Մարզպետների մասնակցությամբ անցկացվել է հերթական խորհրդակցությունը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ քննարկվեցին հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: Նշվեց, որ պարարտանյութի փոխադրման եւ պատվիրված խմբաքանակը համայնքներ հասցնելու գործընթացն իրականացվելու է կազմակերպված` կառավարության ջանքերով եւ համապատասխան մարզպետի աջակցությամբ, իսկ համայնքապետերն արդեն տեղեկացված են, որ տեղերում պետք է կազմակերպեն բեռնաթափման, բաշխման աշխատանքները:
Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել գործընթացը` մեկ անգամ եւս հիշեցնելով, որ պարարտանյութի յուրաքանչյուր պարկի դիմաց պետք է գանձվի 6000 դրամ եւ ոչ ավելի:
Անդրադարձ եղավ նաեւ սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին տրամադրված սերմացուի վերադարձելիության գործընթացին:
Մարզպետներին ներկայացվեց անցած տարվա համեմատ 2012թ. համայնքների բյուջեների պլանային ցուցանիշների վերլուծությունը: Փոխվարչապետը նկատեց, որ ցուցանիշների նվազեցման պարագայում պետք է ներկայացվեն համապատասխան հիմնավորումներ:
Տեղեկացվեց նաեւ, որ մարզպետարաններում նախատեսվում է ներդնել կենտրոնական գանձապետական համակարգի «գործառնական օր» ծրագիրը: Այն արդեն գործում է նախարարությունում, որի միջոցով հնարավոր է օրական կտրվածքով հետեւել համայնքների եկամուտների հավաքագրմանը:
Բացի այդ, համայնքների հարկային բազաների կառավարման արդյունավետության նպատակով աշխատանքներ են իրականացվում գույքահարկի եւ հողի հարկի ավտոմատացված համակարգը հանրապետության ողջ տարածքում կիրառելի դարձնելու համար: Համակարգն արդեն ներդրվել եւ հաջողությամբ գործում է համայնքային որոշ միություններում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք այլ հարցեր եւս:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել