HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Էդիկ Անդրեասյանը հակընդդեմ հայց է ներկայացնում Հայկ Բաբուխանյանի դեմ

Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցով դատաքննությունն ընդդեմ վերլուծաբան Էդիկ Անդրեասյանի և report.am կայքի խմբագիր Աբել Միքայելյանի:

Այսօրվա նիստին հայցվորի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը դատարանին կրկին ներկայացրեց իր պաշտպանյալի պահանջը. Հայկ Բաբուխանյանը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին նույն լրատվական միջոցով հրապարակային ներողություն խնդրել իրենից, ամբողջությամբ հրապարակել դատարանի վճիռը հայցի բավարարման կամ մասնակի բավարարման դեպքում, ինչպես նաև վճարել 1 մլն դրամ փոխհատուցում հասցրած վիրավորանքի համար: Հայցվորը նաև հայտարարեց, որ ավելացմում է նաև իր պահանջի չորրորդ կետը, այն է՝ Էդիկ Անդրեասյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի Հայկ Բաբուխանյանից հայցադիմումին ներկայացված պատասխանում առկա վիրավորական արտահայտության համար:

Պատասխանողի ներկայացուցիչ Լուսինե Բակումյանը հետաքրքրվեց, թե ինչ է կարծում հայցվորը պատասխանողի ուղարկած հաշտության համաձայնության տեքստի մասին:

Սակայն Վ.Հովհաննիսյանը տեղեկացրեց կողմին, որ նա որևիցե պատասխան չի կարող տալ, քանի որ իր վստահորդը դեռևս իր դիրքորոշումը չի հայտնել այդ կապակցությամբ: Այնուամենայնիվ, կողմը սա դիտարկեց որպես հաշտության առաջարկի մերժում:

Է.Անդրեասյանը հայցապահանջի չորրորդ կետի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց' նշելով, որ իր պատասխանում գրվածը ոչ հրապարակային բնույթի է, քանի որ դրա մասին տեյակ է ինքը, դատարանը, Հայկ Բաբուխանյանը և նրա ներկայացուցիչը, ուրեմն ինչու է հայցվորը այն հրապարակային դարձնում:

Վ.Հովհաննիսյանը պատասխանեց, որ դատարան ներկայացնելն արդեն իսկ հրապարակում է, եթե մեկ անձ մյուսին ասեր, ապա դա ուրիշ է, իսկ սա արդեն հրաարակային արված հայտարարություն է:

Լ.Բակումյանի այն հարցին, թե արդյոք հայցվորը չի՞ կարծում, որ այն հայցադիմումը, որը նա ներկայացրել է դատարան՝ փակագծերում նշելով, որ պատասխանողների հայրանունները հայտնի չեն, նույնպես վիրավորական է: Ըստ Վ.Հովհաննիսյանի՝ վիրավորական չէ:

Լ.Բակումյանը դատարանին ներկայացրեց հայցադիմումի պատասխանը, որում ասվում էր, որ պատասխանողը հերքում է հայցադիմումի պահանջները, քանի որ պատասխանողը կարծում է, որ չի վիրավորել հայցվորին: Ըստ պատասխանողի՝ հրապարակվել է բացասական կարծիք, բայց դա չի նշանակում, որ բացասական կարծիքը պետք է լինի վիրավորական:
Հայցվորի այն հարցին, որ եթե մի անձ մեկ այլ անձի ասում է շուն, ուրեմն դա վիրավորանք չէ՞, Լ.Բակումյանը պատասխանեց, որ եթե դա ասելու համար նա հիմքեր է ունեցել, ուրեմն վիրավորական չէ: Աբել Միքայելյանը պատասխանեց, որ նա ասել է «շները քեզ ընկեր» այլ ոչ թե շուն:

Հիշեցնենք, որ տվյալ արտահայտությունն արվել էր հետևյալ նախադասության մեջ. «...Գայանե Զարգարյանը, հավանաբար նկատի ունենալով մեր կայքէջի հիմնադիր և «Խմբագիր» հաղորդաշարի ղեկավար Աբել Միքայելյանին, գրում է «ընկեր Աբել»: Այստեղ ևս ակնհայտ սխալ կա. Աբել Միքայելյանը Դաշնակցության անդամ չէ, հետևաբար ճիշտ չէ նրան «ընկեր»-ով դիմելը, իսկ այլապես նա խնդրեց այս հետգրության մեջ ավելացնել ժողովրդական հայտնի խոսքը' «շները քեզ ընկեր», բայց ուղղված անշուշտ ոչ կնոջը, այլ նրա պատվիրատուին»:

Է.Անդրեասյանը նշեց, որ իրենք դա որպես վիրավորանք չեն դիտում, այլ ընկալում են որպես հայրական պատասխան:
Այնուհետև հայցվորը մեջբերեց ՀՀ քաղ. օրենսգրքի 1087.1 հոդվածը, համաձայն որի՝ եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:
Ըստ հայցվորի՝ այս դեպքում report.am կայքում հրապարակվել են հայցվորին վիրավորող տեղեկություններ, որոնց համար էլ պատասխանատվությունը պետք է կրի պատասխանողը:

Սակայն պատասխանողն առարկեց՝ պատճառաբանելով, որ ինտերնետային կայքով արտահայտված կարծիքների մտքերի համար ԶԼՄ-ն պատասխանատվություն չի կրում, քանի որ վերջինս չի կարող սահմնափակել այլ անձանց կողմից հրապարակային կարծիք արտահայտելու իրավունքը:

Հայցվորի այն պնդմանը, որ դրանք հրապարակվել են report.am-ի կայքում, պատասխանողը պատասխանեց, որ այդ արտահայտությունները հրապարակվել են արձագանքների բաժնում: Ըստ Ա.Միքայելյանի՝ կայքը հրապարակել է ուրիշի հայտնած կարծիքը, այլ ոչ թե կայքի կարծիքը, որոնք այս պահին ջնջված են:

Վ.Հովհաննիսյանը պնդեց իր դիրքորոշումն առ այն, որ միևնույն է կայքը հրապարակել է այդ կարծիքը, իսկ ջնջելու հետ կապված ավելացրեց, որ դեռ շուտ, անմիջապես պետք է ջնջեին: Պատասխանողները մնացին այն դիրքորոշմանը, որ իրենք հայցվորին չեն վիրավել:

Մեկ րոպե ընդմիջում խնդրելուց հետո պատասխանող Է.Անդրեասյանը դատարանին հայտնեց, որ ցանկանում է միջնորդություն անել, այն է՝ սույն գործով հակընդդեմ հայց հարուցել հայցվորի դեմ, քանի որ կարծում է, որ իրեն վիրավորել են, ինչպես նաև ցանկանում է ապացուցել, որ հայցվորը հայերենին շատ վատ է տիրապետում: Ա.Միքայելյանը հայտնեց, որ չի ցանկանում հակընդդեմ հայց ներկայացնել ոչ թե նրա համար, որ չի վիրավորվել հայցվորից, այլ նրա համար, որ կարծում է, որ լրագրողների միջև ծագած վեճերը չպետք է հասնեն դատարան:

Չնայած հայցվորի առարկությանը՝ դատավոր Ա.Մելքումյանը բավարարեց միջնորդությունը և կողմին տրամադրեց մեկ շաբաթ ժամանակ՝ հայց ներկայացնելու համար՝ հերթական նիստի օր նշանակելով փետրվարի 3-ը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter