HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսահայ նկարիչ Ժան Խաչի աշխատանքների ցուցահանդեսը` հեղինակի մահվան տարելիցի կապակցությամբ

Հարուստ և աննկարագրելի երևակայությամբ, գունային անկրկնելի համադրությամբ, բովանդակային խոր ներթափանցումով ստեղծված շուրջ վեց տասնյակ յուղաներկ, մատիտանկար, նաև քանդակագործական աշխատանքներ հունվարի 27-ին հյուրընկալվել էին Թբիլիսիի Հայ արվեստի տան Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերի ներսում: Թբիլիսահայ տաղանդավոր գեղանկարիչ Ժան Խաչի (Վարուժան Խաչատուրովի) ետմահու անհատական ցուցահանդեսը, որ կազմակերպել էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» մշակույթի կենտրոնը և Վրաստանի հայ նկարիչների միությունը, նվիրված էր հեղինակի մահվան տարելիցին:

Յուղաներկ ու մատիտանկար, քանդակագործական ու դիզայներական ոճի տարբեր կտավներով հառնեց Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության առջև տաղանդաշատ Ժան Խաչ արվեստագետը՝ ներկայանալով որպես կյանքի Աստվածային սկզբի գաղափարախոս, որ ունի միայն և միայն մեկ բովանդակություն՝ սիրո վեհությունը՝ հավատքի զորության, բարու և լույսի անմահության հետ միասին:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էին գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վահագն Աֆյանը, հասարակական գործիչներ Ալեքսանդր Ութմազյանը, Նելսոն Պետրոսյանը, Ռաֆայել Աղաջանյանը, Ժան Խաչի հարազատները, թբիլիսյան արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլոք: Ելույթ ունեցողները՝ արվեստաբան Էդուարդ Մեսրոպյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, նկարիչ Ջովանի Վեփխվաձեն, նկարչի եղբոր թոռ Լևոն Խաչատուրովը և մյուսները, մեծ նկարչի կենսափիլիսոփայության հավատամք անվանեցին արդարությունը և պայքարը հանուն արդարության: Ըստ նրանց՝ Ժան Խաչ նկարչի երազանքը միայն ստեղծագործելն էր, քանզի արարելը դա երկունք է ու հոգեվարք, որից միշտ էլ ծնվում են իսկական բարձրարժեք գործեր' դառնալով կերտողի հոգեզավակը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, խոսելով Ժան Խաչի մասին, նրան կոչեց Աստվածային մեծ սիրով բարու և լույսի ջատագով, որը կնոջը պատկերում էր որպես գեղեցկության ստեղծարար աղբյուր, որպես աշխարհի սնուցող: Խորհուրդն ու խորհրդանիշը Ժան Խաչի համար միշտ էլ եղել են առաջնային, դառնալով կամուրջ մարմնական կյանքի և Աստվածային հավերժության միջև:

«Ժան Խաչ նկարիչը, ներկապնակի վրա արտահայտվելու ուրույն կառուցվածքով ու կոմպոզիցիայով հանդերձ, յուրահատուկ էր նաև իր փիլիսոփայությամբ, իր աշխարհընկալմամբ, իր գաղափարախոսությամբ: Այդ բազմակողմանի զարգացած մարդը, որը ամեն ինչի նկատմամբ ուներ իր տեսակետն ու մոտեցումը, ստեղծում էր իր խորհրդանիշը, որը հասկանալու համար նախ և առաջ պետք էր հասկանալ Ժան Խաչ մեծատառով Մարդուն», -հավելեց Սրբազան Հայրը:

Ընդամենը վեց տասնամյակ ապրած նկարիչն իր ստեղծագործական աշխարհի անկրկնելիությամբ, մտքի խորությամբ, փիլիսոփայական գաղափարներով հայտնի էր սոսկ իր մտերիմների, ծանոթ-բարեկամների շրջապատում, քանզի իր հարուստ ստեղծագործական աշխարհով հասարակությանը ներկայացել էր լոկ մեկ անհատական ցուցահանդեսով, այն էլ իր շնորհաշատ վրձնով կերտած սոսկ 20 աշխատանքով: Ուստի եզակի էր առիթը՝ մոտիկից տեսնելու և հիանալու, նաև զարմանալու, նաև ոգեկոչելու նկարչի անզուգական մեծությունն ու տաղանդը: Ու եկել էին նրա արվեստի երկրպագուները, նրան ճանաչողներն ու չճանաչողները, եկել էին իրենց հարգանքն ու խոնարհումը բերելու վաղամեռիկ նկարչի մեծության առջև: Եվ զարմանալի չէ, որ ցուցահանդեսի առաջին օրը վերածվեց իսկական անշլագի: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունվարի 30 -ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter