբ ինչ-որ հարցով հանդիպում էի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, տեսնում էի, որ այդ հարցը վաղուց նրան ներկայացվել է, ընդ որում` խեղաթյուրված, եւ այդ պաշտոնյան արդեն լիովին համոզվել է, որ առաջին տեղեկատվությունն է ճիշտ: Դա մեծ խնդիր է, եւ կանանց դերը գործադիր, թե այլ իշխանության թեւում նշանակալից կլինի այն ժամանակ, երբ նրանց թիվը բարձր պաշտոններում ավելի մեծ կլինի: 

- Երբ ստանձնում էիք Պաշտպանի պաշտոնը, հե՞շտ էիք պատկերացնում Ձեր աշխատանքը: 

- Գիտեի, որ, այնուամենայնիվ, դժվարություններ կլինեն, բայց ոչ այն տեսակի, որոնց հանդիպեցի: Գոնե այն պատճառով, որ իմ նշանակումը եղել է Հանրապետական կուսակցության, Հանրապետական խմբակցության նախաձեռնությամբ, պատգամավորների 3/5-րդ-ի եւ երկրի նախագահի համաձայնությամբ: Շատ դժվար էր պատկերացնել, որ այդ համաձայնությունները կրում են ոչ խորքային բնույթ, այլ ուղղակի կհարմարվեն այն քաղաքական պատվերին, որը կտան հենց այդ խմբերը: Ահա թե ինչու դժվարությունները ես չէի պատկերացնում հենց այդ կողմից, հենց այդ չափով եւ այդ ձեւերով: 

- Հատկապես ո՞ր հարցում էր, որ անցանկալի էիք իշխանությունների համար, կամ Ձեր բարձրացրած ո՞ր հարցն էր, որ անհաճո էր իշխանություններին: 

- Երկուսն էլ կար: Հարցերից մեկը դատական իշխանություն-Պաշտպան փոխհարաբերությանն էր վերաբերում, որն առաջին հերթին շատ ցավագին ընդունեց իրեն դատական իշխանության պատասխանատու զգացող արդարադատության նախարարությունը: Ամիսներ առաջ, երբ Էստոնիայի Օմբուդսմենը եկել էր Հայաստան եւ նրան ներկայացվեց, որ բնակչության 15%-ն է վստահում դատարաններին, նա ասաց` իսկ ձեր ինչի՞ն են պետք այդ դատարանները: Երբ 8 ամիս պաշտոնավարելուց հետո գնացել էի ՀՀ նախագահի մոտ ներկայացնելու դատարանների նկատմամբ անվստահության խորքային պատճառները հենց այդ անվստահության մթնոլորտը փարատելու, ինչ-որ չափով դատարանների նկատմամբ վստահությունը վերականգնելու համար, տեսա, որ դա բոլորովին չի համապատասխանում երկրի նախագահի մոտեցումներին: Նա հարցի մասին այլ պատկերացում ունի՝ Պաշտպանը գերազանցում է իր լիազորությունները: Դրա արդյունքում Սահմանադրական դատարանի տարօրինակ որոշմամբ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքից հանվեց մի պարբերություն կամ պարբերության մի մասը: 

Բոլոր դեպքերը, որոնց մենք միջամտել ենք, եղել են առանձնահատուկ, հասարակական հնչեղություն ունեցող: Իմ համոզմունքն այն է, որ Հայաստանը որակյալ դատավորներ ունի, եւ նրանց մեղքով չէ, որ դատական իշխանությունն այսօր չի վայելում հասարակության վստահությունը: Ահա այստեղ է, որ մենք համակարգային ասելով պատճառն էինք վեր հանել՝ դատական համակարգի լիովին կախվածությունը գործադիրից եւ վերջինիս կողմից այն ի չարը գործադրելը: 

- Եղե՞լ է այնպիսի խնդիր, որ Ձեզ վարչա-հրամայական մեթոդներով ասեն` չպետք է խոսվի այդ մասին: 

- Ես ձգտում էի ներկայացուցիչներ ունենալ մարզերում եւ երբ առարկության հանդիպեցի վերեւներում, կարծում էի, թե ֆինանսական խնդիրներն են պատճառը: Սակայն, երբ իմ աշխատակիցների հետ սկսեցի այցելել մարզեր, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ինձ ասաց` ինչո՞ւ ես գնում, մի՛ գնա: Ես շարունակեցի իմ գործունեությունը՝ զարմանալով այդ գավառական ըմբռնումների վրա: 

- Սպասո՞ւմ էիք Ձեր պաշտոնավարման նման վախճանի, եւ ի՞նչ նախադրյալներ կային դրա համար: 

- Սպասում էի, որ երկրի նախագահը կընտրի այս ճանապարհը: Բավական է ասեմ, որ Պաշտպանից խռովելն ինքնին հարիր չէ բարձր պաշտոնատար անձին: 2004թ.-ի դեկտեմբերին շատ կոնկրետ՝ ցմահների հարցով ընդունելության համար բանավոր եւ գրավոր ձեւով հանդիպում եմ խնդրել ՀՀ նախագահից: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2005թ.-ի նոյեմբերին` ընդունելություններից մեկի ժամանակ, սակայն այդ պատվին չարժանացա: Պետություններում ընդունված է, որ երկրի նախագահն իր նախաձեռնությամբ մեկ անգամ հանդիպի Պաշտպանի հետ` տեղեկանալու, թե ինչպես են ընթանում գործերն այդ կարեւորագույն ոլորտում: Դա ինքնին խոսուն է, եւ ես հասկանում էի, որ այս ճանապարհն ընտրած ղեկավարը նոր Սահմանադրությունը կօգտագործի ոչ թե առաջին հերթին մարդու իրավունքները պաշտպանելու համար, այլ նրան կտրամադրեն անհեթեթ, անօրինական փաստարկներ` ապացուցելու համար, որ սա է միակ ճանապարհը, որով կարող է հեռացնել այն անձին, որն իր հրամանագրով է նշանակված եղել: Այո, ես ասել եմ, որ սպասվում է այսպիսի կամայական լուծում: 

- Ի՞նչ հաջողվեց Ձեզ մոտ երկու տարվա գործունեության ընթացքում

- Հաջողվեց ապացուցել, որ Հայաստանում հասարակությունը եւ մինչեւ իսկ իշխանավորների բավականին մեծ թիվը պատրաստ է դրական փոփոխությունների: Ցավոք, վերնախավի քաղաքական կամքի բացակայությունը, բոլորովին խեղաթյուրված պատկերացումներն իրավական, սոցիալական եւ ժողովրդավարական պետության կայացման մասին խոչընդոտում են Հայաստանի առաջընթացին: Էստոնիայի օրինակը բերեմ, որը վերցրեց բոլորովին այլ ուղղություն եւ վարկանիշային ցուցանիշներով սկսել է բարձրանալ: Մենք, սկսելով նույն տեղից, իջնում ենք: Այն թեզը, թե մենք ունենք երկնիշ տնտեսական աճ, որեւէ մեկին չի կարող մոլորության մեջ դնել: 

Հայաստանի ՄԻՊ-ի հաստատությունը այս կարճ ժամանակում ճանաչվել է որպես ռեալ կայացող մի հաստատություն, եւ այդ առումով Հայաստանի իմիջը մենք բարձրացրել ենք: ՄԱԿ-ում Օմբուդսմենների ինստիտուտը համակարգող կոմիտեն, որում 130 ՄԻՊ ունեցող պետություններից ընդգրկվել են 50-ը, առաջին զեկույցը ներկայացնելուց հետո առաջարկեց ներկայացնել մեր փաստաթղթերը կոմիտեում ընդգրկվելու համար: Հունվարի 4-ին գործադիր տնօրենը նամակով հայտնել է, որ արդեն հետազոտվել են մեր փաստաթղթերը, որոնցով հավաստիացրել էինք, թե մեր հաստատությունը դժվարին, բայց ռեալ կայացման ճանապարհին է, եւ Սահմանադրության փոփոխությունից հետո շտկվելու են օրենսդրական թերությունները: Ահա սրա հիման վրա ՄԱԿ-ում Օմբուդսմենների ինստիտուտը համակարգող կոմիտեն ապրիլին քննարկելու է մեզ ընդգրկելու հարցը: 

Հաջորդ ձեռքբերումն այն է, որ անցյալ տարվա վերջին ՄԱԿ-ի կազմակերպած կլոր սեղանի ժամանակ, որին հրավիրված էին նոր հիմնված հաստատությունները, ՄԻՊ-երին տրամադրվեց մի ձեռնարկ, որն ուսուցանում էր, թե ինչպես արդյունավետ աշխատել պետական մարմինների հետ եւ խտրականության դեպքերի դրսեւորումների ժամանակ: Ձեռնարկում բերված 12 օրինակներից 9-ը վերցվել էին Հայաստանի Պաշտպանի 2004թ.-ի տարեկան զեկույցից: Ես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը իմ կյանքի կարեւորագույն մասն եմ համարում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter